Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։

Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին եւ կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաեւ իր երեք անչափահաս երեխաներից 2-ին։

Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման եւ կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։  Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջեւ առաջացել է վիճաբանություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքապետարանի շենքում վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքով հարվածել է կնոջ գլխին, որի հետեւանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի շրջանների արյունազեղումների, ձախ այտոսկրի եւ հայմորյան ծոցի առաջային պատի փակ կոտրվածքների ու գլխուղեղի ցնցման ձեւով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*