Վարդավառ` մաքրագործման, սիրո ու միավորման տոն

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է, որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:

Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:

Հարթավայրային շրջաններում  մաքրագործումը հիմնականում դրսևորվել է ջրցանությամբ: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցրել բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր են շփել չխոսկան հարսները տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա նաև ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը` ում ձեռքից էլ այն լինի:

Իսկ լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ առավել փոքր դեր է ունեցել: Այստեղ տոնի խորհուրդը նշվել է հեռավոր ուխտագնացություններով`ազգատոհմով կամ գյուղերով բարձրանացել են լեռնալանջերին կառուցված մեր երկնահուպ եկեղեցիները, հատկապես`Մշո սուրբ Կարապետ վանքը: Առավել լավ բերքի հույսով իրենց հետ եկեղեցի են տարել հացահատիկի հասկեր` խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն»:

Միմյանց վարդեր են նվիրել: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես պայքարելով վիշապների դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը: Ահա այդ մասին մի նրբահյուս պատում. «Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին նա անգիտորեն վարդենիներ է տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է ինքնամոռաց նվիրումի-սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը»:

Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր:

Ջրցողումով ու լեռները մագլցելով սկսված օրը սովորաբար ավարտվել է խարույկների շուրջը`  երգ ու պարով, խնջույքով, խաղերով:

Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը:

Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են  գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական հարկի տակ, օրը տոնում միասին:

Թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով. շնորհավոր ձեր տոնը` սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարդավառ` մաքրագործման, սիրո ու միավորման տոն"

Leave a comment

Your email address will not be published.


*