Հայաստանն առաջընթաց է գրանցել ցմահ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի հարցում. ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) Հայաստանի վերաբերյալ այսօր հրապարակած նոր զեկույցում նշել է ցմահ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքում դրական զարգացումների մասին:
Զեկույցի հետ միասին հրապարակվել է Հայաստանի կառավարության պատասխանը: Զեկույցը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում:

Ինչպես նշվում է՝ չնայած կալանքի տակ գտնվելու պայմաններում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքների նվազող թիվը ենթադրում է, որ այս ոլորտում բարելավում է գրանցվել, տվյալները ցույց են տալիս, որ այս խնդիրն ամբողջությամբ չի վերացել: Այդ առումով կոմիտեն հայտնաբերել է մի շարք թերություններ կալանավորների վնասվածքները գրանցելու գործընթացում:
Կոմիտեն խորհուրդ է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը համալրվի նոր աշխատակիցներով, որպեսզի այլևս անհրաժեշտություն չլինի ապավինելու տեղի ոստիկաններին: Չնայած վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն արդյունավետ են գործում, սակայն չեն ընդգրկում այն իրավիճակները, երբ մարդկանց հրավիրում են ոստիկանություն «ոչ պաշտոնական խոսակցության» համար, սակայն մարդիկ ստիպված են լինում մնալ այնտեղ մի քանի ժամ կամ անգամ մի քանի օր՝ մինչ պաշտոնապես կասկածյալ ճանաչվելը:
Պետական մակարդակով այլևս չկան գերլցված բանտեր, բայց որոշ հաստատություններ, մասամբ՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, գերբեռնված է եղել: Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ջանքեր գործադրել բանտային համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Պատվիրակությունը դրական զարգացումներ է հայտնաբերել ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքում: Նրանք այլևս չեն եղել ձեռնաշղթաներով իրենց բանտախցերից դուրս գտնվելու ընթացքում, և նրանցից մի քանիսն առաջին անգամ փակից անցել են կիսափակ ռեժիմի:
Նուբարաշեն և Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկներում ԽԿԿ պատվիրակությունը նկատել է լուրջ գերբեռնվածություն և շատ վատ կենցաղային պայմաններ: Կոմիտեն լրջորեն մտահոգվել է բանտերում զբաղմունքի համար նախատեսված ծրագրերի գրեթե իսպառ բացակայությամբ: ԽԿԿ-ն գրանցել է նաև առողջապահական ծառայությունների մատուցման հարցում խախտումներ, դեղորայքի պակաս և բժշկական գաղտնիության սկզբունքի խախտում՝ վնասվածքների գրանցման ընթացակարգի ժամանակ ոստիկանության և բանտի անձնակազմի ներկայության ֆոնին:
Զեկույցը հիմնված է 2015 թվականի հոկտեմբերի 5-15-ը կոմիտեի պատվիրակության հայաստանյան այցի վրա:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանն առաջընթաց է գրանցել ցմահ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի հարցում. ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե"

Leave a comment

Your email address will not be published.


*