Սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է, հակառակորդը հրաձգային զինատեսակներից շուրջ 70 կրակոց է արձակել․ ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:

Հուլիսի 16-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է, հակառակորդը հրաձգային զինատեսակներից շուրջ 70 կրակոց է արձակել․ ՊՆ խոսնակ"

Leave a comment

Your email address will not be published.


*