Միջազգային ասպարեզում ադրբեջանցիների պատմագիտությունը լիովին վարկաբեկվել է. Ա.Մելքոնյան

Հայապահպանության կարևորագույն օջախներից մեկը՝ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը ստեղծվել է Գիտությունների Ակադեմիայի հետ մեկտեղ 1943թ.-ին: ԳԱԱ—ի առաջին նախագահը, աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին 1943 թ. միաժամանակ նաև եղել է Պատմության ինստիտուտի տնօրենը: Օրբելուց հետո այս հաստատությունը ղեկավարել են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը և այլոք:

Պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այս ինստիտուտի տնօրենն է  2003 թ.-ից սկսած՝ թվով յոթերորդը:

 Աշոտ Մելքոնյանի հետ զրուցում ենք ինստիտուտի գործունեության, միջազգային համագործակցությունների, կատարված ու կատարվելիք աշխատանքների, ծրագրերի, խնդիրների և ոլորտին վերաբերվող այլ թեմաների շուրջ:

Պարոն Մելքոնյան, մեր վերջին զրույցից անցել է մեկ տարի, այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել ազգապահպանության կարևորագույն առաքելություն իրականացնող գիտական այս ինստիտուտում, մասնավորապես՝  խոսենք կառավարության փոփոխությունից.  ինչպե՞ս կամ արդյո՞ք այն անդրադարձավ ինստիտուտի և, առհասարակ, գիտության  գործունեության վրա:

Մի պահ նորից մեջտեղ եկավ 90-ական թվականների՝ մեզ համար, համենայնդեպս, անհասկանալի այն մտայնությունը, որ ընդօրինակելով արևմտյան մոդելը (որն իրականության մեջ ավելի շատ համալսարանական գիտակրթական համակարգի ամերիկյան մոդել է) անհրաժեշտ է հրաժարվել ակադեմիական գիտությունից և զարկ տալ զուտ համալսարանական գիտությանը: Պտտվեցին լուրեր, թե նոր կառավարությունը տրամադրված է ակադեմիան արմատապես վերափոխելու ՝ ընդհուպ նաև որպես ՊՈԱԿ, իսկ ինչպես  հայտնի է՝  նոր կառավարությունը ՊՈԱԿ-ների նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ վերաբերմունք չունի, բայց պետք է հիշեցնենք, որ մեր վերաբերմունքը շատ ավելի վատն է, քանզի մենք ծանոթ ենք դրան դեռ 1992թ.-ի փետրվարի 10-ից, երբ մեզ վերածեցին ‹‹Պետական ոչ առևտրային կազմակերպության››՝  միանգամայն անհասկանալի կարգավիճակ, որը մինչ օրս էլ մնում է այդպիսին: Մեր մոտեցումը հետևյալն է. այն, ինչ գոյություն ունի մեզանում որպես ակադեմիական գիտություն, դա ոչ թե խորհրդային ժամանակների վերապրուկն է, ինչպես ոմանք են փորձում ներկայացնել, այլ  գերմանական ակադեմիական համակարգի մի տարբերակ, որը Գերմանիայից ընդօրինակվել է դեռևս Պետրոս Առաջին կայսեր (18-րդ դար) և Եկատերինայի ժամանակներից ռուսների կողմից, և ավանդաբար ռուսականն էլ որպես Խորհրդային միության Գիտությունների ակադեմիա հայկական տարբերակով կյանքի է կոչվել 1935 թվականին՝ ստեղծվելով  ԽՍՀՄ ԳԱ հայաստանյան մասնաճյուղը՝  ԱրմՖԱՆ (Армянский филиал академии наук СССР)  , իսկ 1943թ.-ին վերանվանվել է ՀՀ Գիտությունների  ազգային ակադեմիա: Ո՞րն է տարբերությունը. վկայակոչում են արևմուտք ասվածը, բայց իրականում արևմուտքն ինքը ևս ունի ակադեմիական գիտություն՝ ճիշտ նույն տարբերակով ինչպես մերն է, որովհետև, ինչպես  արդեն ասացի, ակունքները նույնն են, այսինքն՝ տվյալ գիտական հաստատություններում գերազանցապես զբաղված են գիտական աշխատանք կատարելով: Ամերիկյան մոդելը մի փոքր այլ է, ավելի շատ անգլլոսաքսոնական մոդել է, երբ ԳԱ-ի փոխարեն համալսարանական գիտությունն ունի առանձին բաժիններ, դասախոսին տրված է սահմանափակ ժամաքանակ, և նա տարվա մեջ կարող է ընդամենը երկու, լավագույն դեպքում, չորս ամիս  դասավանդել, մնացած ամիսներն էլ՝ զբաղվել գիտությամբ: Այսինքն՝ ստացվում է նույն բանը, պարզապես կազմակերպչորեն այդ գիտությունը համալսարանի մեջ է: Մեզանում համալսարանական գիտությունն առավելապես ընկալվում է որպես կրթական  համակարգ, դրա համար էլ կան տարբերություններ և կա այն մտայնությունը, որ եթե այդպես է՝ պետք է զուտ գիտական կառույց հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտները տանենք և  միացնենք համալսարանական համապատասխան ֆակուլտետներին: Բայց մեր ծանրաբեռնվածության պայմաններում, երբ ժամաքանակը հասնում է 800-1000 ժամի, գիտություն զարգացնել այդ տարբերակով հնարավոր չէ, դրա համար էլ գիտնականը, ով հարաբերականորեն ազատ ժամանակ ունի՝ այն ամբողջապես վատնում է արխիվներում, մատենադարանում, գրադարաններում աշխատելու և գիտական այլ գործունեության վրա: Այդ մտայնությունը նորից երևան եկավ և դեկտեմբերի վերջին հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որն անցավ բավական հետաքրքիր, առողջ մթնոլորտում և հատկապես հայագիտության բնագավառում  եկանք ընդհանուր հայտարարի, որ այն իսկապես առաջնային նշանակություն ունի մեզ համար որպես ռազմավարական կարևորագույն ուղղություն և բառացիորեն իմ ելույթից հետո  վարչապետը հայտարարեց՝  ‹‹Դուք մեզ հայ պահեք՝ սա մեզ համար ամենամեծ արժեքն է››:

