Առողջապահություն

Գերիատրիան՝ որպես մեծահասակաների բժշկություն՝ նոր ձևաչափով և մոտեցումներով

1.2kviews

 

Առողջ հասարակության հիմքը, նախևառաջ, բժշկությունն է, որի առաքելությունը ոչ միայն հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն է, այլև նաև դրանց կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և կյանքի բավարար որակի ապահովումը։

Առողջ, գնահատված ու խնամված կյանքը պետք է հասանելի լինի տարիքային բոլոր խմբերին, հատկապես մեծահասակներին, որոնց հանդեպ խնամքը հաճախ չի իրականացվում ըստ պատշաճի և արժանավույն. չէ՞ որ երկրի բարեկեցության ցուցանիշներից է նաև խնամված ու արժանապատիվ կյանքով ապրող մեծահասակը:

Ծերաբուժության, դրա խնդիրների, հեռանկարների, Հայաստանում առաջին գերիատրիկ կլինիկայի ստեղծման, կառավարչական փորձի և թեմային վերաբերվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-թերապևտ, սրտաբան, գերիատրիայի ոլորտի փորձառու մասնագետ Լամարա Մանուկյանի հետ:

Տիկին Մանուկյան, որպես Ներքին հիվանդությունների ասոցիացիայի նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ նոր մարտահրավերներ է առաջադրում ժամանակակից բժշկությունը տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին:

21-րդ դարի բժշկության մարտավարության առանցքում գտնվում է կանխարգելիչ բժշկությունը, քանզի ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Ուստի, առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների գործառույթները վերանայվել են, և ներկայումս շեշտը դրվում է հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, բարդությունների կանխատեսման և կանխման վրա՝ բարձրացնելով կյանքի որակն ու կենսունակությունը: Այդ իսկ պատճառով ներդրվել և շարունակվում են ներդրվել խրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտանոթային, ուռուցքային, շնչառական, աղեստամոքսային, շաքարային դիաբետի, կնոջ և տղամարդու առողջության հետ կապված խնդիրների և այլնի վաղ ախտորոշման ու հայտնաբերման բազմաթիվ սկրինինգային ծրագրեր, որոնք միտված են վերը նշված հիվանդությունների ռիսկի գործոնների, հիվանդացության և մահացության ցուցանիշների  նվազմանը: Ինչպես նաև՝ մեծ ուշադրություն է դարձվում պատվաստման ծրագրերին թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար՝ կանխարգելելու սեզոնային շնչառական վարակների հիվանդացության բարձրացումը: Կարևոր դեր ունի նաև ամբուլատոր օղակի բժիշկների կողմից առողջ ապրելակերպի՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն և վնասակար սովորույթներից հրաժարվելու հանրային իրազեկման գործընթացը: Եվ այս համալիր գործողությունները կնպաստեն, որ ունենանք ավելի առողջ հասարակություն:

Տիկին Մանուկյան, կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ կարևորություն ունի ընտանեկան բժշկի դերը համակցված խրոնիկ հիվանդություններով հիվանդների բուժման գործում, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նրա մասնագիտական գրագիտությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար։

