Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը

Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:

Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։

ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկեցել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:

Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*