
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «Ծնողական ժամ» կարգավորումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, թե ինչ է իրենից ենթադրում վերոնշյալ կարգավորումը․
Ի՞նչ է սա նշանակում․ աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը․ «Ծնողական ժամ»-ը տրամադրվում է հետևյալ ծավալով․
Մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե
Մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ
Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Ինչպե՞ս օգտվել․ «Ծնողական ժամը» տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
Կարևոր է իմանալ․ «Ծնողական ժամի» կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։





