ՀԲԸՄ-Ն մոբիլիզացնում է գլոբալ ջանքեր՝ կանխելու համավարակի հետևանքով առաջացած պարենային անապահովությունը

Շարունակելով մարդասիրական օգնությանն ուղղված իր երկարամյա գործունեությունը բոլոր այն վայրերում, որտեղ հայերը վտանգված են, ՀԲԸՄ-ն ՔՈՎԻԴ-19-ի համավարակին արձագանքել է աշխարհի տարբեր ծագերում ապրող ամենախոցելի, այդ թվում՝ ճգնաժամի հետևանքով ֆինանսական դժվարությունների առջև կանգնած հայերի շրջանում ահագնացող պարենային անապահովությունը դադարեցնելուն ուղղված ծավալուն ջանքերով:

Ռազմական գործողությունների տարածքում և դրա սահմաններից դուրս պատերազմից հյուծված սիրիահայ փախստականներին ցուցաբերած նյութական օգնությունը նկատի առնելով՝ կազմակերպությունը գիտակցում է, թե որքան բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է այն մարդկանց բեռը թեթևացնելը, որոնք մաքառում են հոգեմաշ անորոշությանը հարմարվելու համար, և որոնց կյանքը տակնուվրա է եղել այս օրերին:

«Վարակը կտրուկ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի և գոյության միջոցների վրա, և այդ պատճառով ՀԲԸՄ-ն ստանձնել է ամենատարբեր միջոցներով օգնելու հանձնառություն՝ հոգալով մեր հայրենակիցների ինչպես ֆիզիկական և նյութական, այնպես էլ հուզական կարիքները: Սակայն, անշուշտ, ամենից ավելի կարևոր է մարդկանց սեղանին սնունդ հասցնելը», — պարզաբանեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Հասցնելով սնունդ և մտքի հանդարտություն

Մերձավոր Արևելքից, Հայաստանից և Ավստրալիայից մինչև Հյուսիսային և Հարավային Ամերիկա՝ ՀԲԸՄ-ն ծավալում է ինչպես ռազմավարական մակարդակի գործունեություն, այնպես էլ աշխատում է իր մասնաճյուղերի միջոցով ապահովել, որ անհատներն ու ընտանիքները ստանան սննդարար մթերք և կենսական անհրաժեշտության այլ պարագաներ, որպեսզի ուժեղ լինեն և դիմակայեն այս դժվարին ժամանակներում:

ՀԲԸՄ-ի պարենի փաթեթների բաշխման ծրագիրը սկսվել է Լիբանանում՝ տարեսկզբին վերջինիս տնտեսության քայքայման պատճառով: Այն պահից, երբ հայերը սկսեցին կանխիկ գումարի հասանելիության, գործազրկության կամ բիզնեսի խափանումների առերեսվել, ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակը գործի անցավ՝ ձեռնարկելով սննդի ահագնացող անբավարարությանը արդյունավետ և արդարացի արձագանքելու գործընթաց: ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակի նախագահ Ջերարդ Թուֆենկջյանը պատմում է. «Մենք նախ սկսեցինք վեր հանել մարդկանց առաջնահերթություններն ու կարիքները, ինչպես նաև պարզել լոգիստիկ հարցերը առ այն, թե որ փաթեթն ինչ պարունակություն պետք է ունենա՝ սննդարար մթերքից մինչև մաքրող նյութեր ու հիգիենիկ պարագաներ: Մեր շահառուներից շատերը, որոնց մտքով երբևէ չէր անցել, թե նման օժանդակության կարիք կունենան, երախտապարտ էին հավելյալ օգնության համար»:

Մասնաճյուղերի կազմակերպված գործողությունները

Ողջ աշխարհում կորոնավիրուսի բռնկման ու մեկուսացման պահից սկսած ՀԲԸՄ մասնաճյուղերը օրինակ վերցրին Լիբանանի փորձից՝ կատարելով որոշակի փոփոխություններ, մասնավորապես, առ այն, թե հասարակության որ խավին պետք է առաջնահերթություն տրվի: Օրինակ՝ ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակը ամենից առաջ ձեռք մեկնեց տարեցներին և սիրիահայ փախստականներին՝ սկսելով զատկային 200 արկղերի առաքումից, որն այսօր արդեն հասել է 500 արկղի յուրաքանչյուր առաքման ժամանակ: Տորոնտոյի գրասենյակը վերջերս հայտարարել է նման մի ծրագրի մասին՝ պարտավորվելով որպես սկիզբ տրամադրել 500 արկղ, և օժանդակում է ժողովրդագրական նույն խմբի մարդկանց՝ առավելագույն արդյունավետություն և ծածկույթ ապահովելու նպատակով համագործակցելով փաթեթավորող և առաքող մի ընկերության հետ:

Այդ ընթացքում Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Լոս Անջելեսը հոգում է» (LA Cares) ծրագիրը ընդլայնվել է՝ օգնության ձեռք մեկնելով տվյալ համայնքի ցանկացած կարիքավորի: Գործունեության առաջին օրը հաշված ժամերի ընթացքում բաշխվեց 100 արկղ, իսկ խնդրանքների թիվը շարունակում էր աճել: Տեղի թիմը պարտավորվել է սկսել առնվազն 1000 փաթեթից: ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ծրագրի նախաձեռնող Երվանդ Դեմիրճյանը նշում է. «Այս արտառոց օրերին մենք առավել քան երբևէ հոգ ենք տանում մեր մեծ ընտանիքի մասին: Որպես հայեր և լոսանջելեսցիներ, մենք այժմ ավելի կուռ ենք որպես համայնք»:

Սիրիայում ՀԲԸՄ-ի Լաթաքիա և Քամիշլի մասնաճյուղերի դեպքում մեծ պահանջարկ ունեին ախտահանիչ պարագաները, և կամավորները ապահովեցին դրանց մեծաքանակ առաքումը: Վերջերս ՀԲԸՄ Սիրիայի Շրջանակային հանձնաժողովը հանդես է եկել երկրի հիմնական քաղաքներում դժվարին կացության մեջ հայտնված հայերի աջակցության նախաձեռնությամբ. այն է հոգալ սննդի և դեղորայքի հետ կապված նրանց կարիքները մինչև 2020թ. ավարտը: Այդ ընթացքում Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ՀԲԸՄ-ն համայնքի կարիքավոր անդամներին և առավել խոցելի խմբերին հրավիրել է գրանցվելու սնունդ ստանալու համար: Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում ՀԲԸՄ-ն միացել է սննդի բաշխման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ջանքերին՝ այդ ամենին հավելելով իր առանձնահատուկ բաղադրիչը՝ տեղացի կամավորների պատրաստած տնական ուտեստների տեսքով:

«Մենք անչափ հպարտ ենք, որ մեր համայնքները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հայրենակիցներն ու հարևանները սննդի պակաս չզգան: Որոշ դեպքերում օգնության այս փաթեթները օրհասական կարևորություն ունեն ընտանիքների համար», — նկատեց Անիտա Անսերյանը, ով ՀԲԸՄ գլխամասային գրասենյակի տնօրենի իր պաշտոնի բերումով սերտ կապի մեջ է ՀԲԸՄ աշխարհասփյուռ մասնաճյուղերի հետ:

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունները

Փաստ է, որ ՀՀ ղեկավարությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը բազմաթիվ կենսական կարևորության աջակցության միջոցառումներ են ձեռնարկել հասարակության բոլոր խավերի համար: Այս ամենին զուգահեռ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը ներկայացնում է կազմակերպության սեփական նախաձեռնությամբ իրականացվող գործողությունները:

«Սննդի փաթեթների բաշխման մեր ծրագիրը առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարեցներին և աղքատության շեմին կանգնած ընտանիքներին, քանի որ ՔՈՎԻԴ-19-ը առողջապահական տեսակետից ամենաշատը նրանց է վտանգում»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը առաջին ամսվա ընթացքում սննդամթերքով լի արկղեր է տրամադրել 900 տարեց քաղաքացու, որոնք Երևանում, Էջմիածնում և Վանաձորում եկեղեցու հովանու տակ գործող բարեգործական ճաշարանների այցելուներն են: Արկղերի պարունակությունը նախատեսված է մեկ ամսվա համար, և ներառում է առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ: Այս միջոցառումը նախատեսվում է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չեն մեղմվել համավարակի բացասական հետևանքները:

Տարեցներից մեկը 84-ամյա Ազատուհի Հովհաննիսյանն է՝ այրի թոշակառու, ով 2010 թվականից կանոնավոր այցելում է տեղում գործող տաք սննդի ճաշարան: Վարակի բռնկման հետևանքով այդ կանոնավորությունը խաթարվեց, և Հովհաննիսյանը հայտնվեց հուսահատ վիճակում: «ՀԲԸՄ-ի տրամադրած այս սննդի արկղերի շնորհիվ ես կարող եմ չանհանգստանալ սեղանիս սննդարար մթերք ունենալու խնդրի մասին: Ես գիտեմ, որ խոհանոցը դեռ գործում է, և եթե նույնիսկ հարկ լինի, նրանք կուղարկեն իմ տաք ապուրը», — նշեց նա:

Մեկ այլ խոցելի խումբ են ոչ այլ ոք, քան Հայաստանի բուժաշխատողները, ովքեր, ինչպես և տարբեր մայրցամաքներում աշխատող իրենց գործընկերները, վտանգում են սեփական կյանքը կորոնավիրուսով հիվանդներին փրկելու համար: Նրանց անվտանգությունն ապահովելու համար ՀԲԸՄ-ն 50,000 ԱՄՆ դոլար է հավելել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարին՝ արտերկրից այնքան անհրաժեշտ անձնական պաշտպանիչ միջոցների և կենսական կարևորության այլ բժշկական պարագաների ձեռք բերման համար: «Մենք կապվել ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք մեր ծավալուն ցանցի միջոցով աջակցել ՀՀ կառավարությանը՝ հուսալի մատակարարներ գտնելու և այդ պարագաների առաքումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու գործում», — հավելեց  Վազգեն Յակուբյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀԲԸՄ-Ն մոբիլիզացնում է գլոբալ ջանքեր՝ կանխելու համավարակի հետևանքով առաջացած պարենային անապահովությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*