Տեղի ունեցավ «Համազասպ Սրվանձտյանց» աշխատության շնորհանդեսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում սույն թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի հեղինակած «Համազասպ» աշխատության շնորհանդեսը:

Միջոցառման բացումն ազդարարվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,  Պ.Գ.Դ, պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ելույթով:

Ելույթով հանդես եկան նաև ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը, ՀՀ ԳԱ Ակադեմիայի թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, Երեւանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Վեմ համահայկական հանդեսի խմբագիր Գեւորգ Խուդինյանը, Պատմության ինստիտուտի աշխատակից Գայանե Մախմուրյանը, եւ Համազասպի ծոռնուհի Նինա Ցագարելին: Միջոցառումն առանձնահատուկ խորհուրդ հաղորդեցին Սահակ Սահակյանի կատարմամբ հնչած ազգային-հեղափոխական երգերը:

Աշխատությունը նվիրված է հայ ազգային ազատագրական շարժման նվիրյալներից մեկին՝ Համազասպ Սրվանձտյանին՝ ամբողջացնելով  նրա գործունեությունը՝ հայ-թաթարական ընդհարումների շրջանից  սկսած մինչև 1921թ-ը. ‹‹Խոսքը մասնավորապես վերաբերվում է 1920-21թ-ի իրադարձություններին, երբ 1920թ.-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրից հետո իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնվեց բոլշևիկներին, սակայն իրենք իսկ չհարգեցին իրենց կողմից կնքված  համաձայնագիրը և կառավարության անդամներին, դաշնակցական անվանի բոլոր գործիչներին, այդ թվում՝ նաև Համազասպին ձերբակալեցին, այնուհետև փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը տմարդորեն կացնահարեցին ու գնդակահարեցին: Առաջին հերթին մենք պետք է դաս քաղենք, որպեսզի նման եղբայրասպան կռիվներն  այլևս չլինեն, որովհետև պատմությունը միշտ օբյեկտիվություն է սիրում, արդար գնահատական է սիրում իր նկատմամբ:  Նման գրքերի հրատարակմամբ  նպատակ ունենք մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու: Պետք է մի կարևոր հանգամանք ևս նշեմ, որ այս աշխատությունը վերարժևորում է նաև մեր հայոց պատմությունն ու այն այն մութ էջերը, որ ժամանակի ընթացքում փակված են եղել և  ոչ հասու շարքային ընթերցողին››,- մեզ հետ զրույցում ասաց գրքի հեղինակ Գ.Ստեփանյանը:

Հատկանշական է, որ Սրվաձտյանցի մասին սա առաջին ամբողջական հրատարակությունն է:  Աշխատությունը գրելիս հեղինակն օգտվել է զուտ արխիվային աղբյուրներից:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր խոսքում նշեց, որ մենք ազատագրական շարժման ներկայացուցիչների մի ամբողջ ոսկեբույլ ունենք, որոնցից յուրաքանչյուրի կենսագրությանը ծանոթանալիս ապշահար ես լինում, թե կա արդյոք ազգային ազատագրական շարժման մի դրվագ, որին նրանք չեն մասնակցել, ասենք՝ Արշակ Գաֆաֆյանը, Քեռին, Համազասպ  Սրվանձտյանցը, Գևորգ Չաուշը, Անդրանիկը. ‹‹90-ական թթ-երից սկսած մինչև 1920-21 թթ-երն այս մարդիկ միշտ իրենց բարձրության վրա են եղել և զուգահեռներ անցկացնելով ասեմ ձեզ հետևյալը, որ Արցախում կռված զինվորականը այսօր հայտնվում է Սիրիայում, Հալեպի փողոցներն է պաշտպանում և հետո նորից  ապրիլյան պատերազմի ժամանակ որպես կամավոր նետվում է մարտի մեջ՝ դու հասկանում ես , որ պատմությունը մշտապես կրկնվում է և սա մատնանշում է մեր ժողովրդի շարունակականության խորհուրդը››,- ասաց նա:

Նշենք նաև, որ գրքի հեղինակ Գևորգ Ստեփանյանն իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց գրքի հովանավորությունը ստանձնած Իրանի հարավային շրջանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեին:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տեղի ունեցավ «Համազասպ Սրվանձտյանց» աշխատության շնորհանդեսը"

Leave a comment

Your email address will not be published.


*