Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման մասին որոշումը

Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել է Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Այդկերպ՝ Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին որոշումն ուժի մեջ է մտել, քանի որ Բելառուսի գերագույն դատարանը վերջին ատյանն է, որտեղ նա կարող էր բողոքարկել գլխավոր դատախազության որոշումը:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա:
Ինչպես գրում է ТАСС-ը, արտահանձնման սպասող Լապշինը դեռ չի տեղափոխվի Ադրբեջան այն պատճառով, որ նրա կինը պաշտոնապես դիմել է բելառուսական իշխանություններին՝ նրան լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով:
«Նա դիմել է Մինսկի քաղգործկոմի ներքին գործերի գլխավոր վարչության՝ քաղաքացիության և միգրացիայի հարցերով բաժին՝ ամուսնուն լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով»,- նշել է փաստաբանը:
Բելառուսական օրենսդրության համաձայն՝ լրացուցիչ պաշտպանություն տրամադրվում է հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացուն, որը չունի հիմքեր իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար, բայց «կան հայրենիք վերադառնալուն պես մահապատժի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի ձևերի բախվելու հիմնավորված մտավախություններ»:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։
«Բելառուսը հիմքեր չունի Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար»,- փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել էր, որ այդ հարցը կորոշվի «օրենքով և միջազգային համաձայնագրերով»: Նա նաև կասկած էր հայտնել, թե Գերագույն դատարանը կբավարարի Ադրբեջանին արտահանձնման վերաբերյալ բլոգերի բողոքարկումը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման մասին որոշումը"

Leave a comment

Your email address will not be published.


*