Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

15:38 • 09.10.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցության շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Կրեմլից:

«Քննարկենք իրավիճակը, որը զարգանում է մեր սահմանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,-ասել է Պուտինը խորհրդակցության սկզբում:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00)՝ Մոսկվայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*