ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 16-ը կբերվեն նիստերի դահլիճ. դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի,  Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,  Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատարանը հակառակ ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի, Տիգրան Սարգսյանի և Թաթուլ Թամրազյանի կամքի գործում կներգրավվի հանրային պաշտպաններ, չնայած նրանք պնդեցին, որ ցանկանում են, որ իրենց պաշտպանությունն իրականացնեն Լիպարիտ Սիմոնյանն ու Մոնիկա Մարգարյանը:

Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներից երկուսը՝ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, մյուս 16-ի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել նիստերի դահլիճից հեռացում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ ներկայացնել ամբաստանյալներին, այլապես ինքը լիազորված չէ նրանց բացակայության պայմաններում ներկա գտնվել նիստին:

Միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Գրիշա Բալասանյանը, Անուշ Մխիթարյանը, Արա Ղարագյոզյանը և  մյուս պաշտպանները:

«Դուք երբևէ ձեր պաշտպանների հետ խոսե՞լ եք  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասին, դուք ասե՞լ եք, որ եթե միջնորդենք պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն»,-հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան Գրիշա Բալասանյանն ասաց, որ ինքն իրավունք չունի իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի հետ խոսել դաստիարակչական թեմաներով կամ դասախոսություն կարդալ:

Բացի այդ, պաշտպանները նշեցին, որ դատական սանկցիայի ժամն ավարտվել է:

Դատախազներն առարկեցին պաշտպանների միջնորդությանը՝ ասելով, որ դատական սանկցիայի կիրառումն օրինական որոշում է:

Սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը, հայտարարեց մեկ ժամ ընդմիջում, ինչից հետո 16 ամբաստանյալները կբերվեն դատարան:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 16-ը կբերվեն նիստերի դահլիճ. դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*