Փարաքարում ապրում են մշակութային կյանքով

Շարունակելով ներկայացնել ՀՀ գյուղական և քաղաքային համայնքների առօրյան, նիստուկացը, խնդիրներն ու հոգսերը՝ այս անգամ, հերթական այցի շրջանակներում հանգրվանեցինք Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքում, զրուցեցինք համայնքի ղեկավար Ս.Վարդանյանի հետ: Վերջինս՝ հանդիսանալով ՀՀՄ գյուղական համայնքների հանձնաժողովի նախագահ՝ մինչ բուն թեմային անցնելը նախ մեզ հետ կիսվեց կարևորագույն մի իրադարձությամբ. վերջերս, իսկ ավելի կոնկրետ, նոյեմբերի 13-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Ռոն Ալփ շրջանի պատվիրակությունը և մի քանի օր շարունակ պարոն Վարդանյանն աշխատել է նրանց հետ, միասին շրջել են ՀՀ մի քանի մարզերում, հանդիպել համայնքների ղեկավարների ու գյուղացիների հետ: Նա շատ է կարևորում այս ոլորտում ֆրանսիացիների հետ փորձի փոխանակումը, որը դրականորեն կանդրադառնա Հայաստանի գյուղական համայնքների զարգացման վրա: Հանդիպման ավարտին կնքվել է համագործակցության հուշագիր՝ Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության միջև՝ ՀՄՄ նախագահ Է. Երիցյանի, Ֆրանսիայի գյուղական համայնքների միության ղեկավար Վ. Բերբերյանի և ՀՀՄ գյուղական համայնքների հանձնաժողովի նախագահ, Փարաքար գյուղական համայնքի ղեկավար Ս. Վարդանյանի ստորագրությամբ: Համատեղ աշխատանքները կսկսվեն մյուս տարի:

Համայնքի ղեկավարը Ջերմուկում մասնակցել է նաև ‹‹Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողով››-ին, որի  նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի ու քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը :

Սակայն նմանօրինակ զարգացումների և դրանցից բխող զբաղվածությունների հետ մեկտեղ էլ Փարաքարը մշտապես գտնվել է համայնքի ղեկավարի ուշադրության և հոգածության կենտրոնում՝ չխաթարելով գյուղի բնականոն կյանքը: Մեր վերջին զրույցից անցել է մեկ տարի և թե այս ընթացքում  ի՞նչ է փոխվել այստեղ՝ կապված կրկին ջրի, ասֆալտապատման, լուսավորության, դպրոց-մանկապարտեզի վիճակի հետ՝ Ս.Վարդանյանն ասաց. ‹‹Մեր երկու մանկապարտեզի սանհանգույցներն այս տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել են, վերանորոգումներ են կատարվել և դեռ ունենք շարունակելու: Ջրի հարցը հիմնականում լուծված է, այն ժամային գրաֆիկով մատակարարվում է բնակչությանը: 24 ժամյա ջրամատակարարում Թաիրովում է, իսկ Փարաքարում, երեք հատվածում 6-8 ժամով է, որն էլ հիմնականում բավարար է: Հիմա արդեն, այս ամիսներին ջրի վիճակը լավացել է՝ ի հակադրություն ամռանը, երբ մարդիկ առատորեն օգտագործում էին ջուրը՝ կապված այգիների և առօրյա այլ աշխատանքների հետ: Այս տարի  շահագործման հանձնեցինք Փարաքար գյուղի կոյուղու մաքրման կայանը,  հիմա կոյուղաջրերը տեղափոխում ենք գյուղի վերջնամասում կառուցված բիո լճակը: Անցած տարի նաև երկրորդ լճակի շինարարությունը և բոլոր աշխատանքները ավարտեցինք, հիմա արդեն փորձարկում ենք և ունենք բավականին լավ արդյունքներ.  պարբերաբար այդտեղ մտնող, դուրս եկող ջրերից անալիզներ ենք վերցնում և տեսնում, որ ջրի մաքրումը բավականին լավ է ընթանում:  Արդյունքում՝ այդ տարածքների հողերը, որ շուրջ տասնհինգ տարի չի մշակվել, հիմա արդեն մարդիկ կամաց-կամաց  մշակում, խնամում են, վերականգնում այգիները: Երկրորդ լիճ նաև, փորձի համար, ջրային խոտաբույսեր լցրեցինք և հիմա լճի կեսն արդեն ծածկված է դրանցով: Վերջիններս նպաստում են ջրի մաքրմանը: Հետագայում նպատակ ունենք, հնարավորության դեպքում իհարկե,  լճում որոշ տեսակի ձկներ բուծելուն, որն իր հերթին ևս կնպաստի ջրի մաքրումն ավելի լավ կազմակերպելուն: Լճում կուտակված տիղմը տեղափոխելով հատուկ ջրավազաններ և չորացնելով՝ պարզեցինք, որ դա ցանկացած ազոտական ֆոսֆորական պարարտանյութից ավելի արդյունավետ դուրս եկավ: Մեզ հետ մինչ օրս ակտիվորեն աշխատող մասնագետները նկատում են, որ հետագայում այդ տիղմը չորացնելուց հետո հնարավոր է փաթեթավորել պարկերով և, ինչու ոչ, նաև վաճառել: Եկող տարի պլանավորում ենք Թաիրով գյուղի բազմաբնակարան շենքի կոյուղագծերը միացնել Փարաքարի կոյուղագծին,  քանի որ մեծ պոմպերի հանարավորություն չունենք: Մենք կբերենք և մաքրումը կիրականացնենք թթվածնի միջոցով (թթվածին ենք մղում լիճ և դրա միջոցով իրականացնում մաքրումը)››:

Անդրադառնալով գյուղի հոգևոր-մշակութային, կրթական կյանքի զարգացմանը և սերնդափոխությանը՝ համայնքի ղեկավարն ասաց. ‹‹ Միջնակարգ դպրոցն ավարտեց մոտ յոթանասուն աշակերտ, հիմնական դպրոցը՝ քսանհինգ, որոնցից շատերը շարունակեցին իրենց ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս տարի բավականին առաջխաղացում ունեցանք առաջին դասարանցիների հետ կապված, կարելի է ասել, ռեկորդային թիվ սահմանվեց՝  բոլոր դպրոցներում առաջին դասարանցիներն անցած տարվա համեմատ ավել էին մոտ երեսուն աշակերտով:

Այնքան բան կա խոսելու հոգևոր-մշակութային թեմայով, որ, թերևս այժմ բավարարվեմ այդ ամենը ներկայացնելով ընդամենը մի քանի բառով՝ մենք պարզապես ապրում ենք այդ կյանքով: Արվեստի դպրոցում 240-ից ավելի երեխաներ են սովորում, ֆրանսիացիները ծանոթանալով մեր Արվեստի դպրոցին՝ ցնցված էին, որ մի հարկի տակ հանգրվանել են արվեստի տարատեսակ ու բազմազան ճյուղերի ներկայացուցիներ: Նրանք այնքան հիացած էին, որ եթե 15-20 րոպե էինք պլանավորել դպրոցում անցկացնելու, ապա մնացինք ժամ ու կես, որովհետև նրանց շատ հետաքրքիր էր լսելը  յուրաքանաչյուր գործիքի նվագը: Իրենց մոտ նմանատիպ դպրոցներն առանձին են, բայց որ ամենը մի ծածկի տակ լիներ՝ դա նորություն էր և բավականին տպավորիչ: Մեզ մոտ գործում են գորգագործության, խեցեգործության, ժող. գործիքների, փողային նվագախմբի հոյակապ անսամբլ: Երևանում ինչ փառատոններ, համերգներ լինում են՝ հրավերով մասնակցում են: Հիմա սպորտային պարերի երկու երեխա նախապատրաստվում են մեկնել ԱՄՆ ՝ մասնակցելու կարևորագույն մի փառատոնի:

Վերջին հինգ տարիների ընթացքում մենք  ‹‹Լավագույն մշակութային գյուղական համայնք›› ենք ճանաչվել, իսկ Արվեստի դպրոցը՝  ‹‹Լավագույն մշակութային  դպրոց››: Ունենք շատ լավ պարի խմբեր. ‹‹Թիթեռնիկներ›› պարային համույթն անցած տարի Մակեդոնիայում արժանացավ Գրան Պրիի՝ փայլուն կերպով ներկայացնելով մեր ազգային պարերն ու նաև ճաշատեսակները: Նրանք եղել են նաև Վլադիկովկասում, Ռումինիայում և այլն: Բավականին հաջողություններ ունի նաև Թաիրովի ‹‹Փարվանա›› պարի խումբը, որն արդեն հինգերորդ տարին է մասնակցում  Բաթումիում կազմակերպված փառատոններին՝ ամեն անգամ վերադառնալով բավականին գոհացուցիչ արդյունքներով:

 Թաիրովի ‹‹Երևան›› պարային համույթը Բաթումիում և ‹‹Թիթեռնիկներ›› Թբիլիսիում մասնակցեցին միջազգային փառատոնների՝ կրկին հաղթանակած՝ առաջին կարգի մեդալով և դիպլոմով վերադառնալով հետ:

Ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը մենք տոնում ենք Փարաքար գյուղի տոնը, այս տարի ևս 2204-րդ տարին նշեցինք, որի կապակցությամբ ամբողջ ամսվա ընթացքում կազմակերպել էինք տարաբնույթ միջոցառումներ, Մշակույթի տան այգում երեկոյան համերգներ են եղել, վերջում հրավառություն, տոնախմբություն, սեղաններ, հյուրասիրություններ: Ամեն տարի այդ օրերին միջոցառումներին մասնակցելու են գալիս այն փարաքարցիները, որոնք երկար ժամանակ գյուղում չեն ապրել:

Այժմ էլ հայտ ենք ներկայացրել՝ ‹‹Լավագույն սպորտային գյուղական համայնք››  մրցույթին մասնակցելու համար, որի արդյունքները, երևի 10-15 օրվա ընթացքում կամփոփվեն նախարարությունում և լավագույն 3,4-ի  փաստաթղթերը կուղարկեն ՀՀ նախագահի նստավայր, որտեղ էլ արդեն կորոշեն, թե որ համայնքն  է այս տարի արժանանալու պատվավոր կոչմանը››:

‹‹Այս տարի մի փոքր խնդիրներ ունեցանք՝ հողի, գույքի հարկերի վճարումների հետ կապված, որն էլ արդյունք է ժողովրդի ֆինանսական ծանր վիճակի: Շատ դեպքերում, օրենքի սահմաններում, Ավագանու նիստով ընդառաջում ենք, բայց կան մարդիկ, որ նույնիսկ ստիպված ենք լինում դատական կարգով հարկերը գանձել: Ընդհանուր առմամբ տարին վատ չէր գյուղի համար, ճանապարհների հարցն է մի փոքր մեզ մոտ բարդ, այս տարի վերանորոգումներ չարեցինք այդ առումով, որովհետև մեր գյուղին սպասարկող ‹‹Երևան Ջուր››ը տարվա սկզբից պլանավորել էր  ջրի  հաշվիչները դուրս հանելու, որի պատճառով էլ ոչինչ չարեցինք: Որոշակի աշխատանքներ՝ խճապատում և այլն կատարեցինք, բայց ընդհանուր՝ ճանապարհների վիճակը լավ չէ:

Այս տարի գյուղի բնակիչների և գյուղապետարանի  միջոցներով՝ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի հարևանությամբ նոր հուշարձան կառուցեցինք՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված, որի բացումը եղավ ապրիլի 20-ին: Այդ կապակցությամբ նաև խորհրդանշական ծառատունկ կատարեցինք՝ տնկելով 100-ից ավել ծառեր: Քանի որ այն կազմակերպվել էր Ամերիկայի դեսպանատան կողմից հովանավորվող Հայաստանի ծառատունկ ծրագրերի շրջանակներում՝ դրանից մեկ ամիս առաջ մեզ մոտ այդ հուշարձանի դիմաց հուշատախտակ դրեցինք՝ ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորի հիշատակին նվիրված, ով մահացել էր հենց 2015 թվականի ապրիլի 23-ին՝ ցեղասպանությունից մեկ օր առաջ: Արարողությանը ներկա էին դեսպանատան աշխատակիցները, Ազգային ժողովից պատգամավորներ, իսկ բացմանը՝ Ազգային ժողովի նախագահը, մարզպետը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը: Մեծ համերգային ծրագիր էր կազմակերպված և նաև մանկապարտեզի սաները ներկայացրեցին իրենց հետաքրքիր հանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցություն էին ցուցաբերել՝ շնորհակալագրեր ստացան:

Համայնքի ղեկավարին կից այս տարի ստեղծել ենք երեք հանձանժողովներ՝ Քառամյա ծրագիր և բյուջե, Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն, երրորդը՝ Մշակույթ, սպորտ: Նպատակն է՝ հասարակությանն ավելի շատ ընդգրկելը համայնքում իրականացվող բոլոր գործընթացներին: Ամեն հանձնաժողովում իրենց գործունեությունն են իրականացնում 15 մարդ՝  ուսուցիչներ, ավագանու երկու անդամներ, ակտիվ բնակիչներ, գյուղապետարանի, մարզպետարանի, բուժամբուլատորիայի  աշխատակազմից անդամներ և այլոք: Հանձնաժողվի կազմը հաստատվել է և այսուհետ 3-4 ամիս պարբերականությամբ նիստ ենք անելու: Հանձաժողովների նախագահն, ըստ կարգի, համայնքի ղեկավարն է››,- որպես տարեկան ամփոփում ներակայացրեց Ս. Վարդանյանը:

Հավելենք նաև, որ գործում է www.paraqar.am կայքը, որտեղ ներկայացված են Փարաքար համայնքում կատարվող ցանկացած իրադարձություն, ներառյալ նաև՝ բյուջետային, ավագանու նիստերը և այլն: Ի դեպ, ինչպես նշեց գյուղապետը, նախատեսվում է ուղիղ հեռարձակելու բյուջեն հաստատելու նիստը, որը տեղի կունենա մինչև դեկտեմբերի  20-ը, իսկ եկող տարվանից` այդ կերպ նաև ավագանու բոլոր նիստերը:

         Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Փարաքարում ապրում են մշակութային կյանքով"

Leave a comment

Your email address will not be published.


*