Ալավերդու մանկապարտեզի տնօրենն ու մահացած 4-ամյա երեխայի դաստիարակը կազատվեն աշխատանքից

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու ջրահեղձ եղած 4-ամյա երեխայի դաստիարակը կազատվեն աշխատանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցը:

«Խորհրդակցության ժամանակ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հայտարարել է, որ թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակներից մեկը կազատվեն աշխատանքից»,-ասաց նա։

Անդրադառնալով մանկապարտեզի աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը, քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ խոսքը մի քանի օրվա մասին է, մինչև կադրային խնդիրները լուծվեն. «Մանկապարտեզը չի գործի մի քանի օր՝ մինչև նոր տնօրեն ու դաստիարակ նշանակվի: Մանկապարտեզի ժամանակավոր չգործելը պայմանավորված է միայն այդ հանգամանքով»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին «Ալավերդու բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանություն առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված տղա երեխա:
Պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 14-ի առավոտյան երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ նա բացակայում է։

Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում:

Նշենք, որ Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի թիվ 3 նախադպրոցական ոսումնական հաստատության վերանորոգված շենքը վերաբացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Մանկապարտեզի տնօրենն է Ռոզա Ավետյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ալավերդու մանկապարտեզի տնօրենն ու մահացած 4-ամյա երեխայի դաստիարակը կազատվեն աշխատանքից"

Leave a comment

Your email address will not be published.


*