ԱրժեքներԺամանցՀասարակություն

Ինչպե՞ս հաղթահարել ադապտացիոն փուլը մանկապարտեզում

15.7kviews

Մանկապարտեզ հաճախումը երեխայի՝ ծնողից անկախանալու, սեփական «ես» –ը ձևավորելու կարևորագույն փուլն է: Մանկապարտեզում պարապմունքների հերթականությունը, դիսցիպլինան ձևավորում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ դիմացինին լսելու կարողությունը, կենցաղային շփումը, գիտելիքներ, որը հետագայում կարևոր նախապայման է լինում ինչպես դպրոցում, այնպես էլ կյանքի յուրաքանչյուր փուլ մտնելիս:
Մանկապարտեզ հաճախելը յուրաքանչյուր ծնողի ու երեխայի համար յուրահատուկ փորձություն է, և շատ դեպքերում ծնողները չկարողանալով տանել լացը՝ տեղի են տալիս՝ հրաժարվելով երեխային մանկապարտեզ տանելուց:
Իսկ ինչպե՞ս է ճիշտ վարվելը նման դեպքերում, քանզի երեխայի սոցիալականացման և «ես»-ի գիտակցման այս կարևորագույն փուլում պետք է շատ զգույշ գործել, հաջողությամբ հաղթահարել ադապտացիոն գործընթացը, որպեսզի երեխան որևէ կերպ չտուժի:
Այս առթիվ եղել ենք մի քանի մանկապարտեզներում, զրուցել տնօրենների, դաստիարակների, ինչպես նաև՝ ծնողների հետ: Վերջիններս ընդգծեցին, որ երեխաների մանկապարտեզ հաճախելը սկզբնական փուլում միշտ էլ դժվար է լինում, կարանտինային պայմաններից ելնելով դժվարությունը կրկնապատկվեց, քանզի երեխաները ստիպված էին տանը մնալ՝ սահմանափակ շփումներով, սակայն ծնողների հետ համատեղ ջանքերով փորձում են ամեն ինչ անել՝ իրավիճակը կարգավորելու համար:
Մեզ հետ զրույցում Երևանի N մանկապարտեզի կրտսեր խմբի դաստիարակչուհի Լ.Խ. –ն ասաց, որ երեխայի՝ մանկապարտեզ հաճախելու փուլում ծնողի աշխատանքը մեծ դերակատարում ունի. «Առհասարակ, ծնողը ծնված օրվանից երեխային պետք է ինտեգրի հասարակությանը, շփման մեջ մտցնի մարդկանց, հատկապես՝ իր հասարակակիցների հետ: Հենց սկսում է առաջին քայլերն անել՝ երեխան պետք է արդեն բակում խաղա, ընկերություն անի, մյուս երեխաների հետ շփվի, որ մանկապարտեզ հաճախումը սթրեսային չլինի, իսկ այն երեխաները, ովքեր <<մեկուսացված են>> բակային կյանքից, չունեն ընկերներ, խաղում են միայն իրենց տան խաղալիքներով՝ նրանց մոտ ավելի դժվար է լինում ինչպես մանկապարտեզ, այնպես էլ դպրոց գնալը: Խմբում երեխաների հետ, նույնիսկ զրուցելով, հասկանում ես՝ տվյալ երեխան ինտեգրված է հասարկության, թե՝ ոչ: Այսինքն՝ ծնողի կողմից այս բոլոր աշխատանքների հետևողական կատարումից հետո արդեն դաստիարակները, դայակները իրականացնում եմ դաստիարակչական այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ շփում, գեղեցիկ խոսք, կեցվածք, շարժուձև, սպասքից օգտվելու կուլտուրա և այլն: Սրանք մեր հետագա քայլերն են, բայց ադապտացիոն փուլը սկսվում է ծնողից, հետո արդեն դաստիարակի աշխատանքից: Յուրաքանչյուր երեխային մոտեցման անհատական ձև պետք է ցուցաբերել, մեկը մեծ սիրով գալիս է, մյուսը ՝ ոչ, մեկն էլ դժվար է <<պոկվում>> մայրիկից, բայց հետո ամբողջ օրը լավ անցկացնում է, և այսպես, յուրաքանչյուրի հետ անհատական մոտեցմամբ, սկսում ենք մեր աշխատանքը»,- նշեց դաստիարակչուհին:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք ծնողները ճիշտ են վարվում՝ տեղի տալով կապրիզին՝ երեխային այլևս չբերելով մանկապարտեզ՝ դաստիարակչուհին նշեց, որ եթե երեխայի մանկապարտեզ հաճախել չուզենալը պարզապես կապրիզի հետևանք է, ապա ճիշտ չէ նման կտրուկ քայլերի գնալը, հարկավոր է մոտեցման այլ ձևեր կիրառել, համոզել երեխային, բայց ոչ մի կերպ չզրկել սոցիալականացման այս կարևոր փուլից, հակառակ դեպքում՝ դա կարող է վնասել երեխային. <<Մանկապարտեզ հաճախած երեխան տարբերվում է չհաճախածից. առաջինը՝ պահվածքը, շարժուձևը, շփումը, նույնիսկ խաղալիքից օգտվելու, աթոռին նստելու ձևը…այն երեխաները, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ կարող են շփման լուրջ խնդիրներ, կոմպլեքսներ ունենալ դպրոցում էլ, համալսարանում էլ, ավելի մեծ տարիքում էլ, այսինքն՝ նախաձեռնող չեն լինի: Այնպես որ՝ ծնողից շատ բան է կախված, կարելի է ասել, նա իր այդ պահին կատարած քայլով որոշում է երեխայի ապագան>> եզրափակեց դաստիարակչուհին:

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

 

 

Leave a Response