Ֆրանցիսկոս պապը երբեք չի ամաչում իր մտածածն ասելուց. The Independent-ը Պապի կողմից «ցեղասպանություն» բառն արտաբերելու մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը մեկնարկած Հայաստան խորհրդանշական այցի ընթացքում, որը հարգանքի տուրք է մեկդարյա կոտորածի զոհերի ու երկրի անպարտելի քրիստոնեական հավատքի հանդեպ:

Եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին, գրում է The Independent-ը։

Կրկնելով այն, ինչ ասել էր անցյալ տարի, նշելով, որ կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին՝ Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու համար:

Այցի նախաշեմին Վատիկանը խուսափել էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ հիշելով թուրքերի կողմից ֆինանսական ու քաղաքական հետևանքների մասին:

«Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է, նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- գրում է թերթը:

Շատ պատմաբաններ 1.5 մլն հայերի ջարդերը ցեղասպանություն են համարում: Թուրքիան ժխտում է այն՝ ասելով, որ Օսմանյան կայսրությունը կոլապսի մեջ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և երկու կողմից էլ մարդիկ են մահացել:

Հիմնականում առաքելական այս երկրում, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են, հայերը հպարտ էին ողջունել Պապին, որը երկար ժամանակ Հայկական հարցին աջակցել է որպես Արգենտինայի արքեպիսկոպոս և այժմ, երբ առաջնորդում է 1.2 միլիարդանոց կաթոլիկ համայնքը, գրում է թերթը։

2015 թվականի նրա հայտարարությունը, որում կոտորածները որպես «ցեղասպանություն» են բնութագրվում, ամրապնդել է սերը նրա հանդեպ:

«Ես սեղմեցի Պապի ձեռքը, բայց չհասցրի համբուրել այն»,-պատմել է Երևանի 42-ամյա բնակիչ Նազիկ Սարգսյանը՝ Ֆրանցիսկոս պապի ժամանումից հետո:

«Վստահ եմ, որ Աստծո օրհնությունն իջավ վրաս՝ նրա ձեռքսեղմումով»,-հավելել է նա:

Օդանավակայանի մոտ բնակիչների փոքր խմբերը կանգնել են նրա ավտոշարասյան ճանապարհին, իսկ ճերմակ շապիկներով դպրոցականները կրել են դեղին շարֆեր՝ Վատիկանի դրոշի գույնով, և Պապին դիմավորել են իտալերեն պաստառով. «Հայաստանը ողջունում է Ֆրանցիսկոս պապին»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ֆրանցիսկոս պապը երբեք չի ամաչում իր մտածածն ասելուց. The Independent-ը Պապի կողմից «ցեղասպանություն» բառն արտաբերելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*