Աշխատելու եմ նույն ոգով ու եռանդով. Կ.Ղազարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք սույն թվականի  սեպտեմբերի 18-ին  ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ուստի gmpress.am-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պարբերաբար կներկայացնի համայնքների կյանքն ընտրությունների նախաշեմին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդարացվե՞լ են արդյոք ժողովրդի սպասելիքներն իրենց ղեկավարից, և կամ ինչ նպատակներ կան հետագայի համար: Այս առումով եղանք ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում, զրուցեցինք ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ բնակիչների հետ: Բայց մինչ բուն թեմային անդրադառնալը կարճ  պատմական ակնարկով ներկայացնենք  հարուստ, հերոսական պատմություն ունեցող այս համայնքին:

  Արարատի մարզի Արարատ գյուղը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է: Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին:  Ինչպես փաստում է պատմությունը՝ Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվով, դավով, վեճով լի։ Մի բան  պարզ է, որ արարատցիները  կամ  դավալեցիները պատվասեր և հյուրասեր  են, պատվախնդիր ու հայրենասեր, զենք գործածելու մեջ՝ հմուտ. յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Սա   է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից ԼՈւ է դարձել։

 Իսկ թե առհասարակ ինչ աշխատանքներ են կատարվել Արարատ գյուղում վերջին 4 տարիներին, կամ ինչ աշխատանքներ են նախատեսվում կատարել հետագայում, ինչ խոսք ունի համայնքի ղեկավարը ընտրությունների նախաշեմին` իմանալու համար զրուցեցինք  համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանի հետ, որը  ներակայացնում ենք Ձեր ուշադրությանը ստորև:

‹‹Չնայած, որ պաշտոնապես գյուղի հիմնադրման տարեթիվը համարվում է 1828թ.-ը,  բայց այն հազարամյակների պատմություն ունի, որի մասին է վկայում նաև  վերջերս լեռան ստորոտում բացված հին բնակատեղին իր հնագիտական նյութերով՝ կարասներ ու այլ իրեր, որոնք նախնական տվյալներով մ.թ.ա առաջին հազարամյակի իրեր են . այժմ տարածքը գտնվում է հնագետների ուշադրության կենտրոնում: Գյուղում պահպանվել են 1600-ական թվականների գերեզմանաքարեր , այդ իսկ պատճառով էլ գյուղի գերեզմանոցը համարվում է պատմամշակութային հուշարձան:

 2016թ հունվարի 1-ի դրությամբ 8745 բնակիչ ունեցող գյուղում ապրուստի հիմնական միջոցն  ինչպես և բոլոր գյուղերում, գյուղատնտեսությունն է՝ բանջարաբուծություն, խաղողագործություն, նաև՝ անասնապահություն, որով հիմնականում զբաղված են եզդիները. գյուղում 50 եզդի ընտանիք կա: Կան նաև համայնքից դուրս աշխատողներ՝ <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> և <<Արարատցեմենտ>> գործարաններում: Բացի այս ամենից, գյուղում մշտապես ‹‹ինքնազբաղվածություն››  ստեղծվում է:

Ծրագրեր և ներդրումային աշխատանքներ  կատարվել են գրեթե բոլոր ոլորտներում, համաձայն 2012-2016թթ համայնքի զարգացման քառամյա ծրագրի:

 2014թ-ին  խմելու ջրագիծ է անցկացվել և կարելի է ասել, որ 95 տոկոսով համայնքում կենտրոնացված ջրամատակարարում կա: Այս պահին, քանի որ ամառ է և սպառումը շատ է՝ ջուրը ռեժիմով է մատակարարվում բնակչությանը: Ոռոգման ցանցը  բավարար վիճակում է, ունի բարեփոխման կարիք:

 Գյուղի գլխավոր ճանապարհները ասֆալտապատ են, բայց այդուհանդերձ, այստեղ խնդիրներ կան, ունենք ոչ ասֆալտապատ փողոցներ, բայց ճանապարհների մեծ մասը խճապատված են ու բարեկարգ, ինչպես նաև հողային գրունտով դաշտամիջյան ճանապարհները պարբերաբար բարեկարգվում են, խճալցվում: Ասֆալտապատման կարիք ունեն միջհամայնքային ճանապարհները, գյուղի գլխավոր մուտքը, վերջինս  մեր կողմից ընդգրկվել է  հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մեջ, ներկայացվել է   մարզպետարան, Կառավարության կողմից տրամադրվող միջոցներով բարեկարգելու համար, որը,  ցավոք, այս տարի էլ  չիրականացավ: Ասֆալտապատման աշխատանք անցած տարի ենք արել մեր համայնքի ուժերով:

Փողոցային լուսավորության հետ կապված  խնդիր այսօր արդեն համոզված կարող եմ ասել  չկա ՝ համայնքի փողոցները, գրեթե 98  տոկոսով,  գերեզմանոցի տարածքը ամբողջությամբ  ապահովված են լուսավորությամբ: Նույնիսկ  գյուղի մի հատվածի լուսատուների լապտերները բոլորովին վերջերս փոխարինեցինք  էկոնոմ լապտերներով:  Իհարկե,  սա գյուղի բյուջեի հաշվին չէր, կատարվել է Բնապահպանության  նախարարության  կողմից իրականացված ծրագրի շրջանակում, և ըստ պայմանագրի, արդյունքում  խնայած  էլ.էներգիայի գումարով էլի կգնենք էկոնոմ լապտերներ: Արդեն մի քանի տարվա ընթացքում լուրջ գումարներ կխնայենք, որոնք կուղղենք այլ նպատակների իրագործման համար:

Աղբահանությունը մշտապես կատարվում է, որի համար տրամադրված է մեկ մեքենա և մեկ տրակտոր:, Աղբի կուտակման վայր  չենք ունեցել և  գյուղից դուրս եկող ճանապարհի եզրը երկայնքով մեկ դարձել էր աղբավայր, այժմ այդ հարցը ևս  լուծված է. ‹‹Բելազների փոս›› կոչվող  վայրում բնակավայրից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացված է մոտ 2 հա տարածք, ուր կատարվում է աղբի խրամատավորում:

Տրանսպորտի խնդիր, որպես այդպիսին չունենք, գյուղի միջով հաստատված գրաֆիկով  անցնում է Երևան-Երասխավան երթուղայինը, իսկ մնացած դեպքերում մարդիկ օգտվում են Արարատ քաղաքի տրանսպորտից: Քանի որ բնակավայրի սփռվածությունը մեծ է, մեզ համար խնդիր է Արարատից կամ այլ համայնքներից այստեղ եկող աշակերտների և ուսուցիչների փոխադրման  հարցը, ովքեր ստիպված են լինում ոտքով մեծ ճանապարհ անցնելու:  Այս հարցով դիմել են ինձ, և ես իմ հերթին  հարցը բարձրացրել եմ տարբեր հարթություններում:  Հանրապետական կուսակցության Արարատի  շրջանային գրասենյակի ղեկավար Արայիկ  Սարդարյանն է խոստացել այս հարցը կարգավորել, և սեպտեմբերից այս  հարցն էլ կլուծվի, այսինքն՝  Արարատ-Զոդ միջհամայնքային տրանսպորտը կանցնի  երկու դպրոցների մոտով››:

Արարատում  համայնքի միջոցներով գործում է ուսանողական ավտոբուս, որն  անվճար հիմունքներով իրականացնում է ուսանողների փոխադրումը  Երևան:  Հարկ է նշել, որ մինչ գյուղապետի հետ հանդիպումը՝ գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ ամեն տարի սպասում են, <<Գեոպրոմայնինգ Գոլդի >> (հարևանությամբ գտնվող ոսկու գործարան) կողմից տարիներ առաջ դեռ հանրային լսումների ժամանակ խոստացված ավտոբուսին, ի վերջո, կտրամադրվի: Այս հարցի մասին Կ.Ղազարյանը միայն նշեց, որ խոստման կատարման դեպքում իրենց ծախսերը կպակասեն և այդ միջոցները կկարողանան այլ նպատակների ուղղել: Սրանից զատ համայնքի միջոցներով ավտոբուս է տրամադրվում նաև դպրոցներին՝ էքսկուրսիաների  և նմանատիպ այլ նպատակների  համար:

‹‹Մեր ամենօրյա ուշադրության տակ ենք պահում համայնքի կրթօջախները:  Այս պահին ունենք հրաշալի մանկապարտեզ, 2 մասնաշենքով գործող, և բացի լավ պայմաններից  հաճախում են նաև հրաշալի սաներ, որոնք արդեն որպես պատրաստի աշակերտ գնում են դպրոց: Այս տարի ‹‹Սպորտլանդիայի›› մրցումներին նրանք գրավել են երկրորդ տեղը, չնայած որ իրենց ցուցաբերած արդյունքով առաջինն էին:  Մանկապարտեզի մասին խոսելը քիչ է, այն պետք է  տեսնել: Տեսնել, թե ինչ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող  պայմաններ ենք ստեղծել մեր երեխաների համար Հայաստանի տարածքային զարգացման Հիմնադրամի /նախկինում Սոցներդրումների հիմնադրամ/ և <<Կամրջակ>> ԲՀԿ-ի  հետ համագործակցության արդյունքում, ավելին   արդեն մեկնարկել է  մանկապարտեզի հիմնանորոգման  ծրագրի 2-րդ փուլը, վերաբացվելու է 3-րդ մասնաշենքը, իսկ <<Արաբկիր>> հիմնադրամի նախագահ պարոն Բաբլոյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մի  մասնաշենքը ծառայելու է Սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների վերականգնողական մանկապարտեզի համար: Սա, համենայնդեպս, մեր մարզում նախադեպը չունեցող ծրագիր է:

Երեք դպրոցներում  պարբերաբար   կատարվել են վերականգնողական  աշխատանքներ համայնքապետարանի  ֆինանսական միջոցներով՝ վերանորոգվել են դասասենյակներ, ճաշարան, դահլիճ:   Դպրոցներից մեկում դպրոցահեն նախակրթարան է գործում, որը բացվել է մեր համաֆինանսավորման շնորհիվ:

Դեռևս անցած տարվանից դպրոցներում գործում է <<Տաք սնունդ>> ծրագիրը, և երեք դպրոցների  ճաշարաններում մեր միջոցներով իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, տրամադրել ենք ամբողջ սպասքը :

Արդեն ավանդույթ է դարձել համայնքում  մեծ շուքով <<Վերջին զանգ>> նշելը, որն  այս տարի ևս ոչ պակաս  շուքով նշվեց. դպրոցների ‹‹Վերջին  դաս›› ցերեկույթներից հետո Սուրբ Հակոբ եկեղեցում շրջանավարտները օրհնություն ստացան, որին հաջորդեց  ֆուրշետ հյուրասիրություն եկեղեցու բակում, երգ, պար:  Եկեղեցու խաչքավորի  և մեր կողմից արծաթե խաչեր են բաժանվել շրջանավարտներին: Իսկ վերջում Հաղթանակի հուշահամալիր այգում տեղի ունեցավ  մեծ  համերգ՝ հայտնի աստղերի մասնակցությամբ: Տոնական օրն ավարտեցինք  տոնական հրավառությամբ:

Քանի որ խոսք գնաց  միջոցառումներից և Սուրբ Հակոբ եկեղեցուց, ասեմ, որ համայնքն ապրում է հոգևոր մշակութային ակտիվ կյանքով: Եկեղեցու հետ մեր կապը շատ սերտ է, ամուր, բոլոր եկեղեցական տոներին համայնքն իր ներդրումը, նվիրատվությունն ու մասնակցությունն է ունենում, իսկ  մեր կազմակերպած բոլոր միջոցառումներին հոգևոր հայր Տեր Դավիթ քահանա Սահակյանը ներկա է լինում: Մեր երեխաները դաստիարակվում են հոգևոր բարձր արժեքներով,  Տեառնընդառաջի  տոնին մեր եկեղեցում տվյալ տարում պսակադրված զույգերը  օծված նվերներ են ստանում՝ ոսկյա խաչերի և Աստվածաշնչի  տեսքով: Անցած տարի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել:

Ընտրվելուցս հետո՝ իմ նախաձեռնությամբ ամեն տարի, օգոստոս ամսվա  շաբաթ օրերին նմանը չունեցող Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր այգում համերգներ են կազմակերպվում բնակչության համար՝ հոգսաշատ շաբաթը գոնե ինչ-որ կերպ մեղմելու համար, իսկ սեպտեմբերին արդեն գալա համերգ է լինելու: Կա խաղահրապարակ, ուր պարբերաբար ավելացնում ենք նոր խաղ-կենտրոններ:

