Մենք ՕՐՕ-ի խաղը չենք խաղալու և չենք մտնելու այդ շինծու սյուժեի մեջ. Արմեն Աշոտյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, հակադրվելով քաղաքական ամենամեծ հավակնություններ ունեցող իշխանական ուժին, իր ռեյտինգի բարձրացման շանս է տեսնում, բայց մենք այդ խաղը չենք խաղալու, մենք չենք մտնելու այդ շինծու սյուժեի մեջ:

Այս մասին «Ազատության» ռադիոկայանի եթերում այսօր ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները՝ մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարոզարշավներում մարդկանց սակավությունը կապել էր ՀՀԿ-ի կողմից գործադրվող վախի և ճնշումների հետ:

«Վստահաբար ճնշումներ չկան, և Հանրապետականի ու ՕՐՕ-ի հակադրության կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից գուցե ձեռնտու է ՕՐՕ-ին՝ հակադրվելով քաղաքական ամենամեծ հավակնություններ ունեցող իշխանական ուժին՝ նրանք իրենց ռեյտինգի բարձրացման շանս են տեսնում: Բայց մենք այդ խաղը չենք խաղալու, մենք խաղում ենք բացառապես մեր քարոզչական ծրագրերի շրջանակներում և չենք պատրաստվում մտնել այս շինծու սյուժեի մեջ»,- նշեց նա:

Աշոտյանի խոսքով՝ միամիտ կլիներ մտածել, որ ՕՐՕ-ն և ՀՀԿ-ն հակադրություններ ունեն, և ՀՀԿ-ն միտումնավոր խոչընդոտում է ՕՐՕ-ի կամ այլ քաղաքական ուժի նախընտրական գործունեությունը։
«Միամիտ կլիներ, եթե ՀՀԿ-ն մտներ այդ խաղի մեջ»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ ՕՐՕ-ն նման քարոզչական հնարքով փորձում է հասարակությանը ցույց տալ, որ իրական ընդդիմությունն իրենք են։

«Բոլորն էլ ուզում են հակադրվել ՀՀԿ-ին, դառնալ հակա-ՀՀԿ բևեռ, որպեսզի կարողանան իրենց շուրջ համախմբել այն ընտրողներին, որոնք ծայրահեղ ընդդիմադիր են»,- ընդգծեց նա:

Հարցին, թե լարվածություն չկա՞ ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ-ի միջև, Աշոտյանը պատասխանեց, որ Հանրապետականի ներսում կա միայն մեկ լարվածություն՝ գերծանրաբեռնված աշխատանքն է, այլ տեսակի լարվածություն, ըստ Աշոտյանի, ՀՀԿ-ն չունի:

Խոսելով քարոզարշավի արդյունքների և ՀՀԿ շանսերի մասին՝Աշոտյանը նշեց, որ քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից Հանրապետականն իրականացնում է ամենանորարար, ամենաինտենսիվ, ամենահագեցած քարոզարշավը։

«Մենք ամեն օր տեսնում ենք հետարքրքության, ուշադրության, հավատի աճ դեպի մեր ասելիքը»,- ասաց նա: 

 

Հակոբ Ասլանյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մենք ՕՐՕ-ի խաղը չենք խաղալու և չենք մտնելու այդ շինծու սյուժեի մեջ. Արմեն Աշոտյան"

Leave a comment

Your email address will not be published.


*