Դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը հանգեցրել է խնդիրների

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասցեագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև` Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է դեղերի բաց թողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողութան մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը, քանի որ չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ: Հարցն առավելապես տարվում է դրվագային լուծումների ճանապարհով:

Նախարարությունը պետք է հատկապես պարզաբանի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ տարվող քաղաքականության հետևանքով անարդարացի ծանրաբեռնվելու են բժիշկները, ինչն էլ ուղղակիորեն ազդելու է բնակչությանը մատուցվող բժշկակական ծառայությունների որակի վրա:

Մարդու իրավունքների պաշտպանին արդեն իսկ հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հիվանդանոցներն ապահովված չեն բավարար քանակի դեղատոմսերով: Ըստ բողոքների՝ պոլիկլինիկաները հիվանդանոցի հետազոտման արդյունքները հիմք չեն ընդունում դեղատոմս տրամադրելու համար՝ պահանջելով նույն հետազոտությունն անցնել նաև պոլիկլինիկայում:

Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ:

Նախարարությանն առաջադրվել են հարցեր՝ կապված մասնագետների մտահոգությունների հետ, ինչպես նաև պահանջներ՝ կապված հանրային իրազեկման աշխատանքների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը հանգեցրել է խնդիրների"

Leave a comment

Your email address will not be published.


*