Հանձինս Նաիրա Զոհրաբյանի՝ մենք հոգատար քաղաքապետ կունենանք. Վ.Էնֆիաջյան

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկ օր է, ինչ մեկնարկել է և արդեն իսկ երևում է, որ մրցակացությունը թեժ է լինելու, քանզի բոլորն էլ  Երևանն առավել բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու սեփական գայթակղիչ տարբերակներն ու ծրագրերն ունեն: Այս համատեքստում զրուցեցինք Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան հետ, ով ներկայացրեց իրենց անելիքները,  ծրագրային առանձնհատկություններն ու առավելությունները:

‹‹ԲՀԿ-ն առանձնանում է նրանով, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր փորձագետների հետ համատեղ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակելով սեփականը՝ առաջարկում ենք իրատեսական ծրագրեր,  այս անգամ էլ վերոնշյալին գումարած նաև վերջերս Երևան հրավիրված քաղաքապետերի, նախարարների, փորձագետների փորձի վերլուծության համադրությունը մեր ծրագրային  դրույթներին, որն արդեն  ներկայացրել ենք մայրաքաղաքի բնակիչներին: Մյուս քաղաքական ուժերից տարբերվում ենք նաև մեր՝ քաղաքապետի թեկնածուով. Նաիրա Զոհրաբյանը շատ ակտիվ կին քաղաքական գործիչ է, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է ամենակնճռոտ հիմնախնդիրների մասին, միշտ եղել է կիզակետում, այնտեղ, որտեղ նրա կարիքը զգացվել է: Միջազգային կազմակերպություններում մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, որտեղ նրա հայանպաստ ելույթները աշխարհի մակարդակով մշտապես մեծ արձագանքներ են ստացել ››,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

Հարցին, թե որքան կգնահատի Նաիրա Զոհրաբյանի քաղաքապետ դառնալու հավանականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդականություն վայելող վարչապետն այլ թեկնածուի է սատարում՝ պարոն Էնֆիաջյանն ասաց, որ ընտրությունը ժողովուրդն է կատարելու և նախկին արատավոր դրսևորումները, երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը սատարում է ինչ-որ թեկնածուի և բնակիչները պետք է պարտավորվածություն կամ կաշկանդվածություն ունենային իրենց գործողություններում՝ այսօր այլևս չկան:

Անդրադառնալով մամուլում վերջերս քննարկվող թեմային, որ ԲՀԿ-ի կարևոր դեմքերից համարվող անձինք, մասնավորապես հենց ինքը՝ Վահե Էնֆիաջյանը, ավագանու ցուցակներում վերջին հորիզոնականներն են զբաղեցնում վերջինս ասաց, որ այդ ցուցակում կարևոր կամ անկարևոր տեղեր չկան, բոլոր հորիզոնականներն էլ զբաղեցնում են մեր մայրաքաղաքի բնակիչները, մարդիկ, ովքեր սեփական բնակավայրերում իրենց կյանքի անցած ճանապարհով մեծ հարգանք են վայելում. ‹‹Մեզ համար առաջինի կամ վերջինի սկզբունքը չի գործում, ամենակարևորն  այն է, որ մեր իրատեսական ծրագրերը կարողանանք իրականություն դարձնել››:

Անդրադառնալով «Բարեկարգ, կանաչ, հարմարավետ» Երևան դարձնելու ծրագրերին Վ.Էնֆիաջյանն ասաց, որ այս ամենի համար մի քանի տարբերակներ կան. ‹‹Նախ կանաչապատ բազմաթիվ գոտիներ ունենք, որոնք պետք է վերականգնել և նորերը ստեղծել, պետք է խստացնել այն վարչական տույժերը, որոնք վերաբերվում են ապօրինի ծառահատումներին, ընդ որում՝ բացի դրանից յուրաքանչյուր չթույլատրված ծառահատման համար պետք է լինի դրա կոմպենսացման շատ խիստ մոտեցում՝ մեկին հարյուր սկզբունքով: Պատժի խստագույն միջոցներին անցում կատարելով կկարողանանք մեր մայրաքաղաք Երևանի համար սահմանված կարգով կանաչապատված գոտիներ ունենալ: Քաղաքի բարեկարգումը մի քանի գործառույթների հետ է կապված, օրինակ՝ ճարտարապետական տեսքը, որն, ըստ էության, թամանյանական ոճը չէ, թաթար-մոնղոլականից տատանվում է մինչև եվրոպական, պետք է կարողանանք այն մեր  հայկական ճարտարապետությամբ համադրել, էլ չեմ խոսում բազմաթիվ արատավոր երևույթների մասին, ինչպիսիք են օրինակ՝ շենքերի տանիքների մի հատված կառուցել-չկառուցելը, ճարտարապետական տեսքեր ունեցող շենքերի ամենատարբեր ձևերով կառուցապատումները, մատչելի քաղաքաշինական ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի մատչելին ոչ թե միայն վերնագրում գրված լինի, այլ իրական. պետք է մեր քաղաքացու գրպանին համահունչ ծրագրեր իրականացվեն:

Հարմարավետությունը նաև տրանսպորտի հետ է կապված, աղբահանության, վերելակների ….խնդիրները շատ են, որոնց առանձին-առանձին կարող ենք անդրադառնալ: Մենք պետք է այնպիսի վերելակային տնտեսություն ունենանք, որ քաղաքացին այլևս չզզվի այդ գարշահոտից, էլ չեմ ասում, որ մտածի կյանքն ապահովագրելու և հետո նոր դրանցից օգտվելու մասին:

Այս բոլորի վերաբերյալ ասելքի շատ կա, որը գործով ցույց կտանք, միայն ասեմ, որ պետք է հետևողական լինել, եղածները ճիշտ, նպատակային ծառայեցնել և վստահ եմ, որ հենց հանձինս Նաիրա Զոհրաբյանի՝ մենք հոգատար քաղաքապետ կունենանք, ով յուրաքանչուր քաղաքացու հոգսը իրենը կհամարի, յուրաքանչյուր լուման իր նպատակին կծառայեցնի»:

 

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանձինս Նաիրա Զոհրաբյանի՝ մենք հոգատար քաղաքապետ կունենանք. Վ.Էնֆիաջյան"

Leave a comment

Your email address will not be published.


*