21-րդ դարում թերապիան, այսինքն՝ ներքին հիվանդությունների բժշկությունը, հանդես է գալիս նոր ձևաչափով, որպես ինտերնոլոգիա, իսկ թերապևտները՝ որպես ինտերնիստներ: Ինտերնոլոգիան դա մուլտիդիսցիպլինար թերապիան է, այսինքն՝ ուսումնասիրում է տարբեր ներքին հիվանդությունները և դրանց ուղեկցող համախտանիշներն ու համակցված ախտահարումները, իսկ օրգանիզմը դիտարկվում է որպես համալիր փոխկապակցված համակարգ։ Օրինակ, բուժառուն կարող է ունենալ միաժամանակ երեք ուղեկցող հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, օստեոարթրիտ (հոդերի դեգեներատիվ հիվանդություն) և ստամոքսի խոցային հիվանդություն, բայց կարող է ստացվել այնպես, որ մեկ հիվանդությունը պատճառ հանդիսանա այլ օրգան համակարգերի ախտահարմանը: Օրինակ, մենք հաճախ հանդիպում ենք շաքարային դիաբետով հիվանդների,  որոնց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են զարկերակային գերճնշում, երիկամային դիաբետիկ ախտահարում,  սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղային կաթված։ Այս բոլոր հիվանդությունները կարող են լինել շաքարային դիաբետի բարդությունները: Ուստի, ավելի գրագետ և արդյունավետ կլինի, որ մի քանի խրոնիկ, ոչ վարակիչ, համակցված հիվանդություններով հիվանդներին անկաշկանդ և արհեստավարժ կերպով վարի մեկ բժիշկ՝ ինտերնիստը՝ մշտադիտարկելով և կառավարելով այդ հիվանդությունների ռիսկերն ու բարդությունները։ Այդ պատասխանատվությունն անցնում է առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին՝ ընտանեկան բժշկին։  Այս համատեքստում չափազանց կարևոր է բարձրացնել ընտանեկան բժշկի հեղինակությունը, մասնագիտական գրագիտությունը և հմտությունները։ Ընտանեկան բժիշկը պետք է լինի այնպիսի որակյալ մասնագետ, որ կարողանա ամբողջությամբ ղեկավարել նման հիվանդների բուժման գործընթացը, անհրաժեշտության դեպքում, համագործակցելով նեղ մասնագետների՝ սրտաբանի, նյարդաբանի, ներզատաբանի և այլոց հետ, սակայն ընդհանուր բուժման կառավարումը և վերահսկումը պետք է մնա նրա հմտությունների շրջանակում։

Տարիքային ո՞ր խմբերն են կազմում համակցված խրոնիկ հիվանդություններով հիմնական հիվանդների շրջանակը, և ո՞ր չափանիշներն են կարևոր տարեցների առողջության գնահատման մեջ:

Պետք է ընդգծել, որ վերոնշյալ հիվանդների հիմնական խումբը կազմում են հենց տարեցները և ծերերը. մարդու տարիքը և կյանքի ընթացքում կուտակվող հիվանդությունները որոշիչ են բուժման և հսկողության մեջ։ Մարդը կյանքի ընթացքում, միջին հասակից սկսած, սկսում է կուտակել հիվանդություններ, որոնք առավելապես ի հայտ են գալիս տարեց հասակում՝ 60-65 տարեկանից սկսած: Իմ աշխատանքային գործունեության մոտ տասը տարուց հետո ես հասկացա, որ մեր հիմնական թիրախային խումբը հենց տարեցներն են և սիրահարվեցի ծերաբուժությանը՝ որպես առանձին մասնագիտության։ Որոշեցի անպայման շարունակել ուսումս այս ուղղությամբ: Այսօր ես ոչ միայն թերապևտ եմ, այլև ծերաբույժ։ Ստանալով համապատասխան մասնագիտացում՝ դարձա ծերաբուժության զարգացման ջատագովը Հայաստանում՝ նպատակ ունենալով խթանել այս կարևոր և արդիական ոլորտի կայացումը։

Նշեմ, որ Հայաստանը համարվում է ծերացող երկիր, իսկ 21-րդ դարում շատ երկրներում նկատվում է ժողովրդագրական ծերացման հստակ միտում։ Ներկայումս հայաստանում 60 տարեկանից բարձր տարիքի մարդիկ կազմում եմ 11-13 տոկոս՝ մոտ 400.000 մարդ, իսկ միջին ապրելիությունը՝ 75,3 տարեկան: Կանխատեսվում է, որ 2050 թվականին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը կհասնի 22-23 տոկոս, իսկ կյանքի միջին տևողությունը՝ 80 տարեկան։ Սա նշանակում է, որ մենք այսօր պետք է մտածենք ոչ միայն կյանքի տևողությունը երկարացնելու, այլև նրա որակը պահպանելու մասին։ Եթե մարդը ապրում է և հասնում է պատկառելի տարիքի, մեր պարտքն է ապահովել նրա արժանավայել ծերությունը՝ ակտիվ և առողջ երկարակեցությունը։