Հայագիտությունը հետադարձի իմաստով նյութական և ֆինանսական առումով չի կարող ունենալ այն սպասելիքները, ինչ որ ունի ասենք ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան և այլն, որովհետև ազգային գիտելիք ստեղծելն ու դրանով  ազգ ձևավորելն ու տարածելը արդեն իսկ ազգային արժեք է: Դրա համար կարող եմ ասել, որ, բարեբախտաբար, նման մտայնությունները ցրվեցին մեզանում, ընդհակառակը, վարչապետը քանիցս ընդգծեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ֆինանսական այս նվազ վարձատրման դաշտից տեղափոխվենք նորմալ վարձատրման դաշտ:

Առհասարակ, ինչպե՞ս կգնահատեիք նոր կառավարության աշխատանքը:

Միանշանակ կարող եմ ասել, որ ընդգծված աշխույժ մթնոլորտում է աշխատում մեր վարչապետը, երբեմն գերաշխույժ և ինչպես նախարարներն, այնպես էլ նրանց ենթակայության տակ աշխատող զանազան հաստատություններ հայտնվել են, այսպես ասած, ‹‹դիսկոմֆորտի›› մեջ, որը  ես որպես դրական երևույթ եմ ընկալում,  քանզի միայն   աշխուժորեն աշխատելով կարող ենք արդյունքի հասնել: Դրա համար միանգամայն ողջունելի է նրա աշխատելաոճը և զգում ես, որ իրոք վարչապետը ջանքեր է գործադրում ՝ թարմություն ու զարգացում բերելու իմաստով:

Ինստիտուտը այն եզակիներից է համակարգում, որտեղ աշխատողների 30-35 տոկոսը երիտասարդներ են և գիտության մեջ գերխնդիր համարվող այս հարցը, կարելի է ասել, այստեղ չկա: Այս ընթացքում որևէ փոփոխություն կատարվե՞լ է և Դուք որպես տնօրեն ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երիտասարդ կադրերին ինստիտուտի կողմը գրավելու ուղղությամբ:

