Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի ՊՆ-ից էլ հայտնում են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձենարկելով հարձակման փորձեր:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել"

Leave a comment

Your email address will not be published.


*