ԱԺ ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդը ՀՀԿ-ն է. Ալ. Իսկանդարյան

Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունները որոշ չափով արդեն հայտնի են. հաղթանակի գլխավոր հավակնորդը ՀՀԿ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հանրապետական կուսակցությունը տրամադրված է խորհրդարանում 54 տոկոս ձայն ստանալու: Եթե, իհարկե, չլինի որևէ անկանխատեսելի իրադարձություն, չեմ տեսնում այլ քաղաքական ուժ, որը կարող է հանրապետականներին շրջանցել»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, եթե նույնիսկ Հանրապետական կուսակցությունը մեծամասնությամբ չհայտնվի Ազգային ժողովում, այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմի:

Մյուս լուրջ հնարավորություն ունեցող քաղաքական ուժը, ըստ Իսկանդարյանի, «Ծառուկյան» դաշինքն է, որը նույնպես կարող է մեծ տոկոսային ձայներ հավաքել:

Իսկանդարյանի կարծիքով` մնացած քաղաքական ուժերի միջև սուր պայքար է գնալու նվազագույն շեմը հաղթահարելու համար:

«Եթե մաթեմատիկորեն դիտարկենք, ընդամենը 3-4 կուսակցություն կամ դաշինք կարող է հայտնվել խորհրդարանում, այլ ուժեր ուղղակի տեղ չեն ունենա խորհրդարանում»,- ասաց նա:

Այն հարցին, թե արդյո՞ք կլինեն առաջիկա ընտրությունների օրը խախտումներ, Իսկանդարյանը պատասխանեց. «Այս ընտրություններում գրեթե բոլոր ընտրատարածքներում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական նոր սարքավորումներ, ինչպես նաև տարբեր երկրներից գալու են բազմաթիվ դիտորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուստի խախտումները հայտնաբերելը կլինի ավելի հեշտ»:

Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին:

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են,, 4-ը` դաշինք: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ծառուկյան», «Ելք», «Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդը ՀՀԿ-ն է. Ալ. Իսկանդարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*