Ի  ուրախություն մեզ, կարող եմ մատնանշել, որ բավականաչափ դրական տեղաշարժ է եղել դեպի երիտասարդացում, քանզի ակադեմիայի նախագահության ցուցմամբ և կառավարության որոշմամբ բոլոր ակադեմիական ինստիտուտներում անցած տարի ատեստացիա, որակավորում անցկացվեց: Մշակվեցին չափանիշներ, թե քանի մենագրություն, հոդված պետք է ունենան գիտաշխատողները, ինչպիսի ամսագրերում պետք է տպագրված լինեն, միջազգային մասշտաբով դրանք ինչ նշանակություն ունեն, ինչ միջազգային գիտաժողովների են մասնակցել, ինչ ծրագիր են իրականացնում այլ երկրների գիտնականների հետ և այլն: Այդ ռեյտինգային չափանիշների համաձայն աշխատանքից ազատեցինք 6 հոգու՝ մի մասին թոշակի ուղարկելով, իսկ մյուսներին էլ թեկուզ տարիքը ներում էր, բայց ազատեցինք աշխատանքից, այսպես ասած, խղճի դեմ որևէ գործարք չկատարելով: Նրանց փոխարեն ընդունել ենք նոր, երիտասարդ աշխատողների: Օրինակի համար նշեմ  սիրիահայ մի աղջկա, ով փայլուն կերպով տիրապետում է ոչ միայն ժամանակակից թուրքերենին, արաբերենին, այլ նաև  օսմաներեին, որը մեզ համար բացառիկ կարևոր նշանակություն ունի. 19-20-րդ դարի սկզբի Օսմանյան կայսրության հետ կապված ամբողջ պաշտոնական գրագրությունն  օսմաներենով մատչելի չէ նույնիսկ թուրքերի համար, որովհետև իրենք էլ այդ լեզվի  հետ կապված խնդիր ունեն: Ոմանք կարծում են, թե այն հիմնականում թուրքերենի հենքի վրա ստեղծված լեզու է, իրականում հակառակն է՝ թուրքերենն այնտեղ շատ քիչ բաժին ունի, այն արաբերենի, պարսկերենի, քրդերենի, նույնիսկ հայերենի, այդ թվում՝ նաև թուրքերենի խառնածին լեզու է:

Այնպես , որ կարող եմ ասել, որ  արդեն մեր աշխատակիցների 40 տոկոսից ավելին երիտասարդներ են, որոնց մեծ մասն էլ գիտությունների թեկնածուներ:

Քիչ առաջ Ձեր խոսքում անդրադարձաք միջազգային համագործակցություններին, այս առումով նշել էիք նախորդ զրույցում, որ պատրաստվում եք անդամագրվել Պատմաբանների համաշխարհային խորհրդին. արդյո՞ք դա տեղի ունեցավ: Խոսենք այս և մյուս համագործակցությունների, հեռանկարների մասին:

 

Ասեմ, որ դառնալով այդ ընկերակցության անդամ մենք ստանում ենք լայն հնարավորություններ, արդեն Փարիզում Հայաստանի անդամակցության վերաբերյալ գլխավոր խորհրդի կողմից որոշում է կայացվել, պարզապես տեղի չի ունեցել միայն պաշտոնական ընդգրկման արարողությունը, որի ժամկետը հիմա ճշտվում է, ամենայն հավանականությամբ  տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում՝ ՌԴ-ի ԳԱԱ Համաշխարհային պատմության ինստիտուտում, որի պատվավոր տնօրենը մեր հայրենակից Ալեքսանդր Չուբարյանն է: Կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի մատչելի են դարձել մեզ համար ակադեմիական և համալսարանական համապատասխան պատմագիտական կառույցներն այս ընկերակցության անդամ դառնալուց հետո: Դրա արդյունքում ստեղծեցինք նաև մի հաստիք՝ տնօրենի խորհրդական, միջազգային հարցերի գծով պատմագիտության դոկտոր Ռուբեն Կարապետյանն է այդ պաշտոնը զբաղեցնում, ում ջանքերով կարողացանք կապեր հաստատել տարբեր երկրների ակադեմիական պատմության ինստիտուտների հետ, արդյունքում պայմանագրեր կնքեցինք Լեհաստանի, Հունգարիայի, Լիտվայի, Ռումինիայի ԳԱ-երի Պատմության ինստիտուտների հետ: Այս համագործակցությամբ ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցելուց զատ արդեն դուրս եկանք շատ ավելի լայն միջազգային ասպարեզ:

