«Հարց է ծագում՝ ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ»

Պատգամավոր Արամ Հարությունյանի գործով կարևոր է պարզել՝ վերցված կաշառքը գնացե՞լ է ավելի վերևներ: Այս մասին այսօր Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հարց է ծագում՝ այդ նախարարը, որ կաշառք ա վերցրել, ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ: Հարց է ծագում՝ իսկ արդյոք այդ կաշառքներն ավելի վերև հոսել են, թե՞ չեն հոսել: Այդ ամենը կարող ենք ենթադրել, բայց այդ հարցերի պատասխանը կարող է տալ նախաքննությունը»,- ասաց Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովը չի խոչընդոտի Արամ Հարությունյանի գործի քննությանը:

«Արամ Հարությունյանի գործի հետ կապված, որը վաղը կամ մյուս օրն է ԱԺ-ում քննարկվելու, արդեն մտահոգություն է հնչում, որ քվորում չի լինի: Կարող է լինել այդպիսի բան, որովհետև ԱԺ մեծամասնությունը Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են, և ըստ էության ՀՀԿ ներկայացուցիչները կարող են բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստի, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հույս ունի, որ ԱԺ բոլոր պատգամավորներն այդ հարցի քննարկման համար կներկայանան ԱԺ, կգրանցվեն: «Եվ ես հույս ունեմ, որ չենք խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին ու արդար քննությանը: Բայց եթե նույնիսկ այդպիսի բան տեղի ունենա, մեծ հաշվով արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Հայաստանի գլխավոր դատախազն այսօր առավոտյան միջնորդություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի օրակարգում ընդգրկվի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարար է, նա կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Քիչ է, թե շատ, դա քննությունը կպարզի: Սա հերթական մի դրսևորումն է և ապացույցն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինելու ենք հետևողական: Բայց ես ուզում եմ միայն այս գործի օրինակով ներկայացնել, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը շատ դեպքերում տևում երկար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները, ըստ գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրեական գործի քննությունը պատշաճ ձևով չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պաշտոնապես պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկած հարցմանը, որն ուղարկվել էր ԱԳՆ միջոցով:

Եվ այն պատասխանը, որն ակնկալել են ստանալ Հայաստանի քննչական մարմինները, ըստ Փաշինյանի, ստացվել է 4-5 ամսում: «Երբ որ այդ պատասխանը գար, բուն գործողությունները, որոնք պետք է անեին մեր քննչական մարմինները, տևելու էր մեկ շաբաթ, 10 օր: Բայց միայն այդ հարցմանը մեր քննչական մարմինները ստիպված էին 4 ամիս սպասել: Ընդ որում, այդ գործի ոչ պաշտոնական տեղեկությունը քննչական մարմինները հայթայթել էին, ունեին: Այսինքն՝ իրենք նախապես գիտեին, թե ինչ պատասխան է գալու: Բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէր, որևէ տեղեկություն չի կարող դրվել մարդուն մեղադրելու հիմքում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում եղել է, որ ինչ-որ աղմկոտ քրեական գործ է հարուցվել, հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, գրավով և այն: Եվ մարդկանց մեջ եղել է խոսակցություն, թե՝ շոու արեցին բռնեցին, պայմանավորվեցին, բաց թողեցին: «Ես ուզում եմ ձեր աչքերի մեջ նայել և ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարում և ընդհանրապես որևէ բանում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում գործարքներ կնքենք որևէ հարցի վերաբերյալ: Առավել ևս այն հարցերի վերաբերյալ, որոնք սկզբունքային են եղել Հայաստանում թավշյա հեղափոխություն անելու հարցում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հարց է ծագում՝ ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ»"

Leave a comment

Your email address will not be published.


*