«Ուխտ դեպի լույս…». Երևանի հ. 146 հիմնական դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Հայը ստեղծագործ է, արարող, չընկճվող, հաղթող, և այժմ էլ մեզ բաժին հասած դժվարությունների ծանր լուծը թոթափելը, ոտքի կանգնելը, առաջ շարժվելն ու հզորանալը յուրաքանչյուրիս պարտականությունն ու առաքելությունը պետք է լինի: Այս համատեքստում սույն թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ. 146 հիմնական դպրոցում մեծ հանդիսությամբ բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:
Լաբորատորիան, որը հնարավորություն կտա մեծարենցյան կրթօջախի սաներին անվճար սովորելու ռոբոտաշինություն, սարքաշինություն, 3D մոդելավորում և տպագրություն, բացվել է Team Telecom Armenia ընկերության ֆինանսական աջակցությամբ և Union of Advanced Technology Enterprises- UATE -ի կողմից։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին աշխարհահռչակ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, գիտնական Միխայիլ Մալենկովը Սանկ Պետերբուգից, Անուշավան և Օֆիկ Աբրահամյանները Ամերիկայից, հյուրեր Ֆրանսիայից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կ.Սարգսյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ս.Մկրտումյանը, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանի տնօրեններ, դպրոցի խորհրդակցական մարմինների անդամներ, բարեկամներ, ընկերներ և ծնողներ:
Անդրադառնալով նման լաբորատորիա ունենալու գաղափարին, կարևորությանը և հնարավորություններին՝ դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, մասնագիտությամբ լինելով ինֆորմատիկ-ֆիզիկ, մեծ նշանակություն է տալիս բնագիտական առարականերին, իսկ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք «կաղում ենք» հենց դրանցից. «Ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, քիմիա առարկաների նկատմամբ հետաքրքրությունը պետք է մեծացնել, իսկ քանի որ այս պատերազմի ընթացքում մեր հերոս տղաները հիմնականում ԱԹՍ-ների զոհը դարձան (թող այլևս երբե՛ք պատերազմ չլինի), ուստի պետք է ուսումնասիրել ինժեներական-տեխնիկական սարքավորումների կառուցվածքը, որպեսզի մեր երեխաները զինվեն գիտելիքներով, կարողանան ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնք մեզ համար հաղթանակներ կապահովեն: Ես միշտ կարևորել եմ որակյալ կրթության ապահովումը դպրոցում, և իմ բաղձալի երազանքն էր ունենալ ինժեներական լաբորատորիա, որի համար շատերին եմ դիմել և վերջապես մեր երազանքն իրականություն դարձավ: Սյսուհետ մեր դպրոցի երեխաները՝ մեծարենցցիները, կկարողանան անվճար սովորել ինժեներական ծրագրեր՝ ռոբոտաշինություն, սարքաշինություն, 3D մոդելավորում, տպագրություն, իսկ հետագայում, լիահույս եմ, նաև՝ ԱԹՍ-ների հետ կապված գործունեություն կծավալենք:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել դպրոցի Մեծ բարեկամ Արտյոմ Հարությունովին, Տելեկոմ Արմենիային և ԱՏՁ Միությանը:
Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր ղեկավար շենացնի այն կառույցը, որտեղ ինքն առաջնորդում է, և միայն այդ կերպ մեր հայրենիքն, իրոք, կհզորանա››,- եզրափակեց տիկին Դավթյանը:
Հավելենք, որ դպրոցի տնօրենը մեզ հետ կիսվեց նաև առաջիկայում նախատեսված գործողությունների պլանով, այն է՝ կենսաբանության վիրտուալ լաբորատորիա, ՆԶՊ՝ նախնական զինվորական պատրաստվածութուն առարկայի զարգացում, և Ջիվան Աբրահամյանի դպրոցի հետ բարեկամության կամուրջով համագործակցային աշխատանքի ստեղծում՝ ‹‹Հզոր հայրենիք›› խորագրով:
Հարկ է նշել նաև, որ մեկ և կես տարի է, ինչ Մ.Դավթյանը դպրոցի տնօրենն է, սակայն այս ընթացքում հասցրել է բարի կամք դրսևորած անհատի շնորհիվ շենացնել, վերանորգել ու գեղեցկացնել դպրոցը՝ կարևորելով ոչ միայն որակայլ կրթությունն, այլ նաև դրան նպաստող միջավայրի ստեղծումը:
Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը