Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել զսպվածություն դրսևորել ԼՂ հարցում. թուրք սյունակագիր

Թուրքական «Սյոզջու» թերթի սյունակագիր Ջան Աթաքլըն անդրադարձել է օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:

Աթաքլըն գրում է, որ ըստ իր ստացած տեղեկությունների՝ հանդիպման ընթացքում Պուտինը 7 նախապայման է առաջադրել Էրդողանին, որոնք էլ ներկայացրել է իր հոդվածում:

«Մի որոշ ժամանակ առաջ հրավիրված էի մտերիմ բարեկամներիցս մեկի տուն, որտեղ կար նաև ռուս մի հյուր: Սակայն այս անձնավորությունը շարքային ռուս չէր: Կրեմլ ազատ ելումուտ ունեցող, Պուտինի խորհրդականներից մեկն էր:

Խոսակցության ընթացքում բացահայտեց Պուտին-Էրդողան հանդիպման՝ վարագույրի հետևում եղածները: Ըստ իր ասածների՝ Պուտինն այս հանդիպման ժամանակ Էրդողանի առաջ 7 պայման է դրել: Պայման ասվածը գուցե մի քիչ չափազանցված հնչի, կարող եք առաջարկություն ասել», — գրում է լրագրողը:

Ըստ նրա` Պուտինի ներկայացրած նախապայմանները հետևյալն են.

1. Այլևս ընդունեք Ասադին

Սիրիայի հարցում ձեր քաղաքականությունն ի սկզբանե սխալ հունով է ընթացել: Դուք հաշվարկել էիք, որ նախագահ Բաշար ալ Ասադը կհեռանա, սակայն պարզվեց, որ ձեր այդ ենթադրությունը սխալ էր: Մենք աջակցում ենք Ասադին, դուք էլ արդեն հրաժարվեք համառելուց և ընդունեք նրա գոյությունը:

2. Լեռնային Ղարաբաղի հարցում զուսպ եղեք

Ղարաբաղը մեզ համար կարևոր է: Ձեզ համար էլ հարցն Ադրբեջանի պատճառով է կարևոր, գիտենք դա, սակայն այլևս զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրն էլ պետք է լուծում ստանա: Համառորեն մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն՝ ավելի եք բարդացնում:

3. Ղրիմն ու Կովկասը հանգիստ թողեք

Ղրիմում աջակցում եք մեր դեմ ծավալվող գործողություններին՝ առաջ քաշելով պատմական կապերի փաստը: Դա անում եք նաև մի շարք կովկասյան երկրներում: Մենք ուշադիր հետևում ենք այս ամենին: Ճիշտ չեք անում: Սրանք ոչ թե ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման համար, այլ նոր խնդիրներ են ստեղծում:

4. Ձեռքներդ հեռու չորս երկրներից

Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը մեր կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում: Հետևում ենք և գիտենք, որ ձեր հատուկ գործակալներն այդ երկրներում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և ամեն կերպ փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վե՛րջ տվեք այս ամենին: Մենք դա թույլ չենք տա:

5. Քրդական PYD-ը մեզ համար էլ է կարևոր

Այն պարագայում, երբ Սիրիայում իրական վտանգի աղբյուրն «Իսլամական պետություն» խմբավորումն է, դուք ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք քրդական PYD (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) խմբավորման վրա: Իմացեք, որ PYD-ը մեզ համար էլ է կարևոր: Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ նկատի ունեցեք սա: Այլապես տարածաշրջանը կարող է շատ անցանկալի իրադարձությունների թատերաբեմ դառնալ:

6. Փակեք ձեր սահմաններն ահաբեկչության առաջ

Վե՛րջ տվեք Սիրիա զենք-զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են պահվում ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ գործողների համար: Վերահսկե՛ք ձեր սահմանները և այլևս հանդուրժողականություն մի՛ ցուցաբերեք ահաբեկչական խմբավորումների նկատմամբ:

7. Ձեր նախարարները թող իրենց խոսքերին ուշադրություն դարձնեն

Երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու անկեղծությունը շատ կարևոր են: Եթե խոսքը ներքին լսարանի ու քաղաքականության մասին է՝ այլ հարց է, սակայն մի շարք թուրք նախարարների հակառուսական հայտարարությունները մեզ մոտ լուրջ անհանգստություն են առաջացնում: Մանավանդ` մեր ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ այդքան էլ մոոռացվողների շարքից չեն: Խնդրում ենք, այսուհետ ավելի զգույշ եղեք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել զսպվածություն դրսևորել ԼՂ հարցում. թուրք սյունակագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*