«Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը թարգմանվել է հայերեն

Հայաստանում առաջին անգամ հայերեն թարգմանությամբ կհրապարակվի «Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը։ «Սաֆո» մատենաշարում ներառված գրքի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

«Այս մատենաշարը ընտրեցինք, քանի որ նկատում ենք, որ թեև օրենսդրական դաշտում կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդիր չկա, սակայն փաստացի, կյանքում առկա է այլ վիճակ, և մենք բարձր գրականության միջոցով փորձում ենք հասարակությանը ցույց տալ այդ բացերը, — ասում է գրքի հրատարակող «Դարակ» հրատարակչության հիմնադիր/խմբագիր Աշոտ Գաբրիելյանը։

«Վերջինիա Վուլֆն առաջին ֆեմինիստն էր և առաջիններից մեկն էր, որ հզոր տաղանդով բարձրաձայնեց և ցույց տվեց մի քանի սոցիալական պրոբլեմներ, որոնք խանգարում են կնոջը հասարակության մեջ լիարժեք դրսևորվելու»,– նշում է նա:

Անդրադառնալով գրահրատարակչական ոլորտի զարգացմանը և առկա խնդիրներին` Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ մի քանի տարի առաջ, գրող-հրատարակիչ կապը, կարծես, ընդհանրապես բացակայում էր, Հայաստանի բոլոր հրատարակչությունները կատարում էին զուտ տպարանի դեր, սակայն վերջին տարիներին մի քանի հրատարակչություններ սկսել են մտածել հրատարակչական գործի հետագա զարգացման մասին և հասկացել են, որ հրատարակչական գործը կարող է զարգանալ միայն ժամանակակից հեղինակների հետ շփումով և թարգմանական ռեսուրսներ ներառելով:

Հաջորդ մատենաշարերը լույս կտեսնեն «Արկած» և «Պրոցես» խորագրերի ներքո: Առաջինը կներկայացնի լավագույն և նախկինում չհրատարակված ստեղծագործությունները պատանիների համար: Իսկ երկրորդում արտացոլվելու է արդի գրական ընթացքը և հրատարակվելու են ժամանակակից երիտասարդ գրողների ստեղծագործությունները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը թարգմանվել է հայերեն"

Leave a comment

Your email address will not be published.


*