Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ բազմահազար քաղաքացիների պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ ՀայաստանՆ» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն։

«Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա: Որևէ թաքուն, որևէ ոչ հրապարակային քայլ երբևէ չի արվել և չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»,– ասաց նա:

«Ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցանցերում… գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում և, երբ հետևում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետև այո՛, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են և դա փաստ է»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե բացարձակ ապատեղեկատվություն է, որ Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ. . «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ «Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»։

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով կրկին արյունահեղության վտանգ կստեղծվի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց` ոչ. «Բոլոր հարցերը կուղղեք պարոն Ծառուկյանին, Դուք առաջիկայում դրա հնարավորությունը կունենաք»: Ն.Զոհրաբյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում: Նա կոչ արեց ոչ իշխանական բոլոր այն ուժերին, որոնց նպատակը ազատ, արդար ընտրություններն են, միավորվել` պայքարելու ընտրողի քվեն պաշտպանելու համար. «Այս պահին դաշինքային այլ ֆորմատ ԲՀԿ-ն չի քննարկում»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում. Նաիրա Զոհրաբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*