Արժեքներ

«Եվրոպական հետազոտողների գիշերը» Երևանում․ գիտությունը՝ տեսանելի և շոշափելի

716views

Սույն թվականի սեպտեմբերի 25-26-ին Երևանում՝ ՀՀ ԳԱԱ բացօթյա հրապարակում, իրականացվեց «Եվրոպական հետազոտողների գիշերը Հայաստանում» (ERNA) միջազգային նախաձեռնությունը։ Երկու օր շարունակ գիտությունը դուրս եկավ ինստիտուտների, լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ հասանելի և հետաքրքիր դառնալով տարբեր տարիքի այցելուների համար։

Տարբեր տաղավարներում ներկայացված էին ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների և կրթական կառույցների գործունեությունն ու ձեռքբերումները։ Այցելուները հնարավորություն ունեին հետևելու ամենատարբեր գիտական փորձերին ու ներկայացումներին՝ բույսերի ու կենդանիների ուսումնասիրություն, գանգերի դիտարկում, հատուկ մեթոդներով թղթադրամների իսկության ստուգում, օձերի հետ շփում, ափի մեջ անվնաս կերպով կրակ պահելու հնարք, սեփական ձեռքերով հեղուկ նյութից մագնիսանման չոր զանգվածի ստացում և  հետաքրքիր այլ ցուցադրություններ:

Միջոցառման ծրագիրը հարուստ էր նաև ինտերակտիվ ցուցանմուշներով, գիտնականների հետ հանդիպումներով, աստղադիտումներով, ֆիլմերի ցուցադրություններով, գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթով, նկարչության ու գեղագրության վարպետաց դասերով, ինչպես նաև՝ նախադպրոցական, դպրոցական ու թանգարանային հատուկ նախագծերով։

Միջոցառման մասնակիցների թվում էր նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, որը սեփական տաղավարում ներկայացնում էր Կենտրոնի կրթական և գիտական գործունեությունը, ուսանողների ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։

Մեզ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը խոսեց Կենտրոնի կողմից այս միջոցառում բերված հիմնական ուղերձների մասին. «Մենք, ինչպես միշտ, սիրով, մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ենք վերաբերվում նմանատիպ նախաձեռնություններին և բոլոր առիթներն օգտագործում ենք՝ Կենտրոնի գործունեությունը պատշաճորեն հանրայնացնելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա գիտական միջոցառում է, մեր տաղավարում առավել շեշտադրված ներկայացրել ենք հատկապես Կենտրոնի գիտական կյանքը՝ հատուկ այս միջոցառման առթիվ տպագրելով ցուցապաստառ՝ «ԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» խորագրով, որում արտացոլված են Կենտրոնի հագեցած գիտական կյանքի բոլոր հիմնական ուղղությունները։ Մեր տաղավարում ներկայացված են նաև ԳԿՄԿ գիտական հրապարակումները, որոնք, բնականաբար, ընդամենը փոքր մասն են կազմում մեր պրոֆեսորադասախոսական կազմի գիտական լայնածավալ հրապարակումների։ Ուրախալի է փաստը, որ մեր տաղավարի այցելուներից շատերը մոտենում, թերթում և արժևորում են մեր ցուցադրած գիտական գրականությունը։

Եվ քանի որ ԳԿՄԿ-ի ընդհանուր գործունեության առանցքում մագիստրոսական կրթություն իրականացնելն է, ուստի այս անգամ ևս մեր տաղավարի հիմնական ուղերձներից է մագիստրատուրայի դիմորդների ներգրավումը՝ դա անելով մեր 30-ից ավել կրթական ծրագրերի իրական առավելությունների մասին խոսելով և հիշեցնելով, որ մոտենում է հեռակայի ընդունելության վերջնաժամկետը»,-հավելեց մեր զրուցակիցը։

ԳԿՄԿ տաղավարում ընդգծված ներկայացվածություն ուներ Կենտրոնի՝ հանրապետությունում եզակի մագիստրոսական կրթական ծրագիրը՝ «Ավիատիեզերական սարքաշինություն»-ը․ ներկա էին և իրենց գիտահետազոտական փորձով այցելուների հետ սիրով կիսվում էին ամբիոնի վարիչը՝ տեխն․գ․թ․ Անդրանիկ Աղաջանյանը, և շրջանավարտներից մի քանիսը, այդ թվում՝ «Հարյուր գաղափար Հայաստանի համար» համահայկական մրցույթի 2024 թվականի հաղթող Վրույր Գրիգորյանը։

ԳԿՄԿ-ի տաղավարն ընդամենը մեկն էր այն բազմաթիվ հարթակներից, որոնք ձևավորել էին միջոցառման ընդհանուր տոնական ու գիտական մթնոլորտը։ ERNA-ի երկու օրերի ընթացքում գիտական տարբեր ոլորտների ներկայացվածությունը մեկ ընդհանուր հարթակում, միջոցառման մարդաշատությունը, երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու երեխաների առանձնահատուկ ոգևորությունը փաստեցին, որ «Եվրոպական հետազոտողների գիշերը» հաջողությամբ մոտեցրեց գիտությունը հանրությանը՝ այն ներկայացնելով անմիջական, տեսանելի ու մասնակցային ձևաչափով: Նրանց համար գիտությունը ներկայացվել էր սեփական աչքերով տեսնելու, փորձարկելու և բացահայտումներ անելու իրական հնարավորության տեսքով։

Հարկ է նշել, որ լայնամասշտաբ այս նախագիծը, Երևանից զատ, զուգահեռաբար անցկացվեց նաև Գյումրիում և Վանաձորում։

Գիտական իրադարձության հետքերով՝ Մերի Եղիազարյան

Leave a Response