Պետք է նշեմ նաև, որ մեզ հարակից զորամասի հետ պարբերաբար ռազմական դասեր ենք կազմակերպում, որտեղ երեխաները ռազմագիտության ուսուցչի ղեկավարությամբ կրակի դասընթացներ են իրականցնում, որի արդյուքում արդեն պատրաստի զինվոր ենք ուղարկում բանակ՝ թե զենքին տիրապետելու առումով և թե հայրենասիրության: Այս քառօրյա պատերազմի ընթացքում գյուղից վիրավորներ ունեցանք, բայց  բազմաթիվ շնորհակալագրեր ու մեդալներ ևս ունեցանք: Գյուղի բնակիչներն էլ բարեգործական ակցիա իրականացրեցին, որի շրջանակներում սնունդ և առաջին անհարժեշտության իրեր ուղարկեցին սահման՝ բոլոր արկղերի վրա սրտաբուխ, ոգևորող քառատողեր գրելով:

Ունենք 5 սպորտային թիմեր, ֆւտբոլի թիմն այս տարի ՀՀ պատանեկան առաջնությանը առաջին տեղը գրավեց: Առայժմ մարզադաշտի խնդիրը չի լուծվել, բայց ես խոստացել եմ, որ հաղթանակի դեպքում այդ հարցը կփորձեմ կարգավորել:

Այս պահին շինարարական աշխատանքներ են տարվում հուշահամալիրում, ունենք քայքայված լողավազան, որը վերանորոգման փուլում է, ջրի հարցն էլ  արդեն լուծված է: Մինչև ամսվա վերջ պատրաս կլինի և երեխաները հնարավորություն կունենան լողանալու ու մարզվելու:

Կարելի է ասել, որ քառամյա ծրագրով նախատեսված աշխատանքների մեծ մասն իրականցվել է, ինչ-որ բաներ կան, ասենք՝ սպորտհամալիրի կառուցում, գյուղ մտնող մուտքերի բարեկարգում և այլն, որոնք նորից վերընտրվելու դեպքում անպայման ավարտին կհասցվեն››,- նշեց  Կ.Ղազարյանը:

Արարատ համայնքի ղեկավարը մեզ հետ իր բովանդակալից զրույցն ավարտեց շնորհակալական խոսքերով՝ ուղղված իրեն հավատարիմ ու աջակից մարդկանց, ինչպես նաև իր նախընտրական խոսքը հղեց համայնքի բնակիչներին. ‹‹Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և խոստումներին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներիս՝ ցանկացած հարցում կողքիս լինելու, աջակցելու համար: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել ավագանու անդամներին՝ բոլոր նախագծերում կառուցողական մոտեցման , աջակցության և իրենց լուման ներդնելու համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մեր ընտրատարածքի  պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝  գյուղում   կատարած աշխատանքների, մշտական աջակցության, օժանդակության  համար:

Գյուղացիներիս էլ շնորհակալությունից զատ ուզում եմ ասել, որ կրկին վերընտրվելու դեպքում հաջորդող տարիների ընթացքում աշխատելու եմ նույն ոգով ու եռանդով՝ անհնարինը հնարավոր դարձնելով, ինչպես արդեն ցույց է տվել փորձը:

Ես սիրում եմ իմ գյուղը, հայրենիքս, ծառայել ու ծառայելու եմ երկրիս՝ վաղվա պայծառ օրվա համար››:

Վերջում հավելենք, որ զրուցեցինք նաև գյուղացիների հետ և համարյա բոլորը նույնն էին ասում, թե շատ լավ, կամեցող և գործունյա տղա է իրենց գյուղապետը, ամենակարևորը ջրի հարցը լուծեց, որն իսկական փրկություն էր իրենց  համար: Համայնքի բնակիչներից մեկն էլ՝ Սեդրակ Խանոյանը այդ ամենից զատ առանձնացրեց  կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, որ մինչ այդ չէին տեսել, որոնց գալիս են ներկա գտնվելու նաև հարևան համայնքներից. ‹‹Այստեղ գալիս են նույնիսկ հանգստանալու, իսկ դա արդեն մեծ ձեռքբերում է››,- հավելեց նա:

Հ.Գ. Ընտրությունների ընթացքի և ելքի մասին կտեղեկացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշխատելու եմ նույն ոգով ու եռանդով. Կ.Ղազարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*