Վերնագիրը վերջում…

Արևավառ իմ հոգին էլ չի ցավի, չի տքնի,
Քանզի դավեր ու կեղծիք կյանքում շա՜տ եմ տեսել ես:
Էլ չի լցվի տագնապով, հառաչանքով վշտաբեկ.
Ափսոսանք ու դառնություն կյանքում շա՜տ եմ տեսել ես:

Արևատենչ իմ հոգին մատնվել է և՛ ցրտի,
Եվ՛ նեխել է, մամռացել ձեր սրտերի խոնավում:
Հիմա ինչպե՞ս, ո՞նց երգեմ վեհությունը ձեր սրտի,
Երբ գորտերն են կռկռում ձեր սրտերի խոնավում:

Ինչպե՞ս լինեմ մասնակից ձեր միալար հույզերին,
Երբ գծել եք սահմաններ ազատատենչ թռիչքի,
Ինչպե՞ս, ինչու՞ գովերգեմ վեհությունը ձեր սրտի,
Երբ փորձում եք քարկապել ազատատենչ թռիչքն իմ:

Իմ որոնումին վսեմի, լավի օտար եք այնքա՜ն, զուր մի՛ ջանացեք
Ու ձեր ունայն էությամբ ինձ մի՛ խաչեք ձեր մեղքին,
Ես պիտ ճախրեմ հաղթական, անցնեմ վիհեր ծուռ ու թեք…
Դուք ձեր պարտված ձեռքերով ինձ մի՛ խաչեք ձեր մեղքին:

Արևածին իմ հոգին զուր մի՛ ձգտեք շղարշել,
Քանզի խավար մթի մեջ լույսեր վառել գիտե՛մ ես:
Կյանքս երգ է հրավառ, զուր մի՛ փորձեք խավարել,
Քանզի հազար հրերով վերածնվել գիտե՛մ ես:

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վերնագիրը վերջում…"

Leave a comment

Your email address will not be published.


*