 Բազմաթիվ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Համաշխարհային պատմության ինստիտուտի, Վենետիկի և Լոս Անջելեսի համալսարանների հայագիտության ամբիոնների, Ստավրոպոլում Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հետ: Վերջինի հետ կապված ասեմ, որ այն ահռելի համալսարան է. հյուսիսկովկասյան մի քանի քաղաքների համալսարաններ միավորվել են, մոտավորապես  35-40 հազար ուսանող ունեն. այդպիսի 11 համալսարան կա: Նշեմ նաև, որ ես նրանց գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ եմ և մեր ռուս գիտնականների անաչառ ու հայանպաստ կեցվածքի շնորհիվ 2015- 2016թթ-ին տասնյակ հոդվածներ տպագրեցինք միայն այդ ամսագրերում, որոնք միջազգային մակարդակով հայտնի են: Տպագրեցինք հոդվածներ Հայոց ցեղասպանության թեմայով, ընդ որում՝ խմբագրակազմի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր հոդվածները տպագրում են ճիշտ այնպես, ինչպես հեղինակներն են ցանկանում:

Ասեմ նաև, որ այս տարի՝ 2017 թ.-ին փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների 100 ամյակի առիթով (որոնք արմատապես փոխեցին Ցարական Ռուսատանի ժողովուրդների կյանքը) բազմաթիվ գիտաժողովներ են նախատեսվում և մեզ մոտ և ՌԴ-ում, որոնց ակտիվորեն մասնակցելու ենք:

Ինչպես է ընթանում տպագրության գործընթացը, ի՞նչ առաջընթաց եք գրանցել այս ուղղությամբ:

2016թ.-ի վերջին լույս տեսավ «Հայոց պատմություն» ակադեմիական հերթական չորրորդ հատորի երկրորդ գիրքը, որն ընդգրկում է 1945-1991թթ.-երը՝ Հայաստանի անկախության հռչակումը: Սրանով դրանով հանդերձ արդեն ունենք հինգ գիրք, որոնք ընդգրկում են 885թ. Բագրատունյաց Հայաստանի պետականության վերականգնումից մինչև 1991թ.-ի պետականության վերականգնումը. ահռելի մի ժամանակաշրջան, 1200 տարվա  պատմություն ամբողջապես, առանց ընդհատման ունենք գրված: 2017թ.-ի համար պատրաստում ենք երկու հատորներ, որոնք մինչև տարեվերջ պարտավոր ենք հանձնել տպագրության. մեկն արդեն տպարանում է՝  երկրորդ հատորի առաջին գիրքը, որն  ընդգրկում է 301-885թթ.-երը և առաջին հատորի երկրորդ գիրքը, որն ընդգրկելու է հայկական միասնական պետականությունից՝ Վանի թագավորությունից, այսինքն՝ 9-րդ դարի կեսերից մինչև 301թ.-ի քրիստոնեության ընդունումը: Դրանց լույս տեսնումով Արարատյան թագավորությունից, Ուրարտուից մինչև 1991թ-ը ամբողջական հատորները կունենաք և կմնա 2018թ.-ի համար միայն  հնագույն, վաղնջական ժամանակներից, մարդագոյացման շջրանից մինչև Ուրարտու ընկած ժամանակահատվածը, որով էլ կավարտենք մեր աշխատանքը: Բնականաբար, ընթացքում աշխատում ենք նաև առանձին հատորով հրատարակել ՀՀ Երրորդ հանրապետության և ԼՂՀ-ի պատմությունը: Նախապես որոշված էր, որ դրանք ևս կընդգրկենք չորրորդ հատորի երրորդ գրքի մեջ, բայց հասկացանք, որ ծավալները մեզ դա թույլ չեն տա:

