«1000 դրամի» օրինագիծը շահադիտական նպատակ չի հետապնդում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ զինծառայողների համար 1000 դրամ հատկացնելու մասին օրենքի նախագծի շուրջ հնչած քննադատություններին ծանոթ է, կարևորում է երկխոսությունը բոլոր շերտերի մեջ:

«Ես գիտեմ, որ այս օրերին հնչել են սուր, հաճախ միմյանց վիրավորող արտահայտություններ: Հավատացեք, որ սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում սրա մեջ, որովհետև այս օրենքի բովանդակությունը, կարծես թե, այն չէր, որ թույլ տար պիտակավորել մի կողմին կամ մյուսին»,- ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ օրինագծով շահադիտական նպատակներ չի հետապնդում և առհասարակ որևէ մեկը չի ցանկանում պատկերացնել իրեն այս օրենքի շահառու:

«Այս օրենքով վճար կատարողը յուրաքանչյուրս ենք: Չեմ փնտրել այս օրենքում քաղաքական որևէ դիվիդենտ, միավոր: Ես փնտրել եմ սրա մեջ շատ պարզ հարցի պատասխան. արդյո՞ք մենք շարունակելու ենք վճարել այն, ինչ մեր բյուջեն իրեն թույլ է տալիս, թե փորձելու ենք ներկայացնել նոր քաղաքականություն: Մենք ունենք հայրենիքի համար զոհված, կյանք տված, հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ քաղաքացիներ: Եթե մենք փորձեինք մշակել մի քաղաքականություն, որը բյուջետային միջոցների հաշվին լիներ, կանեինք պոպուլիստական մի քայլ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Օբյեկտիվորեն բյուջեի հնարավորություններն այսօր դա թույլ չեն տալիս: Ես տեղյակ եմ կարծիքների մասին, որ գումարները, որոնք ոմանց կարծիքով թալանչվել են, արդյունավետ չեն օգտագործվել, պետք է հետ բերվեն: Ուզում եմ ազնիվ ու բաց ասել, որ ուրախ ու կողմ կլինեմ, որ համապատասխան մարմինները հետամուտ լինեն ու անուն առ անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքիների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը: Վստահ եմ, որ սա խորապես անհնար է: Եթե այդպիսիք կան՝ պիտի պատժվեն, այդ գումարները պետք է վերադարձվեն, բայց ոչ թե մի ծրագրով, այլ՝ բյուջե լցվելով, ինչպես կարգն է»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«1000 դրամի» օրինագիծը շահադիտական նպատակ չի հետապնդում. Վիգեն Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*