Խոսքը՝ ձեզնից, գործը՝ ինձնից

 

Շարունակելով ներկայացնել գյուղական և քաղաքային համայնքերի աշխատանքների տարեկան ամփոփումը՝ այս անգամ հանգրվանեցինք Արարատի մարզի Այնթապ համայնքում:
Մինչ բուն թեմային անդրադառնալը` նախ նշենք, որ հոկտեմբերի 30-ին Այնթապի մսուր-մանկապարտեզում մեծ շուքով նշվեց արդեն ավանդական դարձած ‹‹ՈՍԿԵ ԱՇՈՒՆ›› միջոցառումը, որին մասնակցեցին բոլոր վեց խմբերի երեխաները: Միջոցառման շրջանակներում մանկապարտեզի այգում տեղի ունեցավ ցուցադրություն՝ աշնանային գույների գերիշխանությամբ, որն ուղեկցվեց երգ ու պարով, ասմունքով և փոքրիկների կողմից ոսկեզօծ աշնան ու նրա բարիքների գովքով: Վերջում հյուրերը շրջեցին տաղավարներով և համտեսեցին շռայլ աշնան բարիքները:

Անդրադառնալով բուն թեմային՝ ներկայացնում ենք 2017-2018 թթ. ընթացքում Այնթապ համայնքում կատարված աշխատանքները: Պետք է նշել, որ համայնքապետարանը մշտապես, ամեն տարի անապահով ընտանիքներին գումարներ է փոխանցում, մասնավորապես՝ փոխանցվել են գումարներ անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի, ուսանողների ուսման վարձի, հիվանդների բուժման համար: Ֆինանսական օգնություն է տրվել նաև համայնքի ենթակայության տակ գտնվող բուժամբուլատորիային՝ դեղորայք և սարքավորումներ ձեռք բերելու համար: Կատարվել են փողոցային լուսավորության և գազաֆիկացման աշխատանքներ՝ 2017 թվականին ավարտին հասցնելով համայնքի մնացած բոլոր փողոցների գազաֆիկացումը: Մեկնարկել են I — V շարքերի լուսավորության աշխատանքները:
Համայնքում մեծ ուշադրություն է դարձվում նաև կրթօջախներին ու նրա սաներին .այս համատեքստում Թիվ 1 միջն դպրոցի ճաշարանին տրվել է խոհանոցային սպասք, երկու դպրոցների շրջանավարտներին գումար է տրվել  ՝ տարեվերջյան էքսկուրսիաներ կազմակերպելու նպատակով: Երկու դպրոցների առաջին դասարանների աշակերտներին տրվել են պայուսակներ, գրենական պիտույքներ:
Համայնքի աշխատավորական կոլեկտիվներին, ՀՄՊ-ի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատամարտիկներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, դպրոցների նախակրթարանների և մսուր-մանկապարտեզի սաներին, վետերան ոստիկաններին տրվել են տարեմուտի նվերներ:
Խոսելով նվերների մասին՝ պետք է ընդգծել, որ Այնթապում մշտապես նշվում են օրացույցային բոլոր տոները հավուր պատշաճի՝ ընդգրկելով նաև համայնքի երկու միջնակարգ դպրոցների, մսուր-մանկապարտեզի մանկավարժական կոլեկտիվներին, սաներին և աշակերտներին: Վերոնշյալի շրջանակներում մարտի 8-ին տրվել են նվերներ դպրոցների, մսուր-մանկապարտեզի, համայնքապետարանի, բուժամբուլատորիայի, Հայփոստի Այնթապի բաժանմունքի կոլեկտիվների կանանց, մայիսի 9-ին դրամական միջոցներ են հատկացվել ՀՄՊ- վետերաններին, զոհված ազատամարտիկների ծնողներին, ազատամարտիկներին, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերներ են հանձնվել համայնքային միջոցառման մասնակից երեխաներին:
Բարեկարգվել է Այնթապի հերոսամարտին նվիրված հուշարձան-կոթողի տարածքը. տնկվել են դեկորատիվ և մշտադալար տնկիներ, կատարվել են լուսավորության աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Վերջերս տեղադրվել է կարուսել, սղարան, ճոճանակ, զրուցարան, նորոգվել է ցայտաղբյուրը:
Ներկայումս կառուցվում է Մշակույթի տունը, որը շահագործման հանձնելուց հետո կբացվի 30-32 աշխատատեղ: Մշակույթի տունն ունենալու է սպորտային համալիր, գործելու են զանազան խմբակներ:
Հավելենք նաև, որ ձեռք է բերվել սպորտային գույք և գործում է սպորտային անվճար խմբակ:

Հարկ է նշել, որ այս ամենն, ինչպես փաստում են համայնքապետարանի աշխատակիցները՝ գյուղապետ Կ. Սարգսյանի համառ աշխատանքի շնորհիվ է, ով մշտապես առաջնորդվել է «Խոսքը՝ ձեզնից, գործը՝ ինձնից» կարգախոսով:

Այս և այլ համայնքներում հետագա անելիքների և աշխատանքների մասին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "           Խոսքը՝ ձեզնից, գործը՝ ինձնից"

Leave a comment

Your email address will not be published.


*