Իհարկե, 80 տարեկանում լիարժեք առողջ լինելը մի փոքր բարդ է պատկերացնել, սակայն ծերաբուժության մեջ «առողջություն» հասկացությունն ունի իր սահմանումները։ Այսինքն, գնահատվում է ոչ թե հիվանդությունների բացակայությունը կամ քանակը, այլ ֆունկցիոնալության պահպանումը։ Գերիատրիայի կարևոր և առանցքային ուղերձն է՝ պահպանել տարեցի ինքնավարման, ինքնասպասարկման հմտությունները և անկախությունը կողմնակի օգնությունից՝ ապահովելով նրանց կյանքի բավարար որակը: Այսինքն, տարեց մարդը կարող է ունենալ հինգ և ավելի խրոնիկ հիվանդություններ, բայց եթե դրանք գրագետ ախտորոշված, բուժված և վերահսկված են, ապա նա կլինի մտավոր և ֆիզիկապես պահպանված, կարող է ինքնուրուն ապրել, ինքնասպասարկվել, կենցաղավարել, առևտուր անել, աշխատել, ֆինանսները կառավարել, ունենալ նոր պլաններ, հետաքրքրություններ, ձգտումներ և մոտիվացիա։

Ի՞նչ արդի մոտեցումներ կան և ինչպե՞ս է այդ առումով կազմակերպվում տարեցների խնամքն ամբողջ աշխարհում:

2021 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ընդունել է «Առողջ ծերացման» հայեցակարգը (2021-2030թթ. ), որտեղ ներկայացված են հետևյալ դրույթները.

  1. Անձնակենտրոն, համապարփակ խնամքի տրամադրում՝ հաշվի առնելով մեծահասակների կարիքները և նախասիրությունները։
  2. Ծերացման նկատմամբ վերաբերմունքի և վարքագծի փոփոխություն։
  3. Համայնքային միջամտությունների տրամադրում՝ մեծահասակների անհատական կենսունակության և ներքին կարողությունները պահպանելու, ինչպես նաև՝ ֆիզիկական և մտավոր ֆունկցիոնալության բարելավման համար։
  4. Երկարաժամկետ խնամքի տրամադրում կարիքավոր մեծահասակներին։

2023 թվականին ԱՀԿ հաստատել է՝ ICOPE (Integrated Care for Older People) «Տարեցների համալիր խնամք»-ի նոր մոտեցման ուղեցույցը։ Այս համակարգում առաջնահերթ գնահատվում են հետևյալ ուղղությունները՝ կոգնիտիվ (իմացական) ֆունկցիաները, ֆիզիկական կարողությունները, սննդառությունը, սենսոր դեֆիցիտները (տեսողություն, լսողություն) և հոգեհուզական վիճակը (տագնապային և/կամ դեպրեսիվ ախտանիշներ)։

Այս հիմնական ցուցանիշները ձևավորում են տարեց մարդու ֆունկցիոնալ ակտիվությունը և կյանքի որակի բարելավման նախադրյալները։ Եթե դրանք վերահսկվում և պահպանվում են, ապա վերջինս կարող է ապրել լիարժեք, ակտիվ և որակյալ կյանքով՝ անկախ իր հիվանդություններից։

Մենք արդեն սկսել ենք գիտական հետազոտություն, որն իրականացնում ենք Հայաստանի ամբողջ տարածքով։ Այն նաև իմ ատենախոսության թեման է, որի նպատակն է՝ գնահատել մեր երկրի տարեց բնակչության ֆիզիկական և կոգնիտիվ ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով առկա հիվանդություններն ու դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա։ Հետազոտության շրջանակում մենք փորձում ենք գտնել նաև գործնական լուծումներ՝ անհատական կենսունակության և ներքին կարողությունների նվազման համար, երբ արդեն առկա են կամ կանխատեսվում են իմացական ու ֆիզիկական տկարության նշանները։

Ինչպե՞ս պետք է պահպանել ավագ սերնդի կոգնիտիվ և ֆիզիկական ֆունկցիոնալությունը:

Նշեմ, որ մեծահասակների մոտ իմացական խանգարումները սկսվում են կարճատև հիշողության կորստից, մինչ դեռ հին իրադարձությունները երկար են պահպանվում հիշողության մեջ: Երբ մենք՝ բժիշկներս, միջամտենք հիշողության կորստի վաղ փուլերում, կարող ենք օգնել տարեցին, լավագույն դեպքում, վերականգնել հիշողությունը, իսկ վատագույն դեպքում՝ երկարաձգել հիշողության նվազման առաջընթացն ու հետաձգել դեմենցիայի (ծերունական թուլամտության) զարգացումը՝  կարողանալով երկարացնել տարեց մարդու որակյալ կյանքի տևողությունը։ Իսկ դեմենցիայի զարգացման դեպքում բժշկական օգնությունը երկարաժամկետ խնամքի ապահովումն է, քանզի դեղորայքային բուժումը այս փուլում սակավօգուտ է:

Նույնը վերաբերում է նաև ֆիզիկական ֆունկցիոնալությանը: Շարժողական ակտիվության, վարժությունների, համակցված ոսկրամկանային համակարգի և այլ հիվանդությունների կառավարման միջոցով հնարավոր է պահպանել տարեցների ինքնուրույնությունը և կյանքի որակը։ Բուժական գործընթացում հիվանդի վիճակի վերականգնման համար ֆիզիկական և մտավոր վարժություններից բացի առանձնապես կարևոր է նաև սննդակարգի կարգավորումն ու հոգեբանական աջակցությունը:

Ֆիզիկական և մտավոր ֆունկցիաների պահպանման համար կարևոր գործոն է հանդիսանում նաև սննդառությունը: Ավագ սերնդի սննդակարգը պետք է լինի ռացիոնալ՝ ներառելով բավականաչափ սպիտակուցներ (կենդանական՝ տավարի և հավի միս, ձուկ և բուսական՝ լոբազգիներ), 30 տոկոս ճարպեր, բարդ ածխաջրեր (բանջարեղեններ, մրգեր)` նվազեցնելով պարզ ածխաջրերը (քաղցրավենիքները):  Տարեցը պետք է ընդունի սննդի հետ օրական 1,0-1,2 գ/կգ սպիտակուց, և հեղուկ պետք է խմի, ոչ պակաս, 1,5-1,8 լ-ը, որից մաքուր ջուր՝ 800 մլ:

Ինչու՞ է դեպրեսիան համարվում կարևոր գերիատրիկ համախտանիշ, և ինչպե՞ս է այն ազդում մտավոր ու ֆիզիկական առողջության վրա։

Գերիատրիկ (ծերաբուժական) համախտանիշների շարքում դեպրեսիան զբաղեցնում է առաջնային տեղը: Այն հաճախ զարգանում է ոչ միայն ֆիզիկական հիվանդությունների հետևանքով, այլև նաև տարեց մարդու սոցիալական մեկուսացման արդյունքում։

Տարիների ընթացքում կուտակված սթրեսները և հիվանդությունները, որոնք չեն ստացել բավարար լուծումներ, դարձնում են մարդուն ավելի զգայուն և խոցելի՝ պատճառ հանդիսանալով ինքնամփոփվելու և սեփական խնդիրների շուրջ մեկուսանալու: Երբ տարեցը մեկուսանում է, անկախ այն հանգամանքից, ապրում է միայնակ, թե ընտանեկան միջավայրում, ուշադրության կենտրոնում է, թե ոչ, սկսում է զգալ իր մենությունը կամ անպիտանի լինելը, և այստեղ ի հայտ են գալիս դեպրեսիվ ախտանիշները։ Իսկ դեպրեսիան, իր հերթին, ազդում է մարդու ամբողջ օրգանիզմի վրա՝ առաջացնելով կամ խորացնելով մի շարք խրոնիկ հիվանդություններ. սիրտանոթային, գլխուղեղային, հենաշարժողական և այլ խնդիրներ։ Հետևաբար, դեպրեսիվ ախտանիշների վաղ հայտնաբերումը և շտկումը կկանխարգելի բազմաթիվ սոմատիկ հիվանդությունների զարգացումը կամ առաջընթացը: Հոգեկան առողջությունը ֆիզիկական բարեկեցության և կյանքի որակի պահպանման հիմքն է, հատկապես տարեցների շրջանում։

Տիկին Մանուկյան, մենք տեղեկացված ենք, որ շուտով գերիատրիկ բժշկության կլինիկա եք հիմնելու։ Ի՞նչ մասնագիտական թիմ է աշխատելու, բժշկական և սոցիալական  ինչպիսի՞ ծառայություններով և մոտեցումներով է նախատեսվում լուծել տարեցների հիմնական առողջական խնդիրները:

