Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխային փրկել են դեղորայքային բուժմամբ

Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` երեխային բուժող բժիշկն ասել է, որ միջազգային գրականության մեջ սա ամենաերիտասարդ դեպքն է, երբ գանգի հիմի հսկաբջջային ուռուցքով երեխան ստացել է դեղորայքային բուժում: Աղջնակն անցած տարի ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա` ծայրահեղ ծանր վիճակում, երբ վիրահատական և ճառագայթային բուժումներն անարդյունավետ են եղել:

«Սա յուրահատուկ կլինիկական դեպք էր: Երեխայի մոտ ուռուցքն այնպիսի տեղում էր, որ հնարավոր չէր ամբողջությամբ հեռացնել այն վիրահատության միջոցով»,-ասել է նա:

Բժշկի խոսքով` Մոսկվայում կատարվել էր մասնակի ռեզեկցիա: Այնուհետև ուռուցքը սկսել էր աճել:

«Երբ երեխան ընդունվեց մեր կլինիկա, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ոչ կարողանում էր սնվել, ոչ նորմալ խոսել և ոչ էլ քայլել, առկա էր շլություն: Վերջերս միջազգային գրականության մեջ նկարագրվել էին դեպքեր, հիմնականում մեծահասակների շրջանում, որ դենոսումաբ պրեպարատը խոստումնալից արդյունքներ էր տվել: Եվ մենք, ծնողների համաձայնությունը ստանալուց հետո, որոշեցինք սկսել բուժումը, քանզի հակառակ դեպքում կկորցնեինք երեխային: Դա բավականին ռիսկային էր մեզ համար ևս, որովհետև դեղաչափերը բավականին բարձր էին, և չգիտեինք, թե ինչ արդյունք կստա այինք, սակայն այլ ելք չկար»,-հավելել է նա:

Հենց առաջին ներարկումից հետո 14-ամյա աղջնակի վիճակը սկսել է բարելավվել, և մի քանի կուրս հետո նա արդեն դուրս գրվեց հիվանդանոցից: Այսօր երեխան վերադարձել է նորմալ կյանք, շլությունը վերացել է և սկսել է նորից դպրոց գնալ:

Իտալիայի Մանկաբուժության ամսագիրն անդրադարձել էր հայաստանցի բժիշկների աշխատանքին:

Armenpress

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխային փրկել են դեղորայքային բուժմամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*