Վեճերի բացակայության դեպքում ամուսնալուծության գործերը դատարան չեն մտնի

Այսօր կառավարությունն ընդունեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի՝ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության վերաբերյալ ասաց, որ այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր (օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար):

«Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով»,-ասաց փոխնախարարը։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

Նա նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում են սահմանել, որ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության հիմքով ամուսնալուծությունը դատական կարգով կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ ներկայացվել է Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ պահանջ:

Փոխնախարարն ասաց նաև, որ նման պահանջների բացակայության դեպքում ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայությունը հիմք է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար: Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վեճերի բացակայության դեպքում ամուսնալուծության գործերը դատարան չեն մտնի"

Leave a comment

Your email address will not be published.


*