ՏՄՊՊՀ ջանքերով ռոումինգ ծառայությունների սակագները նվազել են ավելի քան 9 անգամ

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել միջազգային բջջային կապի (ռոումինգի) ծառայությունների ոլորտում:

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ Հանձնաժողովը պարզել է, որ տարբեր երկրներում, միջազգային զանգերի համար գործում են բավականին մատչելի սակագներ: Մինչդեռ մեր երկրում, ռոումինգ ծառայությունների սակագները տեղական զանգերի համեմատ թանկ են գրեթե 50 անգամ: Մասնավորապես, եթե ՀՀ  քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը  25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում էր միջինում 1200 դրամ: Վերոնշյալի հիման վրա, ՀՀ ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում իրականացրել է գնագոյացման ուսումնասիրություն:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության նպատակը ռոումինգ ծառայության սակագնի նվազեցումն է։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները նպատակ ունեն ապահովել ռոումինգի ծառայությունների սակագների փուլային նվազեցումը՝ հասցնելով այն մինչև  մեր երկրի  ներքին ցանցերում սահմանված սակագների չափերին: Բացի այդ, առաջնահերթ է նաև ԵԱՏՄ տարածքում, այդ թվում նաև Հայաստանում գործող  բջջային կապի օպերատորների միջև արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչը հետագայում ևս որոշակիորեն կանդրադառնա սակագների վրա: Բացի այդ, ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ ներդրված այսպես կոչված՝ «արդար ռոումինգի» համակարգի շնորհիվ կբացառվեն  խտրական պայմանների կիրառումը ինչպես բաժանորդների, այնպես էլ  բջջային կապի օպերատորների նկատմամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է սակագների նվազեցման հնարավորությունները, և դրանք ներկայացրել  բջջային կապի օպերատորներին՝ առաջարկելով հնարավորինս  սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների ոլորտում իրենց գնային քաղաքականությունը: Մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում ընկերությունները սահմանել են նոր՝ նախորդից շուրջ 9 անգամ ցածր սակագներ: Այսպես, եթե նախկինում «Արմենտել», «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների բաժանորդները ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի ՀՀ զանգեր կատարելու 1 րոպեի դիմաց միջինում վճարում էին համապատասխանաբար 541 դրամ, 780 դրամ և 2150 դրամ, ապա ՏՄՊՊՀ-ի կողմից սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումից հետո,  սակագները նվազել են համապատասխանաբար 3 անգամ, 2 անգամ և 8.6 անգամ ՝ միջինում կազմելով 250 դրամ։

Շուրջ 2 անգամ նվազել է նաև SMS հաղորդագրությունների դիմաց գանձվող վճարների գումարը՝ 124 դրամից դառնալով 65 դրամ։

ՏՄՊՊՀ-ը լինելու է հետևողական՝ այս ոլորտում սակագների հետագա նվազման հարցում

ՀՀ մրցակցային մարմինը կարևորում է խնդիրը, քանի որ այն առնչվում է հազարավոր սպառողների և շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմիննների և բջջային կապի օպերատորների հետ՝ սակագների հետագա նվազեցման և դրանք սպառողներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։ Առաջիկայում Հանձնաժողովը աշխատանքներ կիրականացնի նաև ԵՄ պետություններում, ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում ռոումինգ ծառայության գների նվազման ուղղությամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՏՄՊՊՀ ջանքերով ռոումինգ ծառայությունների սակագները նվազել են ավելի քան 9 անգամ"

Leave a comment

Your email address will not be published.


*