Ավանի հոգեբուժարանում ռումբի առկայության և Բաղրամյան պողոտայում շենքի պայթելու մասին կեղծ ահազանգ տված երիտասարդը հայտնաբերվել է

Փետրվարի 6-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է դրված և 3 ժամից պայթելու է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը և համապատասխան գերատեսչությունների մասնագետները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

Նույն օրը, ժամը 15.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, այս անգամ՝ Արաբկիրի բաժնում, համանման մեկ այլ հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ մեկ ժամից Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկը կպայթի:

Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է և այն կատարվել է Մաշտոցի պաղոտայի թիվ 5 հասցեում գտնվող տաքսաֆոնից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Մաշտոցի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախուզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը Երևանի Մեծարենցի փողոցի բնակիչ, 1987 թ. ծնված Էդգար Վ.-ն է: Նա փետրվարի 7-ին, ժամը 8:15-ին, հայտանաբերվել է Երևանի Անդրանիկի փողոցում և ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո խոստովանել, որ ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակն ինքն է:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ավանի հոգեբուժարանում ռումբի առկայության և Բաղրամյան պողոտայում շենքի պայթելու մասին կեղծ ահազանգ տված երիտասարդը հայտնաբերվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*