Վերոնշյալ բոլոր հարցերն ու խնդիրները համակարգված կերպով լուծելու համար ես որոշեցի, որ անհրաժեշտ է ստեղծել առանձին գերիատրիկ բժշկության կլինիկա, որտեղ համախմբված կլինեն բոլոր այն մասնագետներն, ովքեր առնչվում են տարեց հիվանդների խնամքին և բուժմանը։ Ամբուլատոր կլինիկայի ուղղություններն են՝ ներքին հիվանդությունների բժշկությունը (ներքին բոլոր օրգան համակարգերի ախտահարումները), գերիատրիկ բժշկությունը (տարիքով պայմանավորված համախտանիշները և հիվանդությունները), կանխարգելիչ բժշկությունը (խրոնիկ հիվանդությունների առաջնային, երկրորդային և երրորդային կանխարգելումը՝ ռիսկի գործոններից մինչև բարդությունների նվազեցում), ինտեգրատիվ բժշկությունը (ավանդական և ոչ ավանդական կամ այլընտրանքային բժշկության համադրումը) և խոլիստիկ բժշկությունը (մարդու օրգանիզմի ամբողջական դիտարկումը՝ ներառելով ֆիզիկական, հոգեհուզական և սոցիալական վիճակը):

Մեր կլինիկան կունենա համալրված մասնագետների թիմ՝ ներառելով ծերաբուժական խնդիրներով զբաղվող թերապևտիկ մասնագետներ՝ թերապևտ, գերիատր, նյարդաբան, ներզատաբան, սրտաբան, թոքաբան, աղեստամոքսաբան, հոգեբույժ, հոգեբան կամ հոգեթերապևտ։ Բացի այդ, ներառված կլինեն նաև գինեկոլոգի, ուրոլոգի, քիթկոկորդականջաբանի և սուրդոլոգի, օֆթալմոլոգի ծառայությունները, քանի որ տարեցների մոտ շատ տարածված են միզասեռական (օրինակ՝ անմիզապահությունը, արգանդի, ձվարանների և շագանակագեղձի նորագոյացությունները), տեսողության (օրինակ՝ կատարակտա, գլաուկոմա) խնդիրները և լսողության խանգարումները (նվազումը, աղմուկը)։ Անմիզապահությունը համարվում է շատ կարևոր ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական խնդիր՝ սահմանափակելով մեծահասակի ակտիվ կյանքը՝ առաջացնելով բազմաթիվ բարդույթներ և անհարմարավետություն: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսողության կամ լսողության վատթարացումը հաճախ կարող է արագացնել կոգնիտիվ խանգարումների զարգացումը: Վերջին երեք խնդիրները (տեսողության, լսողության և կոգնիտիվ խանգարումները) պատճառ են հանդիսանում գերիատրիկ շատ վտանգավոր՝ ընկնելու համախտանիշի զարգացմանը, որի հետևանքով կոտրվածքների հավանականությունը շատ է բարձրանում, իսկ կոնքազդրային հոդի ազդրի գլխիկի կոտրվածքներ ստանալը ծերերի մոտ կազմում են դեպքերի մոտ 95 տոկոս: Տարեցների հոգեբանական վիճակը մեծ ազդեցություն ունի նրանց ընդհանուր առողջության վրա, այդ իսկ պատճառով էլ մեր կլինիկայում հոգեբանական աջակցությունն առանցքային դերակատարում է ունենալու, բացի այդ հոգեբուժական դեղերի միակողմանի կիրառումը հաճախ անարդյունավետ է կամ նույնիսկ վտանգավոր, ուստի առաջնային մոտեցումը պետք է լինի հոգեբանական աջակցությունն ու համապատասխան թրեյնինգները:

Տարեց հիվանդների հետ աշխատանքը նուրբ գործընթաց է, քանի որ նրանց զգալի մասը, ինչպես արդեն նշել էի, համակցված համախտանիշներով կամ ուղեկցող հիվանդություններով հիվանդներ են, ուստի մի քանի մասնագետների կողմից միաժամանակ նշանակված բազմաքանակ (10 և ավելի) դեղամիջոցները կարող է նվազեցնել բուժառուի ինչպես բուժման հակվածությունը, այնպես էլ  ֆիզիկական ու կոգնիտիվ ֆունկցիաները՝  պատճառ հանդիսանալով տկարության և ընկնելու համախտանիշին: Հետևաբար, դեղերի նշանակման առումով անհրաժեշտ է ոչ միայն պացիենտակենտրոն, այլ  նաև նպատակակենտրոն մոտեցումներ, որոնք իրականացվելու են մեր կլինիկայում։ Այսինքն, եթե հիվանդն ունի մի քանի հիվանդություններ, պետք է դրանք բուժել հաջորդաբար՝ առաջնահերթությունը տալով կյանքին վտանգ ներկայացնող և ֆունկցիոնալությունը նվազեցնող հիվանդություններին՝ հասնելով կոմպենսացված վիճակի և վերահսկել։ Այս մոտեցումը թույլ կտա խուսափել պոլիպրագմազիայից՝ այն իրավիճակից, երբ բազմաթիվ դեղամիջոցների օգտագործումը բերում է վտանգավոր կողմնակի ազդեցությունների և միջդեղորայքային հակազդեցությունների բարձրացմանը, նույնիսկ՝ կրիտիկական վիճակների զարգացմանը, որոնք էլ նվազեցնում են բուժման հակվածությունը և արդունավետությունը։