2016 թ.-ի ընթացքում տպագրել ենք 300-ից ավելի գիտական հոդված, որի մոտավորապես մեկ քառորդը դրսում է տպագրվել և 42 գիրք, որը մեզ համար ռեկորդային թիվ էր: Խորհրդային տարիներին 15 գրքից ավել չէինք տպագրել, 90-ականներին տարի էր լինում նույնիսկ, որ մեկ կամ երկու գիրք էինք տպագրում: Հետո դրանց թիվը հասավ տասի, իսկ տպարան ստեղծելուց հետո՝ 2004թ.-ից  միջինը 15-20 գիրք էինք տպագրում:

Որպես բարեգործական տպարան մենք ահռելի քանակությամբ գիտական գրքեր տպագրեցինք և բաժանեցինք մասնագետներին, համապատասխան պատմագիտական հաստատություններին, ԲՈՒՀ-երին:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ. այս առումով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ի՞նչ աշխատանքներ եք տարել:

2016թ.-ի ընթացքում շարունակել ենք մեր այցերը, հետաքրքրական է, որ ապրիլյան դեպքերից տառացիորեն 5-6 օր առաջ նորից առաջնագծում էինք, այդ նույն վայրում, որտեղ մի քանի օր անց արյունալի մարտեր պետք է տեղի ունենային: Մարտի վերջին հանդիպում եղավ նաև նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մեկ տարվա ընթացքում մեր հիմնական գործունեությունից զատ մենք նաև հանգանակություն իրականացրեցինք: Ես անկեղծ ասեմ, հաճելիորեն զարմացա, երբ մոտ մեկ ու կես մլն. դրամ գումար հավաքեց մեր կոլեկտիվը, երբ միջին աշխատավրձը 70-75 հազար դրամ է կազմում: Այլ հաստատությունների հետ միանալով   ստեղծեցինք մի ֆոնդ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, որը կոչվեց ‹‹Նվիրում նվիրյալներին››: Գեղամ Հարությունյանն առաջարկեց այդ ժամանակ գումարը պահել, նկատի ունենալով, որ կարող էին դրամական միջոցներն այդպես հախուռն ձևով հասկանալի պատճառներով հոսել դեպի զոհված ազատամարտիկների ընտանիքներ և  նաև հաշմանդամ դարձած, ծանր վիրավոր ազատամարտիկների ընտանիքները համապատասխան ձևով չկարողանան օգտվել  դրանցից: Գումարները պահեցինք, որոնք ընթացքում ավելացան՝ կազմելով մոտավորապես 6 մլն. դրամ և հիմնադրամը որոշեց 2014 թ.-ի հունվարից (երբ սահմանին վիճակը սրվեց, զոհվեց Արմեն Հովհաննիսյանը) մինչև 2016թ.ը, այդ թվում` ապրիլյան պատերազմի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ դարձածներին նյութապես օգնել: Այս ամբողջ ընթացքում տեսնելով մեր վիրավոր, ոտքերից զրկված, հաշմանդամ զինվորների ոգու արիությունն ու կամքի ուժը ես կրկին անգամ հասկացա, համոզվեցի, թե ինչքան հզոր ու անպարտելի ազգ ենք մենք, բացահայտեցինք մեր հաղթանակի ֆենոմենը: Ասեմ նաև, որ ոչ մի ընտանիքում տրտունջ, բողոք չտեսանք, ընդ որում՝ ոչ միայն զինվորներից, այլ նաև ծնողներից, թե ինչու պետք է հենց իրենց զավակը հայտնվեր նման վիճակում:

Պարոն Մելքոնյան, քանի որ պատերազմից խոսք գնաց,   պատմականորեն այդ  ի՞նչ հողեր են պահանջում ադրբեջանցիները:

