Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու երկու տարբերակ կա. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծին: Արփինե Հովհաննիսյանը գրել է․

«Այսօրվա մասին

Մաս 1 Դրդապատճառը

Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը:

Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները: Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. 2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ու սահմանադրական դատարանն էլ արդեն պետք է որոշում կայացներ: Ու հերթական անգամ ամբողջ երկիրը սկսեց էլ ավելի ծանր շնչել այս գործով պայմանավորված վարչապետի հիվանդագին մոլուցքի պատճառով: Ամեն ինչ կրկին խառնվեց իրար: Այս նույն մոլուցքի պատճառով տհաս ֆեյքաբանակները հարձակվեցին Սամվել Կարապետյանի, Սերգեյ Համբարձումյանի վրա ու էլի մարդկանց վրա ու մի ակնթարթում սկսեցին անվանարկվել մարդիկ, որոնք մշտապես բոլոր իշխանությունների օրոք աջակցել են իրենց հայրենիքին, որոշ դեպքերում իրենց աջակցությամբ իրենց վրա վերցել են պետական գործառույթ: Սակայն ի՞ նչ կարող ես ակնկալել Նիկոլ Փաշինյանից: Նա ունակ է միայն անվանարկել, իր սեփական ապիկարության, մարդկային կյանքերը չարժեվորելու բեռը դնել ուրիշների վրա և անընդհատ ձևացնել, որ ունեն ժողովրդի աջակցությունը, երբ այդ աջակցությունը ամեն օր ավելի է մսխվում: Իսկ նա դեռ խոսում է նոր քաղաքացիական բախումներից՝ իր ու մյուսների աջակիցների թվերից։

Մաս 2 Միջազգային արձագանք

Ողջ օրը ինձ էին ուղղվում այն տրամաբանությամբ հարցեր, թե ի վերջո ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը ու որն է լուծումը, դրա համար կփորձեմ ամփոփել այսօրվա իրադարձությունները՝

Վենետիկի Հանձնաժողովը, ԵԽ Գլխավոր քարտուղարը պնդում են, որ անհնար է առանց սահմանադրական դատարանի սահմանադրական փոփոխությունների անցկացումը, անհրաժեշտ է դատավորների հեռացման համար սահմանել պաշտոնավարման անցումային ժամկետներ, բայց ինչպես միշտ իշխանությունները խուլ են ու անհաղորդ: Իշխանությունների դժգոհությունների մասին կա փաստաթուղթ, եթե կուզեք կտրամադրեմ։ Վենետիկի հանձնաժողովը ասել է շահերի բախում չկա ու ՍԴ կարող է քննել իր մասով գործ։

Մաս 3 Ներպետական քայլեր

ԲՀԿ պատգամավորները արդեն իսկ ՍԴ դիմելու գործընթաց են սկսել: Դրան զուգահեռ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չկա պատգամավորների համար ՍԴ դիմելու ընթացակարգ: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ընթացակարգը կա և հստակ է:

Ավելին՝ կա երկու տարբերակ՝

Տարբերակ առաջին
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՕՐԵՆՔ է, որը 169-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով կարող է վիճարկվել ՍԴ-ում:

Տարբերակ երկրորդ

Պատգամավորները կարող են 168-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունների մասին վեճով դիմել Սահմանադրական դատարան: Այն, որ լիազորությունների մասին վեճ կա, ավելի քան ակնհայտ է: Աժ իշխանական մասը յուրացրել է մյուս մասի՝ ընդդիմության լիազորությունը` զրկելով Սահմանադրական դատարանի եզրակացությունը ունենալու իրավունքից:

Մաս 4 Անակնկալ. նախագահ

Արմեն Սարգսյանի լիազորության սահմանափակման մասով` ինչքան էլ հապշտապ ընդունվի ԱԺ կանոնակարգում փոփոխությունները, միևնույն է կա հետադարձության խնդիր: Սահմանադրության փոփոխությունները ընդունվել են այսօր, իսկ ԱՅՍՕՐ գործող կարգի համաձայն այդ փոփոխությունները հենց պարոն Սարգսյանն է պարտավոր ստորագրել:

Դեռ չստորագրված նախագիծը չի կարող կիրառվել, արդեն ընդունված ՍԴ փոփոխությունների վրա: ԱԺ նախագահը պարտավոր է վաղը ուղարկել դրանք նախագահին։ Նախագահն էլ կորոշի ստորագրել թե ոչ։ Ի դեպ կորոշի ստորագրել իր լիազորությունների սահմանափակման մասին օրենքը թե ոչ։ Բայց հետ ու առաջ անել չեք կարող:

Հ.Գ. Եթե ուշադրություն եք դարձրել այսօր չեմ դիմել իմքայլական պատգամավորներին, որովհետև ավելորդ եմ համարել: Մեկ երկուսին հարգում եմ, մյուսներին՝ ոչ։ Փոխադարձաբար։ Այսօր նրանք ևս մեկ անգամ դարձան սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մասնակից: Այս պատմության մեջ ափսոսում եմ միայն այնքան երիտասարդ, սակայն մոլորյալ Ռուստամ Բադասյանին: Երբ Ռուստամը Բադասյան ուսանում էր իրավագիտության ֆակուլտետում, վստահ եմ, որ ո’չ ինքը, ո’չ էլ իմ մյուս ուսանողները չէին ենթադրում, որ մի օր ոչ իրավաբան պատգամավորը, որը նույնիսկ չի կարողանում իրեն տրամադրված տեքստը վարժ կարդալ, կհայտարարի, որ երկրում Սահմանադրությունը փոխվում է առանց ՍԴ-ի, առանց նախագահի ստորագրության: Անկեղծորեն ցավում եմ, որ տղան մեղանչեց իրավունքի առաջ։ Նա հույս ներշնչող իրավաբանից վերածվեց անհաղորդ դեմքով ԱԺ ամբոնից իրականությունը և միջազգային կառույցների կարծիքները նենգափոխողի, իր պատրոնի կամքը անվերապահ կատարողի»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու երկու տարբերակ կա. Արփինե Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*