ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի իրավական մասը։
Նա, NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների վերաբերյալ վարչական դատարանը կարող է որոշում կայացնել 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող օրը։
«Տեսականորեն, եթե այսօր տանեն, այսօր վերցնի ԿԸՀ-ն, դա ուղարկի Վարչական դատարան, վարչական դատարանը վաղը մինչև օրվա վերջ ակտը տա։ Տեսականորեն դա հնարավոր է։ Այսինքն պետք է այսօր դիմումը ներկայացնեն ԿԸՀ, եթե ԿԸՀ-ն իհարկե չասի, որ մենք աշխատում ենք արտահերթ ռեժիմով և ընդունում ենք նմանատիպ դիմումները։ Այսինքն սահմանվում է, որ որոշում պետք է կայացվի մինչև 5 օրում»,–ասա նա։
Արփինե Հովհաննիսյանը նաև մեջբերել է համապատսխան օրենսդրական կարգավորումը. «Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները
8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը»։
Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 5–ին, դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել այդ հարցով դիմել ԿԸՀ։