Վերջերս Ադրբեջանի ԳԱ –ի Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը՝  ի կատարումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական դիրեկտիվների, ցուցումների (որի համաձայն ոչ միայն  ԼՂ-ն ու Զանգեզուրը, այլև Արատյան դաշտը Ադրբեջանական տարածք են. Ալիևը պատրաստ է դրա համար վճարել ցանկացած գումար ադրբեջանցի պատմաբաններին, որպեսզի նրանք ապացուցեն, որ Արևելյան Հայաստանը իրականության մեջ միֆ է, դա Արևմտյան Ադրբեջանն է, իրենց հայրենիքը)  հայտարարեց, որ իրենք ողջունում են նախագահի այս ցուցումը, լիովին համամիտ են նրա հետ, որը մարդու ծիծաղն է առաջացնում, որովհետև որպես գիտնական Մահմուդովը հայտարարում է, որ ինքը համամիտ է նախագահի առաջարկած թեզերին, փոխանակ հակառակը լիներ, ասենք՝  Ալիևը հայտարարեր, որ Մահմուդովի ուսումնասիրություններն իրենց բերել են այն համոզման, որ Երևանը ադրբեջանական քաղաք է՝ ես կհասկանամ: Նշանակում է՝ ինչպես նրա հայրն էր անում խորհրդային տարիներին, որ այսպես պետք է գրել պատմությունը, հիմա  էլ պատմությունն ինչպես ավանդեց Ալիևը, այնպես էլ պատմաբանները գրում են: Յաղուբ Մահմուդովը վերջերս հայտարարեց, որ օրինագիծ են պատրաստում՝ հայերի կողմից Արևմտյան Ադրբեջանը զավթելու վերաբերյալ և կգա այն ժամանակը, երբ իրենք կվերադառնան ոչ միայն Ղարաբաղ , այլ նաև Զանգեզուր և իրենց սիրելի Իրիվանը: Իրիվանը դա Երևանն  և իբր 16-րդ դարի սկզբին Ռեվան խանի անունից առաջացել է մեր Երևանը: ‹‹Աբրբեջանական պատմագրությունը հրամայել է այսպես գրել››…մոտավորապես այսպիսի վերնագրով հարցազրույց եմ տվել վերջերս , որտեղ նշում եմ , որ  շատ եմ ուրախանում, երբ ադրբեջանցի պատմաբանները հետևելով իրենց երկրի ղեկավարի ցուցումներին նման անհեթեթություններ են տարածում, որովհետև առիթ եմ ունեցել ասել, էլի կկրկնեմ, որ միջազգային ասպարեզում նրանց պատմագիտությունը լիովին վարկաբեկվել է և ոչ մի լուրջ պատմաբան նրանց ասածները, ինչպես սփյուռքահայերը կասեին ‹‹լուրջի չի առնում››, քանզի այս ամբողջը պատմաշինություն է և ծայրից ծայր կեղծիք: Մենք նրանց պատասխանում ենք միայն ֆելիետոնի մակարդակով, որովհետև եթե դու պիտի ապացուցես, որ դու դու ես, նշանակում է դու հիմար վիճակում կհայտնվես: Ես ողջունում եմ  ադրբեջանցիների նման մոտեցումները և չնայած այլևս կեղծիքի  տեղ չի մնացել, որովհետև նրանց շնորհիվ պարզվեց, որ հայ չի եղել երկրի երեսին, մենք նոր-նոր խորհրդային ժամանակներում ենք ձևավորվել՝ ռուսի վարած քաղաքականության արդյունքում, այսինքն՝ այն  ինչ տեղի է ունեցել իրենց հետ 1936թ.-ի ստալինյան քաղաքականությունից հետո վերագրում են հայերին, երբ նրանք չունեին էթնիկ ինքնաանվանում՝ Ստալինը գտավ իրանական-ատրպատական երկրի անունը, դրեց այս թաթարների վրա և ադրբեջանցի բառը ստացավ էթնիկ իմաստ, որն իրականում նշանակում է ատրպատական երկրի բնակիչ, որը հավասարապես նշանակում է նաև հայ, որովհետև Ատրպատականում նաև բազմաթիվ հայեր էին ապրում և ատրպատականցի չի նշանակում ադրբեջանցի՝ այսօրվա պատկերացմամբ:

Ընդհանուր ամփոփում կատարելով, վերոնշյալ առավելություններից և առաջընթացից զատ ի՞նչ խնդիրներ ունի Պատմության ինստիտուտը :

