Սննդի անվտանգությունը` հայ և իտալացի գիտնականների ուշադրության կենտրոնում

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին և Իտալիայի Տուշայի համալսարանի դասախոսապրոֆեսորական պատվիրակությանը: Տուշայի համալսարանի պրորֆեսորները ժամանել են Հայաստան` դասախոսություններ կարդալու ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ֆունկցիոնալ սննդամթերք, ճշգրիտ գյուղատնտեսություն, գեովիճակագրություն և այլ թեմաների վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Իտալիայի Հանրապետությունը Եվրոպայի այն երկրներից է, որի հետ մենք ունենք բազմակողմանի համագործակցության ծրագրեր ֆիզիկայի, բնական գիտությունների, հայագիտության ասպարեզներում: «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2010թ-ից: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կրթական ծրագրերը լինեն այնպիսին, որ կադրերի ստացած գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Այդ կապակցությամբ շատ ենք կարևորում Տուշայի համալսարանի պրոֆեսորների այցը և նրանց դասախոսությունները»:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: «Մենք ուրախ ենք, որ Տուշայի համալսարանն այդքան ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, սննդի անվտանգությանը, սննդի որակին վերաբերող հարցերում մենք մեծ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել: Այս ոլորտն, իսկապես, զարգացած է Իտալիայում: Հայաստանը միշտ հայտնի է եղել իր սնունդով, սննդի արտադրությամբ: Բայց քանի որ Հայաստանը փորձում է արտահանել իր սնունդը եվրասիական և եվրոպական շուկաներ, այս հարցը ավելի առաջնային կարևորություն է ստանում, և «Էրազմուս +» ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ունենք շարունակել մեր համագործակցությունը և փորձի փոխանակումը»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Էրազմուս+ KA107» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, հետագա անելիքները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սննդի անվտանգությունը` հայ և իտալացի գիտնականների ուշադրության կենտրոնում"

Leave a comment

Your email address will not be published.


*