Գերմանիան վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների բոլոր դիմումները

Գերմանիայի կառավարությունը վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների նախագծերի վերաբերյալ բոլոր դիմումները: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը՝ երկրների միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին, հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք ստուգում ենք բոլոր դիմումները»,- ասել է նախարարության խոսնակը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ գերմանական Bild թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ Բեռլինը պատրաստվում է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումների ծրագրերը:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ հնարավորություն չի տեսնում Եվրոպական Միության հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելու համար: Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև վարկային և ներդրումային ծրագրերը: Նա նաև նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների դեպքում գերմանացիների համար  առկա վտանգների մասին:

Երեքշաբթի Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորման մասին, որոնց թվում եղել է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները: Գերմանիայի ԱԳՆ-ն Անկարայից պահանջել է նրան անմիջապես ազատ արձակել՝ Շտոյդների դեմ մեղադրանքները աբսուրդային անվանելով և նրա կալանավորման առնչությամբ կանչելով Թուրքիայի դեսպանին:

Ավելի վաղ Թուրքիայում ահաբեկչության աջակցության մեջ մեղադրանքով ձերբակալվել է գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գերմանիան վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների բոլոր դիմումները"

Leave a comment

Your email address will not be published.


*