ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով և բաց է բոլոր այն քաղաքական ուժերի առաջ, որոնք կիսում են ՀԱԿ-ի քաղաքական ծրագիրը:

«Մենք մասնակցում ենք Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, մեր հնամենի և հավատարիմ ՀԺԿ-ի հետ մենք կգնանք միասնական պայքարի»,-ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, Արամ Մանուկյանը շեշտեց, որ այդ հարցն իրեն այդքան էլ չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Ըստ նրա՝ իրենց ծրագիրը շատ հստակ է, դա խաղաղության ծրագիրն է։ «Եթե մարդիկ կլինեն, ովքեր կցանկանան միանալ, իհարկե, թող միանան։ Մենք էլ սոցիալական, տնտեսական, հարկային և այլ բնագավառներին վերաբերող ծրագիր ունենք, բայց մեր դաշինքի մեխը խաղաղության ծրագիրն է։ Սրանով առայժմ մեր ծրագիրը առանձնանում է», — նշեց նա։
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կանգնած է հասարակական կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր ռեֆորմների հետևում, չնայած որ խոստովանեց, մեծամասնություն կազմելու հավակնություններ չկան. «Մենք երբեք 90 տոկոս ձայներով խորհրդարան չենք մտել, մենք առաջին անգամ 40 տոկոս ձայներով ենք մտել խորհրդարան։ Որովհետև լինել ռեֆորմների հեղինակ, ասել ճշմարտությունը և հավակնել 90 տոկոսի, այդպես չի լինի։ Վիրաբույժը միշտ սիրելի չէ հիվանդների մոտ»։

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ հասարակությունը շատ լավ տեսնում է, թե ինչ է այսօր կատարվում և հասկանում է, թե ինչի կարիք ունի, ուստի ՀԱԿ-ի ծրագիրը կարժանանա հավանության շատերի կողմից։

Հարցին, թե ՀԱԿ-ը ռեյտինգային ցուցակով առաջադրումների խնդիր չունի՞ արդյոք, հաշվի առնելով ռեսուսրների պակասը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ: Ես Արաբկիրում եմ առաջադրվելու։

Նա չհերքեց, որ հնարավոր է մրցապայքարը հենց այդտեղ թեժ լինի. «Իհարկե, գիտեմ, և արդեն ունենք տեղեկություններ, որ փող են բաժանում, սոցիալական հարցեր են լուծում: Մի մեսիջ կարող եմ ուղղել ժողովրդին՝ նայեք՝ ով չի փող տալիս, ով խոստում չի տալիս, և ով է ասում դառը ճշմարտությունը: Եթե քաղաքացիները մի քիչ քաղաքականապես մոտենան խնդրին, կզգան, թե ում պիտի ձայն տան: Դա բացատրելու բան էլ չի, պա՞րզ չի, որ քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, մարմինդ է ուզում»:

Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ իրենց դաշինքի հետ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է համագործակցում, նա պատասխանեց. «Մանրամասների մեջ ես չեմ խորանա, որովհետև ես չեմ ցանկանում երկրորդել մեր այն մեծ մեսիջը, որով մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ: Դուք էլ փորձեք տրամադրվել այդպես»:

Ըստ նրա՝ անկարևոր է, թե ում հետ կգնան, ում հետ չեն գնա:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*