Սուրիկ Խաչատրյանին և մյուսներին պաշտոնանկ անելով՝ ցանկանում են ռեժիմի համար ավելի մարդկային դեմք ստեղծել, լուրջ քայլեր չկան. Լ. Զուրաբյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, թե Կառավարությունը որևէ հեռանկար ու տեսլական չի տալիս:

«Գործ ունենք մի կառավարության հետ, որ չի սիրում պատասխանատվություն ստանձնել և հեռանկար առաջարկել ժողովրդին»,-ասաց նա և հիմնավորեց, թե դրա ապացույցն են Կառավարության այն հայտարարությունները, թե թոշակները չեն բարձրացվի, կամ «չգիտենք, թե ինչպես ենք պրոֆեսիոնալ կառավարիչներ բերելու առանց համապատասխան վարձատրության»:
«Եթե կառավարությունը ստանձնում է, պետք ասի՝ ինչ է պատրաստվում անել, ինչ վիճակի հասցնել սոցիալ-տնտեսական վիճակը իրենց կառավարման ընթացքում, բայց ասում է՝ ոչ, չեմ բարձրացնում: Կարող էր չէ՞ ասել, թե երբ թոշակների միջին չափը կբարձրացվի սպառողական զամբյուղի գնին, կարող էին ասել՝ 3, 5, 2 տարում, բայց նրանք որևէ ուղենիշ չեն ասում։ Միակ բանը, որ այսօր հասանելի է, այն է, որ թոշակները առայժմ չեն բարձրանա: Սա պատասխանատվությունից խուսափելու հարց է»,-ասաց նա:

Հարցին թե ըստ ՀԱԿ-ի՝ ինչ նկատի ուներ Նախագահ Սարգսյանը, երբ ասում էր, թե այս կառավարությանը հաջողվելու է անել այն, ինչ մյուսներին չի հաջողվել, Զուրաբյանը պատասխանեց, թե հայտարարությունը հիմնավոր չէ, քանի որ այս իշխանությունը չի ասում՝ ինչն է ուզում հաջողել:

Իսկ այն, որ եթե տեսլական չունի, ապա այս կառավարության և Կարեն Կարապետյանի առաքելությունը որն է, Զուրաբյանը նշեց, թե կարող են միայն գուշակել. «Միգուցե այն է, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն փորձի մեղմել սոցիալական դժգոհությունը և լարվածությունը, և բնական է, որ նման քայլերը բավականին ժամանակավոր սահմանափակ արդյունքներ տալիս են. մարդիկ սիրում են գոնե կադրային փոփոխություններ:

Կառավարությունից հեռացվել են օլիգարխիկ համարում ունեցող անձինք, գոնե Սուրիկ Խաչատրյանին, և դրանով ուզեցին «ռեժիմի» համար ավելի մարդկային դեմք ստեղծել, ավելի լուրջ քայլեր մենք չենք տեսնում»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սուրիկ Խաչատրյանին և մյուսներին պաշտոնանկ անելով՝ ցանկանում են ռեժիմի համար ավելի մարդկային դեմք ստեղծել, լուրջ քայլեր չկան. Լ. Զուրաբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*