Մեր կլինիկայի նպատակն է լինելու ապահովել հիվանդների գրագետ վարումը՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան՝ ուղղված ֆունկցիոնալության պահպանմանը։ Այդ նպատակով կիրականացվեն նաև ֆիզիկական և հոգեբանական թրեյնինգներ, որոնք կօգնեն տարեցներին պահպանել ինքնուրույնությունն ու կյանքի որակը։

Բացի դրանից, մենք նախատեսում ենք զարգացնել նաև սոցիալական գերիատրիայի ուղղությունը՝ ներգրավելով սոցիալական ծառայությունները, որոնք կնպաստեն տարեցների ինտեգրմանը հասարակական կյանքում՝ որպես սոցիումի լիարժեք անդամ: Գնահատելով կարիքները և նախասիրությունները՝ մեծահասակներին կտրամադրվեն աջակցություն՝ կենցաղավարության, առօրյա գործերի, սոցիալական ակտիվության և ժամանցի կազմակեպման հարցերում։

Մեր կլինիկայում գործելու է “Home health service” տնային սպասարկման ծառայությունը, որը ներառելու է թե՛ բժշկական ծառայություններ՝ զննում, լաբորատոր և գործիքային ախտորոշում, բուժում, վերահսկում, թե՛ խնամքի ծառայություններ՝ հետվիրահատական և երկարաժամկետ խնամք՝ կարիք ունեցողներին խնամակալի տրամադրում իրենց բնակարաններում, ինչպես նաև՝  մաշկի, ոտնաթաթի, եղունգների մասնագիտական խնամք։ Այս մոտեցմամբ մենք կկարողանանք ապահովել տարեցներին և՛ սոցիալական, և՛ բժշկական ծառայություններ՝ ախտորոշիչ ու բուժական, երկարաժամկետ մշտադիտարկում, վերահսկում և խնամք՝ ամբողջական համալիր աջակցություն տնային պայմաններում։

Մի հանգամանք էլ ևս ուզում եմ շեշտել, որ մեզանում կան ամրացած կարծրատիպեր և հաճախ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող մեծահասակին դժվար են տանում խնամքի կենտրոն: Հարազատների համար ավելի հարմար է, երբ խնամակալը այցելում է տուն և մատուցում իր ծառայությունները մի քանի ժամով կամ շուրջօրյա։ Շատ կարևոր է, որ խնամակալը ունենա միջին մասնագիտական բժշկական կրթություն, որպեսզի կարողանա ապահովել բարձրակարգ, անվտանգ խնամք։ Գերիատրիկ բժշկության մեջ հատուկ ճյուղ կա՝ գերիատրիկ բուժքույրական օգնություն, և ես նպատակ ունեմ դրա շրջանակում մեր բուժքույրերին վերապատրաստել՝ սովորեցնելով տարեցին գրագետ և անվտանգ խնամել՝ ապահովելով նրա ֆիզիկական և կոգնիտիվ բարվոք վիճակը։

Նշեմ, որ մեր կլինիկայում անպայման կլինի ատամնաբուժական ծառայություն, քանի որ տարեցների բերանի խոռոչի վատ վիճակը կամ ատամների բացակայությունը հաճախ պատճառ են հանդիսանում, որ նրանք հրաժարվում են ուտելուց, հատկապես՝ դժվար ծամվող սնունդը, և, հետևաբար, իրենց օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սննդանյութեր, օրինակ ՝ սպիտակուցներ, որոնք կարևոր դեր ունեն մկանային զանգվածի նվազման և թուլության կանխարգելման համար։ Շատ կարևոր եմ համարում նաև մաշկի և կոսմետիկ խնամքը, կոսմետոլոգիայի ու կինեզիոլոգիայի ծառայությունները, քանի որ տարեցներն ուզում են արտաքնապես էլ գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ։ Այս ծառայությունները կարող են հնարավորինս երկար պահպանել տարեցների երիտասարդությունը և վերականգնել նրանց ինքնավստահությունը։

