Մեր արդյունքներին դեռևս հասնող չի եղել. Ա. Մկրտչյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի հոկտեմբերի 17-ին մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը արտացոլող գիտատեխնիկական նախանմուշները:

Մեր խոստմանը հավատարիմ՝ այն է՝ վերոնշյալի շրջանակներում ներկայացված աշխատանքներին առանձին-առանձին անդրադառնալը՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Արտակ Մկրտչյանի հետ զրույցը՝ ցուցահանդեսին ներկայացված նորարարությունների, գիտատեխնիակական նվաճումների մասին և ոչ միայն. ‹‹Առաջնահերթ ասեմ, որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, իրեն ամրագրված կանոնադրության համաձայն, երկար տարիներ բազմաթիվ աշխատանքներ է կատարել հիմնարար հետազոտությունների այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան, ակուստիկան, ակուստաֆիզիկան, նյութագիտությունը և գիտական սարքաշինությունը: Վերջին երկուսը ավելացել են վերջին տարիներին։ Ինստիտուտի հիմնական ուղղվածությունը ակուստաֆիզիկան է, որը հիմնադրվել է մեր ինստիտուտում ակադեմիկոս Ա․Ռ․Մկրտչյանի կողմից 1980-ական թթ.-երին, որն էլ շարունակում ենք զարգացնել:
Ինստիտուտում կատարված հիմնարար հետազոտությունների արդյունքում և աշխատակիցների աշխատասիրության ու խանդավառության (էնտուզիազմի) շնորհիվ մշակվել և ստեղծվել են գիտատար սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են պինդ մարմնի ֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, ակուստիկայում, սեյսմալոգիայում, ջերմաֆիզիկայում և այլ բնագավառներում: ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ հիմնականում ներկայացրել ենք ակուստիկական մոնոխրոմատորները՝ գամմա-ակուստիկ սպեկտրամետրերը՝ ԳԱՍ-2 և ԳԱՍ-3-ը: Դրանք նախագծված և ստեղծված են մեր ինստիտուտում՝ գիտական փորձեր իրականացնելու համար, բայց կարող են կիրառվել նաև բժշկության և ռադիոթերապիայի մեջ: Ներկայացրել ենք նաև ջերմային մոդուլյատորը, որը հիմնականում նախատեսված է կոշտ գամմա քվանտների փնջերի ժամանակատարածքային բնութագրերի կառավարման համար:
Ներկայացրել ենք սկզբունքորեն նոր ֆիզիկական երևույթների հիման վրա աշխատող նոր սերնդի գերարագագործ և տարրական մասնիկների (էլեկտրոն, պոզիտրոն, նեյտրոն) իոնացնող գրանցիչ-փոխակերպիչները (դետեկտորները), որոնց էներգետիկ լուծողականությունը մոտավորապես 98% է: Հաջորդը վերոնշյալ դետեկտորի կցորդ սարքն է, որը թույլ է տալիս ուժեղացնել գերթույլ ազդանշանը մինչև 1000 անգամ. սա ևս մշակվել և պատրաստվել է մեր ինստիտուտում:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաջորդ ուղղությունը պլազմայի ֆիզիկան է: Այս բնագավառում ստացված արդյունքներից մեկը, որ ներկայացված է եղել՝ նախատիպը չունեցող լամպերն են, որոնք իրենց լուսատվությամբ և ծախսվող հզորությամբ գերազանցում են մինչ այժմ գոյություն ունեցող լումինաֆորային լամպերին: Պետք է ասեմ, որ մեր արդյունքներին դեռևս հասնող չի եղել: Նաև կից ներկայացրել ենք ավելի, այսպես ասած, ‹‹տարօրինակ լամպ››, որը լումինաֆոր չի պարունակում, աշխատում է ֆիզիկայի բոլոր օրենքներին դեմ, բայց մեծ լուսատվություն է ապահովում:

 

 

 

 

 

 

Մյուսը նոր սերնդի գազապարպումային լազերներն են, որոնց մշակման և ստեղծման համար արժանացել ենք ՌԴ-ի Պրոխորովի անվան մրցանակի: Դրանք իրենց հզորությամբ գերազանցում են նմանատիպներին և կարող են կիրառություն ունենալ տարբեր ոլորտներում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հաջորդ բնագավառը նյութագիտությունն է։ Այս բնագավառում ստացված արդյունքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ օգտագործվում է ՀՀ տարածքում առկա հանքերի թափոնները և կավի տեսակները: Ներկայացրել ենք նոր սերնդի մետաղ չպարունակող ջերմատվիչներ, որոնց աշխատանքային ջերմությունը մինչև 800°C է և կարող են ունենալ ցանկացած տարածական տեսք: Կավերի և կավային կոմպոզիցիոն միջավայրերի հիման վրա մշակվել է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել տարբեր ծակոտկենության աստիճան ունեցող միջավայրեր, ինչը կարող է թույլ տալ նրանց օգտագործել որպես տանիքների կայուն ջրածածկեր, կաթիլային ոռոգման համակարգերում և այլն:
Ասեմ, որ այս ամենի կարևորությունը կայանում է նաև նրանում, որ ներկայացված են միայն հայկական հումքով արտադրանքները››,- եզրափակեց իր խոսքը ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ տնօրեն Ա. Մկրտչյանը:
Տեղեկացնենք նաև, որ ՖԿՊԻ-ն դարձել է Եվրոմիության ինովացիոն տեխնոլոգիաների՝ Climat lunch pօt project-ի (Եղանակի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող տեխնոլոգիաների կազմակերպության) անդամ: Եվրոմիությունը ինովացիաների խրախուսման մի քանի ծրագրեր ունի, որոնցից մեկը վերաբերում է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում և կլիմայի վրա դրական ազդեցություն ունեցող տեխնոլոգիաների ինովացիոն առաջարկների խրախուսմանը, որին ինստիտւտն իր նորարարական ծրագիրն է ներկայացրել. այն վերաբերվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման պարզագույն դետեկտորների, դոզիմետրերի մշակմանը և վերջինիս ներկայացուցիչը ստացել է Շոտլանդիայի Մեդինբուրգ քաղաքում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 4 տեղի ունեցող վերջնական մրցափուլին մասնակցելու իրավունք: Նշենք, որ այն անցկացվում է մոտավորապես Եվրոտեսիլի սկզբունքով, այսինքն՝ ամեն երկրում կազմակերպվում է ազգային մրցույթ, որի հաղթողները մասնակցում են Եվրոմիության վերջնական մրցույթին: Սրա կարևորությունը կայանում է նաև նրանում, որ հաղթողներին մեծ դրամաշնորհներից բացի հնարավորություն է տրվում նաև ակնկալել վենչուրային կապիտալի ներդրողներից ներդրումներ:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեր արդյունքներին դեռևս հասնող չի եղել. Ա. Մկրտչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*