Սահմանամերձ գոտին պետք է ունենա զինված, զբաղված ու հզոր բնակչություն, որ պատնեշ լինի թշնամու դեմ. ՊՆ ներկայացված հայեցակարգի հեղինակ (տեսանյութ)

Մեզ անհրաժեշտ է 100 տոկոսով զբաղված ու սոցիալապես ապահովված բնակչություն, որը բանակի, ոստիկանության, անվտանգության և պետական այլ համակարգերի համար կապահովի սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ արտադրանք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «ՀՀ սահմանամերձ գոտիները և Արցախի ազատագրված տարածքները երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու» հայեցակարգի հեղինակ, գիտնական, ազատամարտիկ Հրայր Մելքոնյանը՝ ներկայացնելով իր հայեցակարգի էությունը: Ազատամարտիկը նշեց, որ սա նույն մոդելն է, ինչ եղել է բդեշխությունների պարագայում, երբ բդեշխն իր աշխարհազոր բնակչությամբ պահել է սահմանը:

— Պարո՛ն Մելքոնյան, կներկայացնե՞ք ՀՀ սահմանամերձ գոտիները, Արցախի ազատագրված տարածքները երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու վերաբերյալ Ձեր մշակած հայեցակարգը, որ ներկայացրել եք Պաշտպանության նախարարություն:

-Որևէ հայեցակարգ չի կարող լինել կենսունակ, եթե երկրի բնակիչը դրան չի մասնակցում, որովհետև հայ մարդու համար, երբ ասում են՝ մենք քեզ կպաշտպանենք, այդ հավատն ու վստահությունը չի կարող լինել: Մարդն ինքը պետք է լինի պաշտպանական համակարգի էլեմենտ:

Երկրորդ. որևէ տարածք չի կարող ունենալ լավ պաշտպանություն, եթե այն անբնակ է: Տարածքը պետք է լինի բնակեցված, այն պետք է տեր ունենա, անտեր տարածքը չի կարող պաշտպանված լինել. այսօր կպաշտպանվի, վաղն այդ տարածքը նորից կլինի անտեր:

— Սահմանամերձ շրջաններում արտագաղթի տեմպերն աճում են: Ըստ հայեցակարգի՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն դա կանխելու համար:

— Այն, ինչ կա, ահավոր է. կա արտագաղթ, մեր սահմանամերձ գոտիները դատարկվում են, գյուղեր կան, որ գնում ես՝ արդեն 5-10-15 տուն է: Արտագաղթի այդ միտումը նկատվում էր 1990 թվականին, հիմա դա արդեն փաստ է: Սա պետք է վերացվի, սահմանամերձ գոտին պետք է լինի գրավիչ, որպեսզի մարդը ցանկանա այնտեղ ապրել, այնտեղ իրեն ապահով զգա՝տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ապագան տեսնելու համար պետք է այս գոտում լինի բնակիչ: Էդ դեպքում մեր գյուղերը չեն դատարկվի: Ինչո՞ւ առաջ գյուղերը չէին դատարկվում, ինչո՞ւ առաջ չկար էս ուրբանիզացիայի պրոցեսը, որովհետև գյուղն ուներ դպրոց, մանկապարտեզ, կինոյի ակումբ: Այսինքն՝  գյուղում կյանք կար, գումարած՝ գործազուրկ չկար: Այսօր, եթե այդ ամենը տանես, դնես, բայց մարդուն աշխատանքով չապահովես, միևնույն է, նա գնալու է: Այսօր նույնիսկ եթե առանց տոկոսի վարկ տաս, որ նա տնտեսություն զարգացնի, գյուղացին այդ վարկը կվերցնի, կգա Երևանում տուն կառնի: Այդ իսկ պատճառով այս գոտում պետք է լինեն համակարգային միջոցառումներ: Եվ դա չպետք է արվի կամաց-կամաց, որովհետև մինչ «կամաց-կամաց»-ով խնդիր կլուծվի, խնդրի հրատապությունը վերանում է, գալիս է հաջորդ խնդիրը:

-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ եք Դուք առաջարկում:

-Մեզանից շատ առաջ մենք ունեցել ենք հայ թագավորներ, որոնք առաջարկել և արել են. սահմանային գոտիները մեր նախարարությունների (նախարարների) կոչվել են բդեշխություններ: Բդեշխը գահերեց, ավագ իշխանն է եղել, և բդեշխի ողջ բնակչությունը եղել աշխարհազոր: Այսինքն՝ բդեշխն՝ ի տարբերություն մյուս նախարարական տների, ունեցել է ժողովուրդ, որը պատրաստ է եղել այդ տարածքը պահելու: Ասենք՝ Գուգարաց Բդեշխը պահել է Ճորապահակը՝ ներկայիս Դերբենտի կիրճը: Սա հետաքրքիր մոդել է եղել, կարդացել ենք, դպրոցում էլ անցել ենք, ու շատերս չենք էլ հասկացել՝ ինչու է այս նախարարը կոչվում նախարար, էս մեկը՝ բդեշխ: Բառի իմաստն էլ չենք հասկացել: Հետագայում, ուսումնասիրելով էդ ամենը, տեսանք, որ մարդիկ խելոք բան են արել: Այսինքն՝ սահմանամերձ գոտին պետք է ունենա հզոր, զինված բնակչություն, որպեսզի կարողանա պատնեշ լինել եկող թշնամու համար: Եվ մեր հայեցակարգը նույն բանն է: Իսկ ինչո՞վ պետք է պատնեշ լինի՝ իր հզոր, զբաղված և ամուր բնակչությամբ, և միմիայն: Իհարկե, այսօր շատերն ասում են ՝ ժամանակակից պատերազմ, տեխնիկա և այլն, բայց այդ ողջ տեխնիկան գործում է մարդու առկայության պայմաններում: Այդ տեխնիկան մետաղ է:

-Սահմանամերձ գոտու բնակչության սոցիալական վիճակի բարելավման առումով ի՞նչ եք առաջարկում, կոնկրետ քայլերը որո՞նք են լինելու:

-Սոցիալական վիճակը փոխելու համար պետք է գյուղում գործազուրկ չլինի: Ինչպե՞ս չլինի: Շատերը կասեն՝ չէ՞ որ գործազրկության խնդիրը եթե լուծվելու լինի, ամբողջ երկրում կլուծվի:  Շատ պարզ, էլեմենտար տարբերակ կա. մեր պաշտպանական, ոստիկանական, անվտանգության համակարգերը, փրկարար ծառայությունը, բոլոր պետական համակարգերը, որոնք սնվում են, հագնում են, սպիտակեղեն են օգտագործում, ինչ-որ սարքեր և այլն, և այլն, այդ բաները նրանց կարող է տալ մեր սահմանամերձ գոտին: Ի՞նչ են ուտում՝ կարտոֆիլ՝ կարող է տալ, սոխ՝ կարող է տալ: Այսինքն՝ երկիրը քանդող տենդերային համակարգն այս հատվածից պետք է հանվի: Կամ՝ ի՞նչ մրցույթի մասին է խոսքը: Գյուղացին կարտոֆիլ է ցանում, գարնանը նրան պատվիրիր քեզ անհրաժեշտ քանակը, տուր էդ մարդուն սերմնացուի անհրաժեշտ գումարը, էդ մարդը կմշակի: Դիր քո վերահսկիչ մեխանիզմները (նկատի ունի պետությանը-Հեղ.), որ այլ բաներ չլինեն, դու կունենաս աշնանը քեզ անհրաժեշտ կարտոֆիլի ու սոխի քանակը, համ էլ կվճարես քո գյուղացուն: Եվ այդ դեպքում կվճարես առանց միջնորդի ու մրցույթի, այսինքն՝ այն հաղթող մեկի, որը որքան էլ ասեն, որ այդ մրցույթներով արդար է հաղթել, այդպես չէ: Մենք ապրում ենք այս երկրում, նման բաների արդար անցկացման մասին թող ասեն մարսեցիներին կամ ամերիկացիներին:

Հաջորդ քայլը. այդ գյուղերում կարող են դրվել տարբեր արտադրություններ. սպիտակեղենի, հագուստի: Այն ամենի, ինչ ոստիկանը հագնում է, բայց ինչ-որ խելոք մարդիկ տենդերներ են հայտարարում, որ դու գնաս լեհերից, չինացիներից առնես բերես: Այն դեպքում, երբ քո այդ գյուղերի կանայք կարող են կարել: Եթե կասկածում եք որակի վրա, վերահսկեք, մարդիկ բերեք, թող սովորեցնեն:

-Անվտանգության մասով ինչ եք առաջակում, պարո՛ն Մելքոնյան:

— Եթե ես այնտեղի բնակիչ եմ, անվտանգության մասով ինչո՞ւ իմ հույսը դնեմ Ձեզ վրա: Այո՛, դուք բանակ եք, ես հպարտանում եմ ձեզնով, և էլի՝ իմ հույսը դուք եք, մեր զինվորը, բայց երբ ես էլ եմ զինվոր, ես էլ եմ զինված, իմ անունն էլ է աշխարհազոր: Դուք էլ ապահով կլինեք, երբ թիկունքում կամ ես, եթե հանկարծ մի ճեղքում լինի, Աստված չանի, ես այստեղ լինեմ: Այսինքն՝ մարդը պետք է դառնա պաշտպանական համակարգի տարր: Իհարկե, դա չպետք է լինի վայրիվերո, այս աշխարհազոր ասվածն, անպայման, պետք է կապ ունենա բանակի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահմանամերձ գոտին պետք է ունենա զինված, զբաղված ու հզոր բնակչություն, որ պատնեշ լինի թշնամու դեմ. ՊՆ ներկայացված հայեցակարգի հեղինակ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*