Ցավոք սրտի պետք է խոսենք նույն ցավոտ հարցերի մասին՝ աշխատավարձերի խնդիրը, որը  որերորդ տարին է չի բարձրացել և պատկերացրեք, նույնիսկ ծիծաղելի է ասել, մեր ռեսուրսների հաշվին, 3-4 հազար դրամով ավելացրեցինք աշխատավարձը, որ գոնե այդ պարտադիր 1000 դրամների վճարը նկատելի չլինի աշխատակիցներ համար: Հեռանկարի իմաստով ցավալին այն է, որ երիտասարդ գիտաշխատողի համար չես կարող բնակարանի, նույնիսկ հանրակացարանի հարց լուծել: Պատկերացրեք՝ մարդ ինչպե՞ս կարող է 75 հազար դրամով բնակարան ունենալ, ամուսնանալ, երեխաներ ունենալ, ապրուստի հարցերը հոգալ. այդ հեռանկարը չենք տեսնում: «Երիտասարադ մասնագետ» հասկացություն կար խորհրդային տարիներին, երբ հինգ տարվա ընթացքում պետությունը պարտավոր էր նրան բնակարանով ապահովել, իհարկե հիմա մեր համալսարանը, ակադեմիական որոշ ինստիտուտներ ներգրավվում են բնակարանային շինարարության մեջ՝ ավելի մատչելի գներով, բայց այդ մատչելին երբ նորից թվերի ես վերածում՝ տասնյակ հազարավոր դոլարների մասին է խոսքը և, բնականաբար, որտեղից կարող է գիտաշխատողը նման խնդիրներ լուծել: Չեմ ասում էլ գործուղումների  մասին. հայոց պատմությունը չենք կարող ներկայացնել միայն պարփակված, արխիվային նյութերի հիման վրա, պետք է նաև դուրս գալ, գոնե լավ է, որ մենք իրավական ճանապարհ գտանք.  այլ ծախսերի համար տրված գումարը հատկացնում ենք գործուղումներին, որ մասնագետները գոնե Մոսկվա, ԱՊՀ երկրներ կարողանան գնալ: Ես կարծում եմ, որ այս պայմաններում շատ դժվար է և պատահական չէ, որ մի քսան տարի առաջվա մրցութային վիճակը ասպիրանտուրայի համար չկա, չեմ թաքցնում նաև, նույնիսկ բանակից փախչելու մտայնության պայմաններում, եթե այդպիսիք կան իհարկե, մենք ասպիրանտուրայի տեղի կորուստ ենք ունենում, եկացողներն էլ բոլորը աղջիկներ են, նշանակում է, որ նաև այդ բանակից փախչելու մղումը չկա և երկրոդ՝ չկա նաև համապատասխան մասնագետ: Օրինակ՝ ասենք ես  ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի  ավարտական կուրսերի պետական հանձնաժողովի նախագահ եմ և այնտեղ լավ մասնագետներ եմ տեսնում, բայց երբ տղաներին փորձում եմ բերել այստեղ ասում են, թե ինչ կարող են անել ինստիտուտում, այդքան գումարով ինչպե՞ս կարող են ապրել:

Պարոն Մելքոնյան, մեր հարցերն այսքանն էին, կա՞ որևէ բան, որի մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք ունենք էլեկտրոնային մի ամսագիր, օտարալեզու, հիմնականում անգլերեն՝  ‹‹Ֆունդամենտալ հայագիտություն›› ՝ Հին դարի պատմության բաժնի վարիչ դոկտոր Էդվարդ Դանիելյանի գլխավորությամբ: Ասեմ, որ օտարալեզու նյութերը շատ ակտիվորեն օգտագործվում են դրսի գիտնականների կողմից, որի շնորհիվ 100-ից ավել երկրներում այդ ամսագիրը կարդացվում է և ազգային կարևոր հանգուցային խնդիրների, հայագիտության  վերաբերյալ հոդվածներ են այստեղ դրված: Ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում: Մեծ ձեռքբերում է նաև  հայագիտական հանդեսների թիվը թվի կտրուկ աճը Հայաստանում:

 Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միջազգային ասպարեզում ադրբեջանցիների պատմագիտությունը լիովին վարկաբեկվել է. Ա.Մելքոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*