Յուրաքանչյուր երկիր հզոր է ու մրցունակ իր բանակի, կրթության և գիտության շնորհիվ: Կարևորելով գիտության տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ շարունակում ենք ներկայացնել գիտական ինստիտուտների առօրյան՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային իրավիճակում:
Խոսելով ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, հարկ է նշել, որ չնայած վերոնշյալ գործոններին ու դրանց հետևանքով առաջ եկած դժվարություններին, գիտական ակտիվ կյանքն այստեղ կանգ չի առել, աշխատում են նույն ուժով, եռանդով և համառությամբ:
ՖԿՊԻ-ն, որը հիմնադրվել է 1980 թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանի կողմից , ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ինստիտուտներից մեկն է, որը երկար տարիներ բազմաթիվ աշխատանքներ է կատարել հիմնարար հետազոտությունների այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան, ակուստիկան, ակուստաֆիզիկան, պլազմայի ֆիզիկան, նյութագիտությունը և գիտական սարքաշինությունը: Ներկայումս ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ՖՄԳ դոկտոր Արտակ Մկրտչյանը, ում օրոք լավագույնս շարունակվում են գիտական գործունեությունն ու ավանդույթները՝ համալրվելով նորերով և ամրապնդվելով համագործակցային կապերն ու համատեղ աշխատանքները:
Ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է մի շարք միջազգային գիտաժողովների կազմակերպմանը (“Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ”, “RREPS”, “Channeling”):
ՖԿՊԻ-ի կողմից կազմակերպվող գիտաժողովները, որոնց նպատակը հայկական գիտական ներուժի գիտատեխնիկական ձեռքբերումների, համագործակցությունների, համատեղ աշխատանքերի, նոր ուղղությունների և այլնի վերաբերյալ գիտական հանրությանը ներկայացնելն է, ներառում են «Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի» և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հիմնադրած ֆիզիկայի նոր բնագավառի՝ «Ակուստաֆիզիկայի» հետևյալ ուղղությունները՝
- Ղարիբյանի, օպտիկական անցումային, Չերենկովյան և պարամետրակական ռենտգենյան ճառագայթումները և նրանց բնութագրիչների տարածաժամանակային կառավարումը,
- էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնումը բյուրեղներում ակուստիկական դաշտերի առկայությամբ,
- դիֆրակցիոն ճառագայթումը, քվանտային ճառագայթումը և Սմիթ-Պարսելլի էֆֆեկտը արտաքին ազդակների առկայության պայմաններում,
- կոհերենտ արգելակային և կանալացված մասնիկների ճառագայթումը պարբերական միջավայրերում արտաքին գերցանցերի առկայության պայմաններում,
- ռենտգենյան ճառագայթների, պրոտոնների և նեյտրոնների դիֆրակցիան արտաքին ազդակների առկայության պայմաններում,
- մասնիկների փնջերի փոխազդեցությունը արհեստական կառուցվածքների (ակուստիկական գերցանցեր, մետանյութեր և այլն) հետ,
- պլազմայի աշխատանքային բնութագրիչների տարածաժամանակային կառավարումը ակուստիկական դաշտերի միջոցով,
- իոնների իմպլանտացիան ակուստիկական դաշտերի առկայության պայմաններում,
- լիցքավորված մասնիկների փնջերի և ճառագայթների հետազոտման նոր մեթոդների և սկզբունքների մշակումը, նոր գիտահենք սարքերի ստեղծումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ կողմից վերջին գիտաժողովն անցկացվել է 2019թ.-ի հոկտեմբերի 21-26–ը՝ Երևանում, որին մասնակցել են 5 երկրների մոտ 80 գիտաշխատողներ: Գիտաժողովի արդյունքներն ամփոփվել են թեզիսների և նյութերի ժողովածուների տեսքով:
Այս տարի ևս՝ հոկտեմբերի 18-24-ը նախատեսվում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովի անցկացումը, նաև՝ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպումը՝ ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ թեմատիկայով:
Նախատեսվելիք գիտաժողովի վերաբերյալ gmpress.am-ը գիտական հանրությանն ու գիտությամբ հետաքրքրված ընթերցողներին առավել մանրամասն տեղեկատվություն կներակայացնի սույն թեմայի վերաբերյալ հաջորդ հրապարակման ընթացքում:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան