ԱՄՆ-ն վերանայել է 6 երկրի քաղաքացիների համար գործող մուտքի արգելքում նշանածների վերաբերյալ կետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի վերանայել է իր որոշումը և հայտարարել, որ նշանածները կհամարվեն ընտանիքի մոտ անդամներ և հետևաբար՝ նրանց թույլ կտրվի այցելել Միացյալ Նահանգներ այն ընթացքում, երբ երկրում ուժի մեջ է մտել վեց երկրի քաղաքացիների մուտքի արգելքը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Վերանայման արդյունքում նշանածներն այժմ կներառվեն ընտանիքի մերձավոր անդամների շարքում»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան՝ անանունության սկզբունքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը, ԱՄՆ գերագույն դատարանի որոշման իր մեկնաբանության հիման վրա, որոշում է կայացրել, որ Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից ԱՄՆ-ում բնակվողների տատիկները, թոռներն ու նշանածները չեն կարողանա վիզա ստանալ այդ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքի գործողության ընթացքում:

Երեկ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները, որոնց համաձայն այդ երկրի քաղաքացիներից կպահանջվի ապացուցել ընտանիքի մերձավոր անդամների կամ բիզնես կապերի առկայությունը Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ հունիսի 28-ին ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեն, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում: Նշվում էր, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ:

90 օրով երկիր մուտքի արգելքն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 04:00-ին, ուժի մեջ է մտել նաև բոլոր փախստականների համար 120 օրով երկիր մուտք գործելու արգելքը:

Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, ով նույնպես խոսել է անանունության սկզբունքով, հայտնել է գործակալությանը, որ կթարմացնի իր ուղեցույցը, որով նշանածներին չի մերժվի վիզա ստանալու իրավունքն արգելքի գործողության ընթացքում:

ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի՝ մասամբ վերականգնելով առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանագրի ուժը և թույլ տալով ժամանակավոր արգելքի ուժի մեջ մտնելը Միացյալ Նահանգների հետ սերտ կապեր չունեցող մարդկանց համար: Ավելի վաղ ստորադաս դատարանի որոշումներն արգելափակել էին մարտի 6-ի հրամանագրի առանցքային հատվածները:

Դաշնային դատավորները երկու անգամ կանգնեցրել են նախագահի հրամանագրի իրագործումը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար:

Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ-ն վերանայել է 6 երկրի քաղաքացիների համար գործող մուտքի արգելքում նշանածների վերաբերյալ կետը"

Leave a comment

Your email address will not be published.


*