Վարչապետի հանձնարարականները՝ արդարադատության նախարարին

Քրեակատարողական հիմնարկների ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց  ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխման հարցերում:

«Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես, կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնունքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի հանձնարարականով՝ Արդարադատության նախարարը պետք է ապահովի նաև քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը՝ ուղղված թե նորաբաց Արմավիր քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում:

Նախարարը ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարչապետի հանձնարարականները՝ արդարադատության նախարարին"

Leave a comment

Your email address will not be published.


*