Ուզում եմ շեշտել, որ ծերաբուժությունը չի կարող սահմանափակվել միայն ավանդական բժշկությամբ։ Այդ պատճառով մեր կլինիկայում ներառվելու է նաև ինտեգրատիվ բժշկությունը, որի դեպքում կհամատեղենք ավանդական և այլընտրանքային մոտեցումները և  հնարավություն կստեղծվի խուսափել դեղորայքային չարաշահումներից՝ հաշվի առնելով օրգանիզմի բոլոր խնդիրները՝ դիտարկելով այն որպես մեկ ամբողջական համակարգ: Այս մոտեցումը ընկած է խոլիստիկ բժշկության հիմքում: Գերիատրիկ բժշկության հիմնական նպատակներից մեկն է՝ մեծահասակին դիտարկել ամբողջական մոտեցմամբ՝ ոչ միայն ֆիզիկական, այլև կոգնիտիվ, հոգեբանական և սոցիալական գործոնների համադրմամբ՝ ապահովելով նրան անկախ, ակտիվ և առողջ երկարակեցություն:

Տիկին Մանուկյան, կխնդրեմ նշել՝ ե՞րբ է նախատեսվում  կլինիկայի պաշտոնական բացումը:

Հուսավ եմ, որ մոտակա ժամանակներում, Աստծո առաջնորդությամբ, կլինիկան կբացվի և մենք կկարողանանք մեր արդյունավետ աշխատանքով բարելավել տարեցների կյանքի որակն ու բարեկեցությունը: Ես կանգնած եմ Հայաստանում գերիատրիայի զարգացման ակունքներում և իմ ներկայացրածը դեռ առաջին ծիծեռնակներն են նոր գիտության և նոր ոլորտի կայացման մեջ: Վստահ եմ, որ այս ոլորտում իմ հետ աշխատող թիմը ևս բացի մասնագիտական գիտելիքներից և հմտություններից, կունենա նաև սեր, հարգանք, համբերատարություն ու հանդուրժողականություն դեպի ավագ սերունդը, որպեսզի Աստծո կողմից նախատեսված տարիներին ավելացնենք կյանք, որակ, մոտիվացիա և երջանկություն:

Դուք ոչ միայն երկարամյա փորձ ունեցող բժիշկ եք, այլև «Բուժհաստատությունների կառավարում» բիզնես վարչարարության նորավարտ մագիստրոս։ Կարո՞ղ եք նշել՝ որքանո՞վ են Ձեր ստացած գիտելիքներն օգնել բիզնես մոդելի մշակման և արդյունավետ իրականացման գործընթացում:

Կլինիկա ստեղծելը կարևորագույն նպատակներիցս էր, և ինձ համար հասկանալի էր, որ միայն բժշկական գիտելիքներն ու մարդասիրությունը բավարար չեն դրա համար։ Պետք էին նաև կառավարման և բիզնես հմտություններ՝ կազմակերպելու համար կլինիկայի աշխատանքային գործընթացները, թիմի կառավարումը, ֆինանսական ծախսերը, որի համար էլ միացա Executive MBA — «Բուժհաստատությունների կառավարում և բիզնես վարչարարություն» մագիստրոսական ծրագրին:  Երբ մեր ղեկավարն ինձ հարցրեց, թե ինչ նպատակով եմ միացել այդ ծրագրին, պատասխանեցի, որ եկել եմ երազանքիս հետևից՝ ստեղծելու գերիատրիկ կլինիկա։ Ես ձգտում էի ստեղծել Հայաստանի առաջին գերիատրիկ կլինիկան՝ կենտրոն, որտեղ տարեց անձանց կտրամադրվեին բազմաճյուղ հետազոտություններ, բժշկական ծառայություններ, ինչպես նաև՝ սոցիալական, հոգեբանական աջակցություն և համալիր խնամք: Ուրախ եմ տեղեկացնել, որ Առողջապահության նախարարության մասնագիտությունների ցանկում Գերիատրիան ընդգրկվեց որպես լրացուցիչ մասնագիտություն, որը մեծ ձեռքբերում է մեր երկրի առողջապահության ոլորտում։

