
Աշխարհը պետք է պատրաստվի ծայրահեղ եղանակային երևույթների և աննախադեպ տապի նոր ալիքի, քանի որ մոտենում է «Էլ Նինյո» բնական ֆենոմենը, որն այս անգամ կարող է բացառիկ հզոր լինել։ Ինչպես հայտնում է POLITICO-ն, այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)։
Երեքշաբթի օրը կազմակերպությունը հայտարարել է, որ 80% հավանականությամբ «Էլ Նինյոյի» (Խաղաղ օվկիանոսի բնական կլիմայական ցիկլի տաք փուլի) սկիզբը կձևավորվի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, իսկ մինչև նոյեմբեր դրա ի հայտ գալու հավանականությունը հասնում է 90%-ի։
«Էլ Նինյոյի» վերադարձը նշանակում է գլոբալ ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում՝ գումարվելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդածին տաքացմանը։
Այս երևույթը նաև խաթարում է տեղումների բնականոն ընթացքն ամբողջ աշխարհում. սովորաբար այն որոշ տարածաշրջաններում առաջացնում է հորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ, իսկ մյուսներում՝ երաշտ։
«Էլ Նինյոյի ազդեցությունը յուղ է լցնում գլոբալ տաքացման կրակի վրա», — երեքշաբթի առավոտյան հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
Նա հավելել է, որ աշխարհը «պետք է սրան վերաբերվի որպես կլիմայական հրատապ ահազանգի, ինչպիսին որ այն կա իրականում»։
Այս երևույթի հնարավոր ազդեցությունը գյուղատնտեսության, հիդրոէներգիայի արտադրության, ինչպես նաև հովացման համակարգերի պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ աճի վրա, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կվատթարացնի պարենի ու էներգակիրների համաշխարհային պաշարների վիճակը։ Իսկ այս ոլորտներն արդեն իսկ լուրջ ճնշման տակ են՝ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքների պատճառով։
«Ծայրահեղ շոգն ինքնին արդեն իսկ մեր առջև ծառացած ամենամահաբեր կլիմայական վտանգներից է։ Իսկ “Էլ Նինյո” ֆենոմենը կարող է էլ ավելի սրել այս սպառնալիքը», — նշել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստա Սաուլոն։
«Շոգով պայմանավորված հիվանդությունների աճը, վարակիչ հիվանդությունների ավելի լայն տարածումը, սննդի ու ջրամատակարարման համակարգերի վրա ճնշման մեծացումը, ինչպես նաև առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող համայնքների խնդիրները կարող են մարդկանց պարզապես կանգնեցնել իրենց հնարավորությունների սահմանագծին», — հավելել է նա։
Ազդեցության մասշտաբները կախված են «Էլ Նինյոյի» ուժգնությունից։ Կան նախանշաններ, որ այս անգամ այն բավականին հզոր է լինելու, ինչի պատճառով այն հաճախ անվանում են «սուպեր» Էլ Նինյո, թեև ՀՕԿ-ը պաշտոնապես չի օգտագործում այդ տերմինը։
«Էլ Նինյոն» համարվում է չափազանց ուժեղ, եթե Խաղաղ օվկիանոսի համապատասխան հատվածում ջրի ջերմաստիճանն իր պիկին բարձրանում է ավելի քան 2 աստիճան Ցելսիուսով։ 21-րդ դարում նման բան տեղի է ունեցել միայն մեկ անգամ՝ 2015-2016 թվականների «Էլ Նինյոյի» ժամանակ։
Մի շարք կանխատեսումներ, այդ թվում՝ Օդերևութաբանական միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնի տվյալները, ցույց են տալիս, որ «Էլ Նինյոն» կարող է ոչ միայն հասնել 2°C-ի սահմանագծին, այլև զգալիորեն գերազանցել այն։
Նախորդ «Էլ Նինյոն», որը գրանցվել էր 2023 թվականին, մտավ դիտարկումների պատմության ամենաուժեղ հնգյակի մեջ և 2024 թվականը դարձրեց աշխարհում ամենատաք տարին։





