Արգելի ջրամբարում խեղդված 27-ամյա աղջկա հարազատները խնդրում են բացել ջրամբարը կամ կտրել ջրի հունը

Օրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի տարածքում կորած երիտասարդ աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես պատմեց Tert.am–ի խմբագրություն զանգահարած նրա ազգականներից մեկը (վերջինս չցանկացավ, որ իր անունը հրապարակվի) հարազատները խնդրում են, որ «բացվի կանալի» հունը, բայց առայժմ իրենց հորդորները մնացել են անարձագանք:

«Մենք չեն առաջարկում, կարգն է այդպես, որ պիտի բացվի կանալի հունը, կամ կտրվի ջուրը։ Բոլոր պատկան մարմիններն իրազեկված են, բայց ոչ մի բան առայժմ: Սա առաջին դեպքը չի, շատ դեպքերում դա է մնացել, որովհետև սուզակները չեն կարողանում մոտենալ։ Պատկերացրեք ահռելի մեծ լողավազան, էդ կանալը գալիս է այդտեղ, այդտեղից իջնում է «Գյումուշ» ՀԷԿ ու այդ հոսքը, որ մտնում է ավազան, ջրապտույտ է առաջացնում, իսկ դրա մեջ այնքան բաներ կան, որ սուզակը ուղղակի ի վիճակի չէ, կմտնի ու կխեղդվի: Պիտի կտրեն կանալը, բացեն դեպի ՀԷԿ, մակարդակը իջնի, որ նոր դիակը երևա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս տարածքում հայտնաբերվել էին աղջկա հողաթափերն ու գլխարկը:

Աղջկա ազգականը բացառեց, որ ջրանցքը բացելու համար իրենցից գումար են ուզում, ու հարցադրմանը, որ միգուցե սա շատ ծախսատար է, նկատեց, որ նման դեպքերում այդ պրակտիկան է կիրառվում:

«Ասեմ, որ հարազատ եղբայրս էլ է խեղդվել 12 տարի առաջ, նորից նույն ձևով կտրել են հունը. Նոր դիակը դուրս է գալիս, երևացել է: Դե հիմա ինչ ասեմ՝ չեն կտրում, բոլորն էլ տեղյակ են, բոլորին ասել ենք՝ ԱԻՆ, Չարենցավան քաղաքի ոստիկանություն, բոլորն այստեղ են եղել, բայց չգիտենք։ Աղջկա հայրը հասարակ գյուղացի մարդ է, ո՞ւմ դուռը գնա ծեծի, ավագանու դուռն են 7 անգամ ծեծում, նոր ասում է՝ ներս մտեք, ո՞ւմ ասի»,- հավելեց աղջկա ազգականը:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Աղջկա ազգականը, ով նշեց, որ զրույցի պահին կանգնած էր ջրամբարի մոտ ու հետևում էր որոնողական աշխատանքներին, պատմեց, որ ազգականներն աղջկա ինքնասպանություն գործելու վարկածն են դիտարկում, բայց թե ինչ պատճառով, ոչ ոք չգիտի:

«27 տարեկան աղջիկ երեխա, ոչ մեկս չէր պատկերացնի, ուղղակի էդ կանալը  իրենց՝ Սոլակ գյուղում տնից ոչ շատ հեռու է, թունելից դուրս է գալիս: Հա, ինքը նետել  է իրեն ջուրը»,- ասաց ազգականը և ավելացրեց, որ աղջիկը հարազատների հետ որևէ կոնֆլիկտ, որևէ վեճ չի ունեցել, ամուսնացած չի եղել, որևէ տեղ չի աշխատել:

«Ինքը մի քիչ առողջական խնդիրներ ուներ, հաշտ-համերաշխ բոլորի հետ, օգներ տնեցիքին»,-ասաց աղջկա ազգականը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արգելի ջրամբարում խեղդված 27-ամյա աղջկա հարազատները խնդրում են բացել ջրամբարը կամ կտրել ջրի հունը"

Leave a comment

Your email address will not be published.


*