ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» վաճառելուն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել երկրի պետքարտուղարությանն ընդդիմանալ Իսրայելի կողմից Ադրբեջանին ամերիկյան տեխնոլոգիայով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շրջանակում ամերիկյան տեխնոլոգիայի փոխանցմանը երրորդ կողմին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տարածաշրջային շահերի վերաբերյալ մտահոգությունները և զենքերի տարածման հետ կապված վտանգները, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Փետրվարի 13-ին Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրո ուղարկված նամակում Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ից խնդրել է ընդդիմանալ «Երկաթե գմբեթի» վաճառքին` այն պատճառով, որ այն «կվտանգի ԱՄՆ-ի շահերը՝ տարածաշրջանային հակամարտության վտանգները մեծացնելով, հետընթաց գրանցելով խաղաղության գործընթացում և հնարավորություն տալով, որ ժամանակակից սպառազինությունների տեխնոլոգիաները հայտնվեն հակաամերիկյան ուժերի ձեռքերում»: Հայ դատի հանձնախումբը, վկայակոչելով տեղեկատվության ազատության օրենքը, նաև խնդրել է տրամադրել Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքին վերաբերող պաշտոնական փաստաթղթերը:
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ «Երկաթե գմբեթն» Իլհամ Ալիևին կքաջալերի ագրեսիայի դիմել: «Այս վաճառքին կանաչ լույս տալը կխարխլի այն ամենը, ինչ Ամերիկան և ԵԱՀԿ-ի մեր գործընկերներն արել են խաղաղությանը նպաստելու և զենքերի տարածումը կանխելու համար՝  վտանգ ստեղծելով, որ ժամանակակից տեխնոլոգիան կապակայունացնի Կովկասը և հնարավոր է, որ հայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքերում՝ Բելառուսից մինչև Հյուսիսային Կորեա»,- հավելել է նա:
Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի մասին տեղեկությունները սկսեցին հայտնվել 2016 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հանդիպումից կարճ ժամանակ անց:
Հայ դատի հանձնախմբի տարածած խնդրագրում կոչ է արվում քաղաքացիներին վաճառքի հետ կապված դիմել օրենսդիրներին՝ ուսումնասիրելու ԱՄՆ-ի զենքի արտահանման օրենքների պոտենցիալ խախտումները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» վաճառելուն"

Leave a comment

Your email address will not be published.


*