Մասնակցելով Executive MBA ծրագրին՝ մեկ տարվա ընթացքում ես սովորեցի, թե ինչպես ձևավորել կլինիկայի կառավարման համակարգը, մշակել ռազմավարությունը և բիզնես տեսլականը, լուծել մարկետինգային հարցեր, գնահատել  եկամուտները։ Այս գործընթացը նաև ցույց տվեց, որ մեր նպատակները չեն սահմանափակվելու միայն մայրաքաղաքով: Անհրաժեշտ է ստեղծել մասնաճյուղեր մարզերում, քանի որ հեռավոր շրջանների տարեցներին նույպես պետք է տրամադրվեն գերիատրիկ ծառայություններ. 20000 բնակչությանը սպասարկելու է մեկ գերիատր։

Այս փորձը ամրապնդեց իմ համոզմունքը, որ առողջապահությունը պետք է համատեղի բժշկական գիտելիքը, մարդասիրությունը և արդյունավետ կառավարչական հմտությունները, որպեսզի հնարավոր լինի ստեղծել համալիր ու մատչելի ծառայություններ բուժառուների համար։

Տիկին Մանուկյան, ի՞նչ կասեք խնամքի կենտրոնների մասին:

Մի շատ կարևոր խնդիր է շուրջօրյա խնամքի կենտրոնները։ Պետք է ստեղծել այնպիսի ընտանեկան միջավայր, որտեղ տարեցները հաճույքով կապրեն և իրենց լքված չեն զգա։ Շատ արդյունավետ կլինի որդեգրել Կանադայի փորձը՝ շուրջօրյա խնամքի կենտրոնները միավորել մանկատների հետ, որի շնորհիվ տատիկները ձեռք կբերեն թոռնիկներ, իսկ թոռնիկները՝ տատիկներ, կամ անտուն կենդանիների որդեգրումը խնամքի տան կողմից: Երկու դեպքում էլ մեծահասակները փոխադարձ սեր և հոգատարություն կցուցաբերեն թե՛ երեխաների, թե՛ կենդանիների հանդեպ, և նրանց կյանքը կլցվի նոր իմաստով ու ապրելու շարունակական ցանկությամբ. սերը և հոգատարությունը ավելացնում են դրական հույզերն ու կանխում վաղաժամ ծերացումը:

Մեծ խնդիր է նաև միայնակ ծերերի հարցը, քանի որ թոշակով գոյատևելն ինքնուրույն շատ դժվար է։ Նման մարդկանց աջակցությունը պետք է իրականացվի նաև պետական մակարդակով՝ ներդնելով համապարփակ ապահովագրություն, որին մեծ ուրախությամբ սպասում ենք  հաջորդ տարի:

Շատ կարևոր է նաև ստեղծել ավագ սերնդի խնամքի և ժամանցի ցերեկային կենտրոններ (ծերապարտեզներ),  որտեղ հաճելին կզուգակցվի օգտակարի հետ, որտեղ տարեցները կարող են նկարել, քանդակել, ասեղնագործել, կարել, կարդալ, երգել, պարել և ասմունքել: Այս ամենը, բացի առօրյա զբաղվածությունը ապահովելուց, բարենպաստ բուժական ազդեցություն կունենա նրանց թե՛ կոգնիտիվ (հիշողության), թե՛ ֆիզիկական ֆունկցիոնալության վրա: Հայաստանն արդեն ունի շատ հաջողված փորձ՝ տարեցների ցերեկային կենտրոններ, որոնք ապահովում են տարեցներին և՜ հետաքրքիր ժամանց, և՜ զբաղվածություն և՜ շփում հասակակիցների հետ:

Տիկին Մանուկյան, որպես ամփոփում՝ ի՞նչ խոսք կամ գուցե ցանկություն, կոչ կուղղեիք հասարակությանը:

Ծերությունն անխուսափելի է բոլորիս համար, և ես ուզում եմ, որ հենց հիմա ընդունենք ծերանալու նոր, դրական ձևաչափը, այն, որ կյանքը ցանկացած տարիքում ունի իր հետաքրքրությունները և վայելքները, որ պետք է սիրենք և գնահատենք կյանքը:  Ես ցանկանում եմ, որ Հայաստանում մեծահասակներն իրենց կյանքի աշունն ապրեն առողջ և ակտիվ, բարեկեցիկ և մոտիվացված, հագեցած և արժանավայել, որպեսզի մարդիկ պատկառելի տարիքում լինեն գնահատված, խնամված, սիրված՝ շրջապատված պետության ու ընտանիքի հոգածությամբ։ Ավագ սերունդը արժանի է միայն հարգանքի, գնահատման և խոնարհման։

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response